Բա ասում էիք՝ գործարարներ չեն լինելու ձեր ցուցակում՝ այսօր հարցրեցինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Նա արձագանքեց. «Խաչատուր Սուքիասյանը գործարար չի»: Զարմանքին, բա ի՞նչ է, երեւի Գուրգեն Արսենյա՞նն էլ գործարար չի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ե՞րբ եք իրենց վերջին անգամ տեսել գործարար գործունեությամբ զբաղվելուց, միլիոնատեր են մարդիկ»: Մեր դիտարկմանը, որ 2008-ին մի պահ քաղաքական դաշտում էր՝ ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ բա դրանից հետո ինչո՞վ էր զբաղվում: Պատասխանը պարզ էր՝ գործարարությամբ, իր բիզնեսներով, «Սիլ գրուպով»՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց` ասելով՝ ինքը կոնկրետ ի՞նչ է անում, որոշումնե՞ր է կայացնում, բանկի տնօրե՞ն է:
Մեր արձագանքին, որ այդպես Ծառուկյանն էլ «գործարար» չէ, Ծառուկյանին ինչո՞ւ էիք քննադատում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք Ծառուկյանին ե՞րբ ենք բան ասել: Նա խոշոր սեփականատեր է: Իսկ Խաչատուրի, Արսենյան Գուրգենի նման մարդիկ պետք է ավելի շատ լինեն»:
Արձանագրեցինք՝ լավ, բայց խնդիրն այն է, որ հակասում եք ձեր նախկին ասածներին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հնարավոր է: Հիմա այնքան բան է իրար հակասո՜ւմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ