Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հաշվարկը լինելու է այն, որ Հայաստանը խոչընդոտի իրենց ՀԱՊԿ-ում հայտնվելուն՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք ցանկանում են՝ Հայաստանը չի թողնում». Ստյոպա Սաֆարյան. «Հայկական ժամանակ»

Մայիս 25,2021 10:53

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ՀԺ-ի հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում տեսնելու քայլերը սկսվել են դեռեւս 2015 թ.: Այդ թվականներին կար ղարաբաղյան խնդրի Լավրովյան պլանը, որը նախատեսում էր ապաշրջափակում: Այդ պլանի դիմաց Ադրբեջանը, եթե ստանում էր տարածքները, ապա ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում իր անդամագրումն էր ապահովում: Բայց քանի որ 2016 թ. տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, Ադրբեջանը դադարեցրեց իր անդամակցության մասին զրույցները: Իսկ մինչ այդ, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին միանալու հարցերի վերաբերյալ Ադրբեջանի կառավարությունը ժխտողական քաղաքականություն չէր վարում: Բայց քանի որ Լավրովյան պլանն իրականացավ ռազմական եղանակով, հիմա Ռուսաստանը հասկացնում է Ադրբեջանին, որ նա իր ստանալիքը ստացել է, այժմ իր հերթն է քայլ անելու»:

Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի համաձայնելու միանալ ՀԱՊԿ-ին: «Այստեղ խնդիրը շատ նուրբ է. եթե համաձայնի՝ փլուզվելու են մի շարք կարեւոր կապեր, որոնց միջոցով Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում առաջին հերթին Թուրքիայի հետ, արեւմուտքի մի շարք երկրների հետ: Ադրբեջանի հաշվարկը լինելու է այն, որ Հայաստանն ինքը խոչընդոտի իրենց ՀԱՊԿ-ում հայտնվելուն՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք ցանկանում են, բայց Հայաստանը չի թողնում»,- մանրամասնեց քաղաքագետը:

Սաֆարյանը շեշտում է՝ Ադրբեջանի անդամակցության հարցը հայկական կողմի համար շատ նուրբ պրոցես է լինելու: Ըստ նրա՝ ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարության համատեքստում պետք է անդրադառնալ նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին խոսակցությանը: «Սա հակամարտությունը սառեցնելու կամ հակամարտությունը սպանելու մասին դիրքորոշում է: Ռուսաստանը կարգավիճակը տեղափոխում է ապագա, Ադրբեջանն էլ փորձելու է այդ ապագան փակել՝ որպեսզի Հայաստանը վերջնականապես Արցախի կարգավիճակի մասին մոռանա եւ զրկվի դրա մասին խոսելու իրավունքից: Հայաստանն էլ իր հերթին  հայտարարում է, որ հարցը կարող է իր լուծումը գտնել միայն Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ իր տեսակետը համընկնում է արեւմուտքի տեսակետի հետ: Այստեղ բարդ խաղ է գնալու, մեզնից ճկունություն է պահանջվելու, մանավանդ պատերազմից հետո: Օրինակ՝ չպետք է թույլ տալ, որ խոսք լինի հակամարտության սառեցման վերաբերյալ, հակամարտության փակման հետ Հայաստանը չպետք է համաձայնի, ինչպես նաեւ չպետք է թույլ տալ ՌԴ ու Ադրբեջանի՝ այդ խնդիրը թաղելու շահային ընդհանրությունները իրականություն դառնան»:

Հարցին՝  44-օրյա պատերազմը, հայ- ադրբեջանական սահմանի լարվածությունը կապ ունե՞ն այս թեմայի ակտիվացման փորձերի հետ, Սաֆարյանն ասաց, որ սա առաջին հերթին Հայաստանի սուբյեկտայնության նվազեցման, հայ հասարակության վախերի ուժգնացման եւ պահանջներից հրաժարվելու նպատակ է հետապնդում:

«Ե՛վ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի կողմից սա ազդակ է, որ Հայաստանն իրեն ազատ չզգա իր որոշումներում եւ համաձայնի առաջարկվող պլաններին: Ադրբեջանին ՀԱՊԿ-ում տեսնելու գործընթացը Ռուսաստանի համար փուլերով է: Առաջին փուլում ՌԴ-ն ստացել է Ադրբեջանի համաձայնությունն իր տարածքում ռուս խաղաղապահներ տեղադրելու վերաբերյալ: Հիմա երկրորդ փուլն է լինելու: Ռուսաստանն Ադրբեջանից ակնկալում է, որ կդառնա ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, Ադրբեջանն էլ պահանջում է, որ Արցախի մնացած մասն էլ զիջվի իրեն:

Սա իր մեջ պարունակում է նաեւ շանտաժի էլեմենտներ: Գիտեք, որ 5 տարի հետո հրադադարի պայմանագիրը դադարում է գործել, եւ դա կարող է բերել նոր պատերազմի եւ ռուսական զորքի դուրսբերման: Ադրբեջանը հասկացնում է, եթե պետք է լինի Ռուսաստանի օրբիտրում, ապա պետք է Ղարաբաղի հարցը փակվի մեկընդմիշտ՝ իրավական պայմանագրերով: Վտանգավորն էլ այն է, որ Ռուսաստանը կգնա այդ համաձայնությանը միայն նրա համար, որ Ադրբեջանը թեքվի իր կողմ: Այս ամենը հասունանալու է մեր աչքի առջեւ, եւ Հայաստանը դրանից պաշտպանվելու իր ստրատեգիան պետք է մշակի»:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամագրումը ոչ միանշանակ է ընդունվում, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ նույնիսկ նախկին իշխանությունները չեն թաքցնում՝ ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չի տալիս, բացի Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելուց:

Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31