Արցախի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել 2021 թ․ բյուջեի նախագծի փոփոխություններ, որով խոշոր փոխհատուցում է տրվելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում մինչեւ պատերազմը բիզնես գործունեություն իրականացրած արցախցիներին։ Ընդդիմությունն ահազանգում է` սա արտագաղթը խրախուսելու նախաձեռնություն է, առաջնահերթ կարգով պետք է արցախցիների բնակարանային խնդիրները լուծել, նոր անցնել հաջորդ հարցերին։ Նախագիծն այսօր քննարկվելու է ԱԺ պատկան մշտական հանձնաժողովի նիստում, որպեսզի ներկայացվի առաջիկա քառօրյային։ Զրուցել ենք «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։
– Խորհրդարան է ուղարկվել փոփոխությունների նախագիծ, որով շեշտակի ավելացվում է բյուջեն․ եթե նախորդ տարի 120 մլրդ էր, ապա այս տարի՝ գումարած փոփոխությունը, կրկնապատկվում է՝ դառնալով 142 մլրդ։ Առաջին հայացքից, այո, շատ լավ է, բյուջեն մեծացվել է, խնդիրները շատ են, բայց երբ հասկանում ես, թե որ ոլորտներին է ուղղվելու, մասնավորապես՝ սոցիալական ինչպիսի ծրագրերի, բիզնեսների փոխհատուցման, գալիս ես համոզման, որ արհեստական ինչ-որ թիվ են ուզում ստանալ, որ մտնեն պատմության գիրկը, թե տեսեք-տեսեք՝ պատերազմից հետո բյուջե ենք կրկնապատկել։ Իրականում այդ ավելացված գումարն ուղղվելու է իրենց բնակավայրերից զրկված բիզնեսմեններին փոխհատուցելու համար, փոխարենը բնակարանների համար սահմանվել է երեք տարի ժամկետ։ Այս մոտեցումը, անկասկած, ազդելու է ժողովրդագրության վրա։ Դուք պատկերացրեք՝ 77 մլրդ փոխհատուցում է նախատեսվում՝ վարկերի, բիզնես ոլորտում՝ հասարակական նշանակության անշարժ գույքի համար, եւ կլինեն մարդիկ, ովքեր մինչեւ 100 մլն դրամ փոխհատուցում կստանան։ Այդ գումարը ստանալուց հետո կարո՞ղ եք ասել, թե այդ մարդկանցից քանիսն են մնալու Արցախում եւ արարելու։
– Ի՞նչ հաշվարկ է գործելու, եւ քանի՞ շահառուի մասին է խոսքը, ինչպե՞ս են որոշել։
– Հանձնաժողով է ստեղծվելու` այս հարցերը կարգավորելու համար, բայց կազմը բացառապես իշխանական ներկայացվածություն կունենա։ Կադաստրային արժեքով փոխհատուցում է տրվելու, ճիշտ է՝ կադաստրային արժեքը շուկայականից ցածր է, բայց մենք գիտենք, որ կան թանկարժեք հյուրանոցներ՝ Շուշիում, կամ ֆերմաներ են եղել, այդ մարդիկ իրենց կորցրած տարածքների կադաստրային արժեքով կստանան փոխհատուցում, բայց այդ մարդիկ Ստեփանակերտում բնակարաններով ապահովված չեն․ կա՛մ հյուրանոցային համարներում են մնում, կա՛մ վարձով բնակարաններում, իսկ իշխանությունն ասում է` երեք տարվա ընթացքում կապահովենք, բայց միեւնույն ժամանակ խոշոր գումար են տալիս մարդկանց ձեռքը։ Իսկ մարդուն պետք է առաջին հերթին կապել իր հողի հետ, հետո նոր գումար տալ՝ աշխատելու, արարելու համար, որպեսզի մարդը ստիպված չլինի փողը վերցնել ու հեռանալ Արցախից։ Եկեք ճիշտ հասկանանք. մարդն ինչո՞ւ պիտի ներդրում անի Արցախում, երբ անվտանգության խնդիրներ կան, ինքը երաշխավորված չէ անգամ ներդրում անելիս, դրա համար կգնա, լավագույն դեպքում՝ Հայաստանում կանի։ Գաղտնիք չէ, որ Արցախում ներդրումները զրո մակարդակի վրա են գտնվում, չկան անվտանգության երաշխիքներ։ Իշխանությունն ամեն ինչով զբաղվում է, բացի անվտանգային ոլորտներում ներդրումներից, ճանապարհներ են սարքում, չգիտես ինչեր են անում։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: