«Մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի»,-«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում անցկացվող դաշինքի առաջնորդների համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
Լրագրողները փաստեցին՝ սոցիալոգիական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին բարձր է և հարցրին՝ իրենց հույսը ո՞րն է, ինչպե՞ս են կրելու, ինչպես հայտարարել են, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Բոլոր այդ հարցումներն, ինչքան գիտեմ, հեռախոսային են: Դրանք ընդունված են աշխարհում, բայց սովորաբար այն երկրներում են արժանահավատ ամբողջությամբ, որտեղ չկա ներքին այսպիսի բևեռվածություն: Ասում են՝ հասարակությունը բարձր ներքին վստահության մակարդակ ունեցող է: Բայց երբ մեկ լայքի համար մարդուն հեռացնում են աշխատանքից, հարազատների վրա ճնշումներ են գործադրում, ո՞նց եք պատկերացնում…կա մի ստվար զանգված, որոնք չեն ուզում իրենց կարծիքը հայտնել: Երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ինձ մոտ այստեղ բավականին լուրջ կասկածներ կան»:
Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց՝ 25-30 տոկոս ունեցող խորհրդարանով հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և ձևավորել կառավարություն: Այնուհետև շարունակեց. «Եթե քեզ հետ չլինեն այլ ուժեր, որոնք պատրաստ են քեզ հետ համագործակցել, դու նման պարագայում չես կարող վարչապետ վերընտրվել: Այսօրվա դրությամբ դեռ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանի հետ համագործակցել, որը կարող է անցնել խորհրդարան այսօրվա վիճակով: Բավականին հստակ է իրավիճակը, նույնիսկ եթե այդ 30 տոկոսը չհաջողվի մաշեցնել մինչև 15-20 տոկոս, այդ քաղաքական ուժն ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն և վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա: Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ