«Հակառուսական քարոզչությունը ստիպում է հիշեցնել երկու տարրական բան, որը մոռանում են այդ քարոզչությունն իրականացնողները։ Միտք են գցում մարդկանց մեջ, թե ռուսները չեկան, չպաշտպանեցին, մեղմ քայլեր արեցին․ այդպես չի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստի առթիվ Ռուսաստանի մասին հնչող գնահատականներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը։ Նրա խոսքով․ «ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, առաջնահերթ շարժվում է ՀՀ իշխանության որոշումների ներքո։ Եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չի, ինչ-որ մեկը հույս ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ՜, պետք է գնանք կռվե՞նք․․․իշխանությունը որոշել է այդ ճանապարհով գնալ, ՌԴ-ն էլ սատարում է դրան»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Արման Աբովյանի խոսքով՝ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները վտանգողների առնչությամբ հանրությունը պետք է ինքն իրեն հարց տա, թե ում է դա ձեռնտու։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսպես արձագանքեց․ «Ռուսները կգնահատեն ձեր հայտարարությունները, պարոն Աբովյան»։ Վերջինս տեղից ասաց, թե իրեն էլ կգնահատեն ամերիկացիները, ինչին ի պատասխան Բաբաջանյանը շարունակեց․ «Ես ամերիկացիների հետ որեւէ շփում չեմ ունեցել։ Ամենաբարձր մակարդակով ձեր հանդիպումներին չեմ էլ կարող հասնել։ Սա առհասարակ կապ չունի ամերիկացիների, ռուսների հետ, սա ՀՀ շահի հետ կապ ունի։ Ձեր աղճատված մտքերը կապ չունեն իրականության հետ։ Ռուսաստանն ուզում է թաղել Արցախի հարցը՝ մեր ուշադրությունը սեւեռելով Սյունիքի վրա։ Դա ձեզ եւ ձեր հովանավորներին, պարոն Աբովյան, չի հաջողվելու։ Այնպես որ, մի ճամարտակեք։ Մենք գիտենք, թե որտեղից եք գալիս եւ ինչու եք նման հայտարարություններ անում»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում այսօր Արման Բաբաջանյանը քննադատեց Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի գործողություններն այս իրավիճակում։
Արման Աբովյանն այնուհետեւ այսպես արձագանքեց․ «Հովանավորներից բերանս չբացեմ էլի․․․հասկանում եմ, որ նախընտրական փուլում հակառուսական թեզ եք բռնել ու ուզում եք դրա վրա խաղալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ