«Գիտե՞ք՝ որտեղ է հիմա ընթանում Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Ես էլ չգիտեմ։ Այդ մասին չգիտեն նաեւ մի շարք ԶԼՄ-ներ, որոնք Քոչարյանի եւ նրա կլանի նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա մամուլի ասուլիսին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա շարունակեց․ «Չգիտեն, որովհետեւ այն քրոնիկ վախը, որն ունի իրեն «միակ տղամարդ» հռչակած այդ անձն ազատ խոսքից, այն քրոնիկ վախը, որը նա ունի իրեն ուղղվելիք անհարմար հարցերից, այն վախը, որ կարող է որեւէ լրագրող հարցնի՝ «վերջը «Պապլավոկում Պողոս Պողոսյանն ինչպե՞ս սպանվեց», կամ՝ «բոլորս տեսել ենք, թե ինչ հարստություն ունես»․․․այդ վախերը նրան թույլ չեն տալիս լսել ազատ ԶԼՄ-ների հարցերը։ Մի քանի օր առաջ էլ ասում էր, թե երկիրը պետք է աշխատի մեխանիզմի պես։ Սա ասում է մի մարդ, որի նախագահության օրոք երկրում աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանությունների, ժողովրդի հարստահարման մեխանիզմն էր։ Այլ մեխանիզմ նրա օրոք ժամացույցի պես չի աշխատել։ Ասում է, թե ընտրակեղծիքներ են լինելու սպասվող ընտրություններում։ Տավուշի մարզի բնակիչները կարող են պատմել, թե իր օրոք քանի քվեատուփ է լցվել Աղստեւ գետը, քանի քվեատուփ է փոխվել»։
Վահագն Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը գալիս ընտրություններում պարտվելու վախ ունի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ