Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Ասատրյան. «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը հայրենասիրության դրսևորում է»

Մայիս 25,2021 12:30

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը։

Այս տարվա փառատոնի շրջանակներում տեղի ունեցան բաղմաթիվ պրեմիերաներ, երկարամյա դադարից հետո մեծ բեմից հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։

Փակման գալա համերգը մեկնարկեց Հայկ Բոյաջյանի Թավջութակի եռամաս կոնցերտի պրեմիերայով։ Փարիզում ծնված կոմպոզիտորը Թավջութակի իր կոնցերտի մասին ասել է. «Իմ եռամաս թավջութակի կոնցերտն իր խորքում մի քանի տարրերի միաձուլում է: Դրանք սկիզբ են առնում իմ կյանքի մշակութային արմատներից․ ես նախևառաջ ծագումով հայ եմ, ապա ֆրանսիացի եմ՝ ըստ ծննդավայրի, և արգենտինացի՝ իմ անձի ձևավորման առումով, քանի որ պատանեկությունս անցել է Բուենոս Այրեսի արվարձանում: Դրանից հետո միայն՝ քսաներկու տարեկանից ապրել եմ ԱՄՆ-ում: Այս ազդեցություններից է մշտապես հղկվել իմ երաժշտական լեզուն: Իմ ստեղծագործությունների մեծ մասում արևելյան ու արևմտյան ավանդույթները փոխակերպվում են այնպիսի երաժշտական լեզվի, որ բնորոշ է հենց իմ ներաշխարհին»։

Փառատոնի փակման երեկոյի ընթացքում հնչեց նաև Ադամ Խուդոյանի Թավջութակի թիվ 2 կոնցերտը, որը հայ կոմպոզիտորական դպրոցի ամենադրամատիկ կոնցերտներից մեկն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ հնչեցրեց Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը թավջութակի և լարային նվագախմբի համար, որը նվիրված է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների մայրերին։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Արամ Թալալյանը։

Համերգային ծրագիրն ամփոփվեց ևս մեկ պրեմիերայով. հնչեց անվանի կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի «Ալպիական դիմակահանդես» սիմֆոնիկ պատկերը, որը հեղինակը գրել է երեք տարի առաջ։

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Դիրիժորը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նշանակության մասին, շեշտեց, որ այն մեծ դեր է կատարում մեր մշակութային կյանքում։ Պարոն Ասատրյանը նշեց, որ խորհրդային տարիներին բոլոր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ձայնագրվում ու պահպանվում էին, ինչի շնորհիվ մեր կոմպոզիտորական դպրոցը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Խորհրդային տարիներից հետո այս ասպարեզում վակուում էր առաջացել։ Այժմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը, նախաձեռնելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, շարունակում է այդ արժեքավոր գործը։ Դիրիժորն ընդգծում է այն փաստը, որ փառատոնի շրջանակներում բազմաթիվ պրեմիերաներ են ներկայացվում։ Ստեղծագործություններն անպայման պետք է բեմ բարձրանան, հակառակ դեպքում հավասարազոր են չգրվելուն։ Ըստ Ռուբեն Ասատրյանի՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելը հայրենասիրության դրսևորում է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31