Երեւանի ավագանու այսօրվա նիստում ներկայացվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Աճեմյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը։ Հարցը զեկուցող Արմեն Գալջյանը ներկայացրեց, որ Գեւորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու չորս նիստերի իսկ հանձնաժողովի նիստերին ընդհանրապես չի մասնակցել։
Արմեն Գալջյանն, ինչպես ինքն ասաց, հարցի իրավական բովանդակությունից զատ՝ ներկայացրեց նաեւ քաղաքական դիրքորոշումը․ «Անընդունելի վարքագիծ է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով սեփական, արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը»։
ԲՀԿ խմբակցությունից հետաքրքրվեցին՝ «Իմ քայլում» կան անդամներ, որոնք ոչ թե չորս, այլ՝ վեց- յոթ նիստի չեն մասնակցել, հիմա այս հարցը քաղաքակա՞ն նպատակահարմարություն է, թե՞ իրավական։
Արմեն Գալջյանն ի պատասխան ասաց․«Տվյալ անձն անգամ Հայաստանում չի բնակվում, իսկ մյուս անդամները Հայաստանում են եւ կարողանում են իրացնել իրենց լիազորությունները»։
Կարդացեք նաև
«Իմ քայլից» Էռնեստ Ավանեսովն էլ հարց ուղղեց․«Նախկինում ասվում էր, որ խմբակցությունում ներքին ընդդիմություն կա, եւ դա դիտվում էր որպես դրական գործընթաց։ Անկեղծ ասած, անընդունելի է հարցի երկրորդ հատվածը՝ քաղաքական դիրքորոշում կա եւ նա վատ է արտահայտվել քաղաքական ուժի նկատմամբ։ Որտե՞ղ է չափանիշը, ո՞վ է որոշում՝ դա նեղացնո՞ւմ է քաղաքական ուժին, վարկաբեկո՞ւմ է քաղաքական ուժին։ Իսկ գուցե օգնում է»։
Հարցը զեկուցող պարոն Գալջյանն ի պատասխան ասաց՝ ձեր նկարագրած երեւույթն ընդունելի է, բայց այն, ինչ տեղի է ունեցել տվյալ անձի կողմից՝ վերաբերմունքը, այդ բառամթերքը, չի տեղավորվում ձեր նկարագրած երեւույթի մեջ։
«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ հիշեցրեց Երեւանի մասին ՏԻՄ օրենքը, որտեղ նշված են հիմքերը, որով պետք է տեղի ունենա ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը․ «Այդ հիմքերում ձեր քաղաքական նախասիրությունները, հատկապես՝ ավտորիտար բնույթի, չեն տեղավորվում։ Տվյալ անձը ստացել է ավագանու մանդատ, չի ներկայանում եւ չեն ներկայանում նիստերին ձեր խմբակցության շատ այլ անդամներ, որոնց մի մասին դեպքով մոռացել ենք։ Եթե այդ տրամաբանության մեջ է ձեր հիմնավորումը, որ երկրից բացակայում է եւ դա ավելի վատ է, քան այն մարդիկ, ովքեր գտնվում են քաղաքում, չե՞ք կարծում, որ դա ավելի անհարգալից վերաբերմունք է։ Չե՞ք հետաքրքրվել, թե ինչպես է լինում, որ մենք մշտապես ավագանու կազմում ունենում ենք քվորումի խնդիր եւ երբ դուք նայում եք նախկին գումարման ավագանիների կազմերը, չե՞ք ամաչում, երբ տեսնում եք, որ նախկինում 60-ից պակաս քվորում հազիվ թե եղած լիներ»։
«Հաստատ չեմ ամաչում, որովհետեւ նախկին ավագանու նիստերը տեւում էին երկու ժամ, եւ առանց քննարկման մարդիկ անգամ չէին հասկանում՝ ինչ էին քվեարկում։ Դուք նախկին ավագանու կազմում եղել եք, ավելի իրական եք տեսել։ Դեպքերը նույնականացնելը ճիշտ չեմ համարում, իրավական հիմքերը կան, եւ խորանալու անհրաժեշտություն չեմ տեսնում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ