Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը Հայաստանում վարչապետի նախընտրելի թեկնածու ունի` Նիկոլ Փաշինյանը». Կոնստանտին Զատուլին

Մայիս 25,2021 14:23

«Բաքուն օգտվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից, բայց դա որեւէ կերպ չի արդարացնում Բաքվի գործողությունները»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն`անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի`ՀՀ տարածք ներխուժելու փաստին։

Ռուս պատգամավորի կարծիքով, ՀՀ սահմանի այդ` Սյունիքի մարզի հատվածում, հայկական սահմանապահ զորքեր չեն եղել, այդ պատճառով էլ ադրբեջանական զինված ուժերը անարգել ներխուժել են հայկական տարածք: Նրա գնահատմամբ`ադրբեջանական զինված ուժերին դրա «հնարավորությունը տրվել է»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում ստատուս քվոն պետք է վերականգնվի»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Արցախում կրած պարտությունից հետո, ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Նա պակաս կարեւոր չի համարում հայ ժողովրդի մոտ վստահության վերակենդանացումը, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Այն, ինչ այժմ կատարվում է ՀՀ սահմանային հատվածներում, ռուս պատգամավորը համարում է մեր երկրում ներքին պառակտման արդյունք: Բայց, միաժամանակ, սա, ըստ նրա, չի արդարացնում Բաքվի գործողությունները, որը պարզապես օգտվել է պատեհ պահից: Նա դատապարտում է Բաքվի կեցվածքը, որը շարունակելով «պահից օգտվելու» քաղաքականությունը, փորձում է առավելագույնը ձեռք բերել:

Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա ընտրություններին, Կոնստանտին Զատուլինը նաեւ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանին միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վերընտրությունը. «Ալիեւը Հայաստանում վարչապետի նախընտրելի թեկնածու ունի` Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ հեշտ կլինի հետագա աշխատանքը, քանի որ նա պարտության խորհրդանիշ է: Հեշտ կլինի նրա վրա ճնշումներ գործադրել, նրան վախեցնել: Նա առավել նախընտրելի կլինի Բաքվի համար, քան մեկ այլ թեկնածու, որը քննադատական դիրքերից է հանդես գալիս ՀՀ գործող կառավարության նկատմամբ»:

Ինչ վերաբերվում է ՌԴ-ի դերին, ռուս պատգամավորն ասաց, որ ՌԴ-ն պաշտոնապես ձեռնպահ է մնում ՀՀ ներքին գործերին խառնվելուց, քանզի խառնվելու ցանկացած պաշտոնական փորձ կարող է սխալ ընկալվել եւ գեներացվել հայ հասարակության կողմից. «Հայ ժողովուրդը հին եւ խելացի ժողովուրդ է եւ ռուս ժողովրդի ու Ռուսաստանի հետ պատմականորեն կապված, այնպես որ պաշտոնական Մոսկվան չի պատրաստվում իր տեսակետը փաթաթել նրա վզին: Այլ հարց, որ ռուսաստանյան սփյուռքի առանձին հայ ներկայացուցիչներ իրենց նախընտրություններն ունեն եւ փորձում են դերակատարում ստանձնել`ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31