Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. «Այն, ինչ ունենք, իշխող ուժի անգործության ու փնթիության հետևանքն է»․ «Փաստ»

Մայիս 25,2021 10:19

Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

«Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով, երբ որևէ բանաձև կամ միջազգային փաստաթուղթ ուղղակիորեն չի բխում Ադրբեջանի շահերից կամ հակասում է այդ շահին, Ադրբեջանը չի խորշում ձեռնպահ մնալ պահանջի կատարումից: «Այս իրավիճակում պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը ԵՄ անդամ չէ, ուստի դժվար կլինի պարտավորության չկատարման դեպքում անմիջականորեն որևէ սանկցիա մատնանշել: Այս համատեքստում հիշենք, որ ՄԻԵԴ-ը հօգուտ հայկական կողմի միջանկյալ միջոցներ է կիրառում, բայց Ադրբեջանն այդ դեպքում ևս ձեռնպահ է մնում դրանց կատարումից: Ադրբեջանը մինչ այս հրաժարվել է որոշումները կատարել՝ չներկայացնելով պատշաճ հիմնավորումներ: Մեծ հաշվով, այդ կառույցներն Ադրբեջանի վրա ազդելու կարճաժամկետ որևէ պատժամիջոց չունեն: Այլ հարց են երկարաժամկետ միջոցները: Օրինակ է ԵՄ մի շարք ծրագրերից, ֆինանսավորումներից զրկելու հնարավորությունները, որոնցից կարող են օգտվել և կիրառել ԵԽԽՎ-ն ու միջազգային կառույցները՝ որպես պարտավորվածությունների ու պարտավորությունների չկատարման հետևանք: Բայց կարճաժամկետ առումով ազդակի հնարավորություն չկա, և առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային կառույցների պահանջները»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նշվածի հետևանքով միջազգային մի շարք կոնվենցիաների համատեքստում հայկական կողմը վատ դրության մեջ է հայտնվում մեր հայրենակիցների ճակատագրերը, կյանքն ու անվտանգությունը երաշխավորելու տեսանկյունից:

«Բացի վերոգրյալից, Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված այն կետը, որը վերաբերում է նաև ռազմագերիներին վերադարձնելու պահանջին: Այս իրավիճակը մեծապես կախված է իշխող ուժի ձախողումներով: Սա անգործության հետևանք է, որովհետև խորհրդարանական դիվանագիտության աշխատանքը գրեթե զրոյական է: Սա իշխող ուժի տապալումն է: Ադրբեջանի կողմից ռազմագերիների հարցում ընդգծված հակաիրավական գործելաոճից բացի, այն, ինչ ունենք, իշխող ուժի անգործության ու փնթիության հետևանքն է»,ասաց նա:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևի ընդունմանը՝ նա նշեց, որ այն ոչ թե իշխող ուժի, այլ հիմնականում ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ պատգամավորական մանդատ չունեցողների, ինչպես նաև գործող ընդդիմադիր խմբակցության պատգամավորների և իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն էր. «Շատ դժվար է առանց իշխանական լծակների նման արդյունքի հասնել: Չունենալով իշխանական լծակներ՝ նրանք առատ փաստական հանգամանքներ ունեին: Իսկ իշխանության մակարդակով այս ամբողջ ընթացքում որևէ շոշափելի քայլեր չեն ձեռնարկել: Իշխող ուժը վատնեց այս վեց ամիսները, փաստական հանգամանքներն ու հնարավորությունները՝ երկրին կանգնեցնելով փաստի առաջ»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31