Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ չէ, որ նման ցավոտ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ»․ ԱԺ նախագահը՝ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին

Մայիս 25,2021 10:41

«Ռուսաստանն իր դաշնակցական պարտավորությունները չի կատարում՝ սյունիքյան ճգնաժամը հանգուցալուծելու համար։ Վերջերս դուք ՌԴ-ում էինք, ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել ձեր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ինչպես եւ այս դժվար հարցում, այնպես էլ նախորդիվ, խորհրդարանական դիվանագիտությունը գործում է ողջ ծավալով։ Պատգամավորները, պատվիրակները շատ ակտիվ են։ Գործադրվում են բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության ուշադրությունն այս կարեւոր խնդրի վրա սեւեռելու եւ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Այդ ջանքերի պտուղները երեւում են հայտարարությունների տեսքով։ Ինչ վերաբերում է իմ այցին, անկեղծ եւ կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։ ՀՀ-ն ունի միջազգային պայմանագրեր, որոնք առնչվում են անվտանգային հարցերին։ Չեմ կարծում, որ ՀՀ դաշնակիցները չեն կատարում կամ չեն կատարելու պարտականությունները։ Օրինակ, ՀԱՊԿ-ն ունի ընթացակարգեր, իսկ ՌԴ-ի հետ մեր խոսակցությունը շարունակվում է։ Լավատեսություն պահպանենք»։

Արման Բաբաջանյանը նկատեց, որ Ռուսաստանի միջամտությունը սահմանափակվում է սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով ստեղծելու առաջարկով․ «ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ այլ երկրների առաջարկները մենք անպատասխան ենք թողել։ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ընդունակ չեն անհրաժեշտ պաշտպանություն բերել ՀՀ-ին։ Ֆրանսիա, Հնդկաստան, Իրան, Կանադա։ Նրանք աջակցող բնույթի հայտարարություններ են հղել Հայաստանին»։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Վստահեցնում եմ, որ խորհրդարանական եւ գործադիր հարթության վրա մեր բոլոր գործընկերների հետ քննարկումները շարունակվում են։ Քննարկում ենք նաեւ հիմնական դաշնակից ՌԴ-ի հետ։ Ավելի հեռուն գնալով ասեմ՝ միշտ չէ, որ նման ցավոտ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ։ Սառնասիրտ, արդյունավետ աշխատանքը երբեմն ավելի ցանկալի է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31