Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ պատերազմի օրերին սահմանամերձ գյուղերում «սելֆի» էիք անում, դա դեռ չի նշանակում, թե այդ գյուղերի տեղը գիտեք»․ Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլ»-ին

Մայիս 25,2021 11:44

Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ մերժեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու եւ «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։ Փաթեթին, որը հեղինակել են «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը եւ Թագուհի Թովմասյանը, դեմ արտահայտվեցին «Իմ քայլի» պատգամավորները, կառավարության կարծիքը եւս բացասական է եղել։

Թագուհի Թովմասյան

Փաթեթի հեղինակներից Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ առաջարկում են սահմանամերձ համայնքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի՝ պետության կողմից երաշխավորված գնման դրույթ։ Ըստ Թագուհի Թովմասյանի՝ այս պահին առկա գյուղատնտեսական աջակցության ծրագրերն արդյունավետ չեն, իսկ որոշ վարկատեսակներից գյուղացիներն առհասարակ չեն օգտվում։

Վահե Ղալումյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն էլ համոզմունք հայտնեց, որ նախագիծը հեղինակած պատգամավորները լավ չեն ուսումնասիրել կառավարության աջակցության ծրագրերը, բացի այդ՝ նախագիծը ռիսկեր ունի։

Նույնը կրկնեցին նաեւ խմբակցության այլ պատգամավորներ՝ մատնանշելով, որ, օրինակ, պարզ չէ՝ ինչպե՞ս են արձանագրելու, որ գնման ենթակա բերքն աճեցված է սահմանամերձ համայնքի հողերում։

Գեւորգ Պապոյան

«Իմ քայլից» Գեւորգ Պապոյանը հայտարարեց․ «Հայաստանում կան օլիգարխ հողատերեր, որոնք ՀՀ տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն։ Սահմանամերձ համայնքներում էլ ունեն։ Այս օրինագիծը հեղինակները բերում են, հետո նրանք ինչ-որ քանակով բան են արտադրում սահմանամերձ գյուղերում, հետո իրենց ունեցած հարյուրավոր հեկտարներն էլ կմտցնեն դրա տակ, եւ ՀՀ քաղաքացիներն իրենց գրպանից կվճարեն այդ օլիգարխներին, որպեսզի պետությունը գնի նրանց բերքը։ Այս նախագիծը չի վերաբերում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այլ վերաբերում է նրանց թալանելուն»։

Նախագծի համահեղինակներից Սոֆյա Հովսեփյանին վրդովվեցրեց Պապոյանի գնահատականը։ «Պարոն Պապոյան, մի հատ լավ մտածեք, թե ում մասին եք խոսում։ Եթե ես երբեւէ եղել եմ նման գործընթացում, ինչպես եղել եք դուք եւ շատերդ, ուրեմն ասեիք այդ մասին։ Եթե ոչ, ուրեմն այլեւս չհամարձակվեք ձեզ թույլ տալ ինձ ներառել նման գործընթացում։ Նախկին գործընկերներիս, ում հետ ճանապարհ եմ կիսել, ասեմ․ երբ պատերազմի օրերին հայտնվում էիք սահմանամերձ գյուղերում ու «սելֆի» անում, դա դեռ չի նշանակում, թե սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք։ Իսկ ես արդեն յոթ տարի ամեն ամիս լինում եմ սահմանամերձ գյուղերում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31