Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվ ովքե՞ր են այսքանից հետո մեր «դաշնակիցները»

Մայիս 25,2021 22:00

Երբ անփառունակ վախճանով վախճանված Սովետի փլատակների վրա նոր պետական կազմավորումներ ստեղծվեցին, իսկ Հայաստանը, հավատարիմ մնալով սովետական «օրենքի» տառին, վերականգնեց իր անկախ պետականությունը՝ օրինաչափական հարց առաջացավ. ինչպե՞ս հաղթահարել կայսերական տիրապետության եւ տոտալիտար համակարգի փլուզման հետեւանքները, եւ ինչո՞ւ դա չանել համատեղ ուժերով այն դեպքերում, երբ դա կբխի բոլորի շահերից։ Ինչպես լավագույնս դա ժամանակին ձեւակերպեց Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը, ԱՊՀ-ն՝ քաղաքակիրթ ապահարզանի լավագույն մեխանիզմն էր։ Իհարկե, դա թույլ տվեց խուսափել այն մղձավանջից, որը սանձազերծվեց Հարավսլավիայում։

Սակայն, ինչպես հայտնի է, կյանքն ավելի բարդ է, քան թեկուզ եւ լավագույն ձեւակերպումները, եւ դեպքերի հետագա ընթացքը եկավ դա ապացուցելու։

Յուրաքանչյուրը նախկին ԽՍՀՄ կազմից դուրս գալով, կարծես, վերադարձավ դեպի իր «բնական» ճանապարհը, որն անցյալի տրամաբանական շարունակությունն էր։ Ձեռնպահ մնալով բնորոշելուց այլոց, Հայաստանն, այնուամենայնիվ, ընտրեց եվրոպական տիպի ժողովրդավարական պետության ուղին, քանզի այդպիսի քաղաքակրթական ընտրությունը գալիս է դարերի խորքից։ Եվ թվում էր, թե այդ տարիների «ժողովրդավարական» Ռուսաստանը, որտեղ այդ եզրույթին, ինչպես պատմությունն է ցույց տալիս, պետք է մոտենալ մասշտաբային վերապահումներով (գոնե մենք՝ հայերս, դա մեր մաշկի վրա ենք զգացել), այնուամենայնիվ, ընկալվում էր նույն արժեքային համակարգով առաջնորդվող պետություն, ինչն ապահովագրում էր շարունակվող հակամարտության մեջ թաթախված Հայաստանին 1920թ. աղետի կրկնությունից…

Տարբեր տրամաչափի պրիմակովներից եւ կազմակերպված հանցավորությունից սերված չեկիստական ռեւանշը Ռուսաստանում վերակենդանացրեց հինգերորդ շարասյունը լյուստրացիա չանցած Հայաստանում, որը «թավշյա» պետական հեղաշրջման ճանապարհով եկավ իշխանության եւ իր «հաղթանակը հավերժացրեց» 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի արդյունքներով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ վերահաստատվեց «արժեքների ընդհանրությունը», թեկուզեւ խոսքը գնում էր արդեն հակաարժեքների մասին, եւ այդ «ընդհանրությունը» կոչված էր ծառայելու ոչ թե հանուն, այլ ընդդեմ ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի։ Դրան արդեն սրընթաց կերպով հետեւեցին տարբեր անպարկեշտ գործարքները Հայաստանի հաշվին՝ «հանուն դարավոր բարեկամության», որոնց մասին խոսվել է բազմիցս, որոնց կրկնությունը տեղի եւ ժամանակի վատնում է։

Արժեքային նոր խզումը նշմարվեց 2018-ին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը։ Ինչպես եւ 1988-ին, երբ Համազգային շարժումը հանուն Հայաստանի եւ Արցախի անկախության նախորդեց Սովետի՝ պատմության աղբանոցում հանգչելուն, եւ գրեթե բոլորն էին հասկանում, որ Սովետը ոչ թե խնդրի լուծում է, այլ խնդրի աղբյուր եւ առանցք, Թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանի հայ-ռուսական հարաբերությունների հետագիծը ցույց է տալիս նույն բանը. «մեր դարավոր բարեկամը» ոչ միայն որեւէ խնդրի լուծում չէ, այլեւ գրեթե բոլոր խնդիրների աղբյուր, առանցք, քաոսի գլխավոր «մատակարար», քաղաքական գործընթացների գլխավոր սփոյլեր եւ, հանրագումարում՝ մեր անկախ պետականության գլխավոր սպառնալիք, որը քողարկվում է «եղբայրության» ծխածածկույթի ներքո։ Իսկ ՌԴ առաջնորդը մեզ ավետում է, որ նախկին ԽՍՀՄ տարածքը՝ «պատմական Ռուսաստանն է»։ Այո, ձեր «դաշինքի» զինանշանի վրա պատկերված վահանը, ինչպես ակնհայտ դարձավ, ժանգոտած է եւ ծակ՝ մի քանի տեղից։

Դե ինչ, զարմանալի չէ, երբ, ըստ էության, 44-օրյա պատերազմի արդյունքներում «փայ մտած», հայ ռազմագերիների հարցում «անկարող» եւ ոչինչ չասող, Սյունիքում սահմանային ճգնաժամը հրահրող եւ օգտվող, բացառապես Ադրբեջանի շահերը սպասարկող կեղծ եւ վտանգավոր օրակարգ առաջ բերող, մեզ նպաստող միջազգային հանրության արձագանքը չեզոքացնելուն ձգտող «դարավոր բարեկամի» ձեռքով մեր անվտանգության երեսունամյա պատկերացումների փլատակների պատկերը աչքի առաջ ունենալով՝ վաղ թե ուշ պետք է հարց տայինք մեզ եւ այլոց. եւ ովքե՞ր են այսքանից հետո մեր «դաշնակիցները»։ Իհարկե, Զորի Բալայանի եւ նրա հոգեզավակների, Արցախի ռուսիֆիկացիան օրինականացնողների, Նժդեհի արձանը հանելու անուղեղ կողմնակիցների եւ հար ու նման տնայնագործ ստրատեգոսների դոգմատիկ պատասխանն այս հարցին մեզ հայտնի է։ Սակայն այն մեզ հետաքրքիր չէ, այն նույնիսկ մեր մասին էլ չէ, քանզի նրանք մեզ հետ կապ չունեն եւ չեն էլ ունեցել։ Մեր խնդիրն այլ է։

Այսքանից հետո, վստահաբար, այլեւս կարիք էլ չկա մատների վրա բացատրելու, մանավանդ ապացուցելու, թե ով՝ ով է, ով է դաշնակիցը, իսկ ով՝ ոչ։ Ամեն ինչ մակերեսին է, տեսնել է պետք ուղղակի, եթե տեսողության խնդիր չունես։ Մեր խնդիրն է թույլ չտալ, որ վերջին հարյուրամյակում երկու անգամ մեր գլխին փուլ եկած կայսրությունը մեր գլխին փուլ գա երրորդ անգամ։ Հայաստանը չունի այլեւս այդ ռեսուրսը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը երրորդ անգամ չպետք է դառնա ռուս-թուրքական բարեկամության հերթական պարոքսիզմի մատաղացուն եւ ռուսական շովինիզմի կողմից խաղարկվող գամբիտի՝ զոհաբերվող զինվորիկը։

Առաջիկա ժամանակաշրջանը հայ ժողովրդից կամքի եւ ինտելեկտի մոբիլիզացիա է պահանջելու, եւ հերթական պատմական շրջադարձում, որն առջեւում է, Հայաստանը պետք է «տեղավորվի» առանց նոր արյունալի վթարների։

Մեր անցած ուղին լիովին ազատում է մեզ բոլոր տեսակի բարոյաքաղաքական պարտավորություններից՝ այդ կարգի «դարավոր բարեկամության» հանդեպ։ Մեր անվտանգության ռազմավարության նորովի կառուցումը, քաղելով անցած պատերազմների դաժան դասերը՝ օրվա հրամայականն է։ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի եւ հայկական ժողովրդավարության բազում բարեկամների հետ համատեղ կերտելիք հարաբերությունների հիմքում առաջնայինը պետք է լինի մե՛ր ինքնիշխան շահը։ Մեր ապագան, մեր սերունդների անվտանգությունը՝ մե՛ր ձեռքում է։ Այժմ եկել է պատասխանատու ընտրության եւ գործելու ժամը՝ դրսեւորելով վճռական մենակի լավագույն որակները, որոնք մեզ միշտ հաղթանակներ են բերել։ Եվ Աստված պահպանի Հայաստանը եւ նրա իրական բարեկամներին։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31