«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ անդրադառնալ իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև անհամաձայնություններ լինել-չլինելու մասին հարցին:
Նա ասաց. «Իմ տպավորությամբ թեման վաղուց սպառվել է: Այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս այս ընտրություններում: Չեմ կարծում, որ այսօր այդ թեման ամենաակտուալն է, որի շուրջ պետք է բանավեճ և քննարկումներ ծավալենք»:
Ռոբերտ Քոչարյանն իր և Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունների մասին հարցին հարցով պատասխանեց՝ Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդ, որոնց մեջ ընդհարում, որևէ տարաձայնություն չլինի. միգուցե զույգերի մոտ միայն նման բան է լինում ու շարունակեց. «Չեմ կարծում, որ իրականում սա այն թեման է, որն արժանի է քննարկման: Մենք գնում ենք մեր, իրենք գնում են իրենց ճանապարհով»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանին մրցակից համարո՞ւմ է այս ընտրություններում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են, ակնհայտ է: Բայց տվյալ դեպքում կան այս ընտրությունների ժամանակ մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ ՀՀ ապագայի, ներկայի, անվտանգության հարցերի նկատմամբ: Դրա համար նաև մրցակիցների դաշտում այս ընտրություններում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն: Կարծում եմ դրա շուրջ կարող ենք ավելի առարկայական խոսակցություն ունենալ, երբ բոլոր դաշինքները գրանցվեն և ընտրությունների մասնակցության ձևաչափը բոլորի համար պարզ լինի: Այսօր դեռ պարզ չէ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ