Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմի արհավիրքն իրենց ուսերին ամենաշատը կրեցին և նաև հետևանքները շարունակելու են կրել երիտասարդները». Երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը քննարկվել է Զարգացման գործընկերների հետ

Մայիս 25,2021 16:18

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության  և ԵՄ հայաստանյան պատվիրակության կողմից:

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել այդ կարևոր փաստաթղթի՝ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի քննարկմանը ներկա գտնվելու համար՝ տեղեկացնելով, որ այն e-draft հարթակում ներկայացված է հանրային քննարկման, և մինչև հունիսի 3-ը յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի նախագծի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով, որոնք անհրաժեշտ են նախագիծն ու նախանշված մոտեցումներն ավելի լավը, ավելի իրատեսական ու իրագործելի դարձնելու համար։

«Պատերազմի արհավիրքն իրենց ուսերին ամենաշատը կրեցին և նաև հետևանքները շարունակելու են կրել երիտասարդները։ Եվ մեր պարտավորությունն է երիտասարդների համար ստեղծել ոտքի կանգնելու և զարգանալու, տեղական ու ազգային մակարդակներում զարգացման նոր բարձունքներ նվաճելու, որպես երջանիկ անհատ և որպես հասարակության պատասխանատու անդամ կայանալու հնարավորություններ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն ԵՄ դեսպանի անունից ողջունել է ներկաներին և մաղթել արդյունավետ քննարկում: Նշելով, որ նոր քննարկումը համատեղ աշխատանքի շարունակությունն է, նա փաստել է՝ պատրաստ են Հայաստանում շարունակել աջակցությունը երիտասարդական քաղաքականության ռազմավարության դաշտում։

«Այս ոլորտում արդեն իրականացնում ենք մի շարք ծրագրեր և պատրաստ ենք կիսվել մեր լավագույն փորձով։ Մենք ևս կարևորում ենք լայնատարած քննարկումները»- ասել է Գ. Սեռանոն՝ առաջարկելով քննարկել նաև տարբեր ռազմավարությունների՝ կրթական, տարածքային զարգացման, առողջապահական և այլն, միջև կապի ամրապնդումը։

Ռազմավարությունը մշակվել է աննախադեպ մասնակցայնությամբ։ Փաստաթղթի նախագծման աշխատանքային խումբը ձևավորվել է նախարարի հրամանով, աշխատանքները կազմակերպվել են ինչպես առցանց հարթակում, այնպես էլ Երևանում, Աղվերանում և Ծաղկաձորում կազմակերպված նիստերի միջոցով։ Նախագիծը մի շարք քաղաքներում, մեծ ու փոքր համայնքներում քննարկվել է երիտասարդական տարբեր խմբերի հետ։

«Մեր նպատակն էր առավելագույնս լսել տարբեր թիրախային խմբերի երիտասարդների, ծանոթանալ նրանց խնդիրներին և, ըստ այդմ, մշակել նախագիծը՝ համապատասխան լուծման ճանապարհներով»,- աշխատանքների ընթացքն է ներկայացրել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է ոլորտային տարբերակման կարևորությունը՝ «գայթակղությանը չտրվելու» և ամեն ինչ ռազմավարության մեջ չներառելու առումով, օրինակ՝ առողջապահության կամ տնտեսական զարգացման խնդիրները, որոնք համապատասխան նախարարությունների տիրույթում են։

Ըստ ռազմավարության՝ առանձնացվել են 3 խումբ միջոցառումներ՝ երիտասարդական ներուժի բացահայտում, աջակցում, ինքնաիրացման հնարավորությունների ստեղծում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, միջոլորտային զարգացման ծրագրեր, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններ:

«Խնդրում ենք ակտիվ լինել և հանդես գալ ձեր դիտողություններով ու առաջարկներով։ Կարևոր է հասկանալ՝ որ ոլորտում եք ձեզ տեսնում, ինչը կարող ենք զարգացնել՝ համադրելով ռեսուրսները»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Ներկայացնելով ռազմավարության նպատակներն ու թիրախները՝ նախարարի տեղակալը կարևորել է նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը երիտասարդական կառույցների՝ նախարարության հետ հորիզոնական հարաբերությունների մեջ լինելը, Հայաստանում իրենց ապագան տեսնող և պատասխանատու իրավագիտակից քաղաքացի ունենալը:

Հանդիպման ընթացքում կողմերը հղել են իրենց հուզող հարցերը, առաջարկներն ու դիտողությունները և քննարկմամբ փնտրել լուծման ուղիներ, շեշտվել է միջազգային խորհրդատվության կարևորությունը:

Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ փաստաթուղթը մշակվել է ոլորտային խնդիրների և տեղական կարողությունների սահմանում՝ միաժամանակ ընդգծելով միջազգային փորձագետների խորհրդատվության անհրաժեշտությունն ու կարևորությունը հատկապես ապագայում «Երիտասարդության մասին» օրենքի  նախագիծը մշակելիս:

«Ռազմավարությունը հրաշալի մեկնարկ է երիտասարդության կյանքը պետական աջակցության և ուշադրության կենտրոնում պահելու և նրանց գործուն մասնակցությունը խրախուսելու համար»,- ասել է փոխնախարարը։

Մեկ այլ գործընկեր կառույցի ներկայացուցիչ առաջարկել է վերջին իրադարձություններից հետո ևս մեկ ուսումնասիրություն կատարել երիտասարդական ոլորտի խնդրահարույց կետերի վերաբերյալ և գործողությունների պլանով փորձել ծածկել նաև այդ բացերը։

Զարգացման գործընկերները, որպես առանցքային խնդիրներ քննարկել են նաև վերջին իրադարձություններից հետո ժողովրդագրական ճգնաժամը, աշխատատեղերի և աշխատավարձի խնդիրների լուծմամբ ծնելիության խրախուսումը, գյուղական բնակավայրերում երիտասարդների մրցունակության բարձրացումը, սահմանամերձ համայնքներում անվտանգության հարցերը, կամավորության զարգացումը և այլն:

Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բաց երկխոսության համար և առաջարկել մինչև հունիսի 3-ը ռազմավարության փաստաթղթի առնչությամբ դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել գրավոր տարբերակով:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31