Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք, ըստ էության, պարտվեցինք տեխնոլոգիական պատերազմում». Հայկ Սարգսյան

Մայիս 25,2021 13:18

«Վերջին իրադարձությունները, որ կատարվեցին Հայաստանի հետ, մասնավորապես նկատի ունեմ պատերազմը, ցույց տվեցին, որ գիտությունը սկսել է խաղալ սկզբունքային դեր պետության անվտանգության ապահովման հարցում: Գաղտնիք չէ, որ մենք, ըստ էության, պարտվեցինք տեխնոլոգիական պատերազմում: Այս ամենը փաստեց մի հանգամանք, որ պետության անվտանգությունը էապես պայմանավորված է տեխնոլոգիաներով»,-«Մեդիա կենտրոնի» եւ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն, անվտանգություն, պետություն. ո՞րն է գիտության դերը անվտանգության ապահովման և պետության զարգացման գործում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով, տեխնոլոգիաների հենքը հանդիսանում է հենց գիտությունը, եւ այն երկիրը, որտեղ կա հզոր, զարգացած գիտություն, համապատասխանաբար ի վիճակի է ապահովել բարձր որակի կրթություն, այդ հանգամանքն էլ իր հերթին թույլ է տալիս պատրաստել բարձր որակի գիտական եւ ինժեներատեխնիկական կադրեր, որոնք կարողանում են համալրել պետության անվտանգությունը թե ռազմական, թե տնտեսական առումով ապահովող մասնագետների բանակը:

«Այսօր տեխնոլոգիաները դարձել են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոն, այսինքն՝ այն երկիրը, որը տիրապետում է լավ տեխնոլոգիաների, ի վիճակի է կոպիտ ասած` լավ զենք ստեղծելու, ապահովելու սեփական երկրի անվտանգությունը: Հետևաբար` կարելի է միարժեքորեն ասել, որ գիտությունն արդեն ռազմավարական նշանակություն ունի պետության համար»,-ընդգծեց Հայկ Սարգսյանը: Հավելեց, որ պետք է էապես վերանայել այն վերաբերմունքը, որ հասարակությունն ու պետությունն ունեն գիտական հանրության, առհասարակ գիտության նկատմամբ: Պետք է հասկանալ, որ եթե չլինեն գիտական եւ կրթական համակարգում լուրջ ներդրումներ, կունենանք անվտանգային խնդիրներ»,-ասաց Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրենը:

Տիգրան Շահվերդյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը նշեց, որ առաջին հերթին պետք է ստեղծել միջավայր, որտեղ համապատասխան պրոդուկտներն ու ծառայությունները կարող են առաջանալ: «Այստեղ պետությունն ունի առանցքային դեր, եւ այն ժամկետները, որոնցով կարող է պետությունը պլանավորել երկարաժամկետ ներդրումները եւ նպատակները` ելնելով հանրային շահից, մասնավորը չի կարող ի սկզբանե անել: Իսկ երբ ենթակառուցվածքներն ու մարդկային կապիտալը ստեղծվում են, արդեն գիտական խմբերից դուրս են գալիս նորարարություններ` ստարտափների եւ այլ ձեւով, բայց կլինի նաեւ այն մարդկային կապիտալը, որին կարող է պատվեր տալ` թե մասնավորը, թե պետությունը»,-նշեց «Robomart» ընկերության համահիմնադիրը:

Խաչիկ Գեւորգյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Արմակադի» հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը նշեց, որ քննարկման վերնագիրը կարդալով ինքը մտածել է, որ Հայաստանում երբեւէ որեւէ գիրք չի կարդացել գիտության եւ անվտանգության խաչման, համագործակցության մասին. «Ինձ թվում է, մեր անվտանգության խնդիրներից ամենակարեւորն այն է, որ գիտելիքի պակաս ունենք գրեթե բոլոր ոլորտներում, չնայած գիտելիքը բոլոր շտեմարաններում գրեթե բաց է: Ի՞նչ պետք է անի պետությունը… Ցանկացած ոլորտի մասին, որի մասին ուզում ենք կարծիք հայտնել կամ մասնագիտանալ, պետք է նախ այդ ոլորտի մասին անդադար եւ անընդմեջ կարդալ եւ սովորել: Իսկ այսօրվա թեման վաղուց չարչրկված եւ արծարծված գիտական թեմա է միջազգային գիտական հանրությունում` հիմնականում ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31