Այսօր «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի իրավիճակին՝ ասաց. «Ես ունեմ լուր, որ իրենք եկել են եւ հիմա ինչ-որ մի դիրքում են: Խոսք է գնում, որ առաջացել են, տեխնիկա հայտնվել, մարդիկ են ավելացել, բայց դրա մասին ես ոչ մի տեղեկություն չունեմ: Ընդհակառակը, այլ տեղեկություն ունեմ, բայց դրա մասին չեմ ցանկանում բարձրաձայնել»:
Հարցին՝ Աննա Հակոբյա՞նը ինչ տեղեկություններ ունի, այնտեղ էր՝ պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող որեւէ կերպ Աննա Հակոբյանին կապել Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ»:
Նա նաեւ հավելեց. «Շատ մտահոգիչ է ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ-ի հետ քննարկումները, աշխատանքները շարունակվում են»:
Երեկ իմքայլական Վահե Ղալումյանն ասում էր, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական տարածքներ՝ անկլավներ, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ: Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը քարտեզները չի ուսումնասիրել, դրա համար չի կարող ասել, թե որտեղ ինչ անկլավներ կան»:
Կարդացեք նաև
Հարցին՝ երբ նման հայտարարություններ են անում պատգամավորները, Նիկոլ Փաշինյանը, հիմք չե՞ն տալիս ադրբեջանցիներին հաստատվել հենց այդ տարածքներում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Եթե կան անկլավներ, այդտեղ անհանգստանալու որեւէ բան կա՞, եթե դուք էլ գիտեն, բոլորն էլ գիտեն, որ կան»:
Հարցին՝ պատմությունը ձեզ համար Սովետական միությունի՞ց է սկսում՝ պատգամավորը պատասխանեց. «Եթե այդպես վերցնենք, կարող ենք շատ ավելի հետ գնալ: Ինչ-որ մի ելակետային բան պետք է ունենանք, չէ՞, որտեղից սկսենք: Հիմա առաջարկ է, դրանք բոլորը քննարկումներ են: Ոչ մեկը գյուղեր հանձնելու մասին չի խոսում, դեռ գնում են քննարկումներ՝ որոնք են մեր ելակետային տարածքները: Մենք քննարկում ենք, որեւէ գյուղ չենք տալիս»: Դիտարկմանը, որ մենք ունենք մեր սահմանները՝ Հակոբյանը արձագանքեց. «Վարչապետն ասել է, որ կարելի է քննարկել, որ մենք սահման ենք վերցնում այն սահմանը, որն այսօր ունենք: Ասել է, չէ՞: Հիմա դուք մենակ խոսում եք ինչ-որ 5 գյուղ հանձնելու մասին»:
Լրագրողների զարմանքին, որ սպասում ենք՝ թշնամին քարտե՞զ բերի, մենք մեր սահմաններն ունենք՝ Հրաչյա Հակոբյանը հակադարձեց. «Մենք էլ մեր քարտեզն ենք տանելու, թշնամուն տանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ