Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` կից փաթեթով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձեւավորումն է:
Ներկայում Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու եւ հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ եկամտային հարկ հաշվարկելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա` խոչընդոտելով համակարգի զարգացումը:
Կառավարությունն ակնկալում է, որ փաթեթի ընդունումը կվերացնի Trade-in համակարգի զարգացումը խոչընդոտող հարկային կարգավորումները:
Արման Պողոսյանի տեղեկացմամբ` «Լիցենզավորման մասին» օրենքում կատարվող լրացմամբ տարեկան տուրքը 2022 թվականին կկազմի 1 մլն դրամի, իսկ հետագա տարիներին` 2 մլն դրամի չափով:
Կարդացեք նաև
Փոխնախարարը սակայն դժվարացավ նշել, թե պետբյուջեի հարկային եկամուտներն այս փոփոխության արդյունքում ինչ չափով կհամալրվեն:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանի խոսքով` նախագծի ընդունմամբ քաղաքացիներն առավել քաղաքակիրթ պայմաններում կկարողանան թարմացնել իրենց ավտոմեքենաները` վաճառելով դրանք լիցենզավորված ավտոսրահներին եւ ձեռք բերելով նոր շարժական գույք:
Սահմանափակում չկա նաեւ ավտոմեքենաների մակնիշների վերաբերյալ. ավտոսրահին հանձնելով որեւէ մակնիշի ավտոմեքենա` հնարավոր կլինի ձեռք բերել այլ մակնիշի շարժական գույք:
Ազգային ժողով