Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Բոլոր նրանք, ովքեր փորձում են Նիկոլին քննադատել, ձեռքի հետ էլ՝ մնացածին, ջուր են լցնում Նիկոլի ջրաղացին. «Հրապարակ»

Մայիս 25,2021 10:34

Հարցազրույց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

-Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար իր կարծիքը ներկայացնում է հանրությանը, այսօր էլ հերթական հայտարարությամբ ասաց, որ այս պարտության միակ պատասխանատուն Փաշինյանը չէ, այլ նախկիններն էլ են, եւ հատկապես սլաքներն ուղղեց երկրորդ նախագահի կողմը։

– Տեր-Պետրոսյանի գնահատականները՝ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, ինձ համար նորություն չեն, նա մշտապես փորձել է ներկայացնել, որ ղարաբաղյան խնդրի լուծման լավագույն տարբերակը 1997-ին իրեն առաջարկված տարբերակն է, որը ես չեմ կիսում եւ մեր կուսակցությունը։ Սպասելի էր Տեր-Պետրոսյանի գնահատականը, պարզապես անհասկանալի է եւ տարօրինակ, որ երեք տարվա այս ազգակործան կապիտուլյացիոն գործունեությունը մարդը փորձում է համեմատել 20 տարվա գործունեության հետ, երբ Արցախն անվտանգ էր, զարգանում էր, ու որտեղ Ադրբեջանի որեւէ իշխանություն չէր կարող հանդգնել հայ ժողովրդի եւ Հայաստանի որեւէ ղեկավարի հետ, լինի դա Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան, նման ձեռք առնելու տոնով խոսել։ Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանն ունի իր կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը, էն, որ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան եռյակի՝ արցախյան հարցում դիրքորոշման ջատագովներ ենք, այստեղ երկու կարծիք չկա։ 20 տարին ապացուցեց, որ՝ այո, մենք ճշմարիտ ուղիով ենք գնում։ Երկրորդը․ պարոն առաջին նախագահն իշխանության է եկել «Մի-ա-ցում» վանկարկումներով եւ այդ գաղափարի շուրջ, իսկ արդյոք 1997 թ․ տարբերակը՝ փուլային, որը դրված էր սեղանին, եւ որի մասին հիացական խոսքերով խոսում էին Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը, ապահովո՞ւմ էր միացում։ Իհարկե, ոչ։ Բայց մի բան ակնհայտ է, որ 2016 թ․ հետո՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, պարոն առաջին նախագահը դրական էր խոսում Սերժ Սարգսյանի կողմից բանակցվող փաստաթղթի մասին։ Եվ մեջբերեմ, ասում էր՝ եթե կա մի ուղի, կա մի տեղ, որտեղ ես պաշտպանում եմ Սերժ Սարգսյանին, դա արցախյան հիմնահարցում բանակցային փաթեթն է, որ կա։ Իսկ դա տարածքներ կարգավիճակի դիմաց է, եւ Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։ Հիմա ով ինչ կասի, չի ասի՝ լավագույն ժառանգությունը, որ ներկայացրել են համանախագահները, դա մեր ժամանակաշրջանի փաստաթղթերն են, որտեղ Արցախը հնարավորություն էր ունենալու հետագայում նաեւ կոնկրետ ՄԱԿ-ի կողմից անվտանգության երաշխիքներով մինչեւ անկախության հանրաքվե իրականացնել։ Այսինքն՝ ի՞նչն ենք ինչի հետ համեմատում, մի բան ակնհայտ է, որ լավագույն փաստաթուղթը եղել է էն փաստաթուղթը, որը մենք ժառանգել ենք էս կապիտուլյանտին։ Ես անթույլատրելի եմ համարում ցանկացածի կողմից պատասխանատվության ու մեղավորության հավասարության նշան դնելը Նիկոլի եւ մնացածի միջեւ։ Նիկոլն էս երեք տարվա մեջ ավելի աններելի սխալներ է արել, քան երեսուն տարվա մեջ մեր բոլոր վարչակարգերը։ Սա փաստ է։

– Ստացվում է՝ առաջին նախագահն ավելի շատ մեղադրում է երկրորդ նախագահին, եթե ձեր ղեկավարման տասնամյակում համընկնում էին տեսակետները արցախյան խնդրի լուծման հարցում։

– Չէ, տեսեք, մեր եւ Տեր-Պետրոսյանի գնահատականները մշտապես տարբեր են եղել։ Տեր-Պետրոսյանը եղել է փուլային տարբերակի կողմնակից, մենք՝ փաթեթային։ Եվ այն, ինչ մենք բանակցել ենք, դա լրիվ այլ բան է, քան փուլայինը։ Տեր-Պետրոսյանի ժամանակ, առանց մեղադրանքի, զուտ փաստն եմ արձանագրում, Արցախի կարգավիճակի խնդիր չի եղել։ Էնտեղ բանակցել են տարածքների շուրջ, տարածքներից պետք է դուրս գանք, հետո կերեւա։ Մեր բանակցած փաստաթղթում առաջնայինը եղել է կարգավիճակի հարցը։ Բայց բնական եմ համարում նաեւ, որ Տեր-Պետրոսյանը փորձելու է նաեւ այս փուլում ներկայացնել իր ճշմարտացիությունը, բայց եթե Տեր-Պետրոսյանին ու Փաշինյանին համեմատենք, միանշանակ՝ Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը հազար գլուխ ավելի լավն էր, քան բերել է Փաշինյանը։ Եվ բոլոր նրանք, ովքեր փորձում են Նիկոլին քննադատել ու մեղադրել, ձեռքի հետ էլ՝ մնացածին, նրանք անուղղակիորեն ջուր են լցնում Նիկոլի ջրաղացին։

– Ձեր ցուցակների մասին էլ է շատ խոսվում, որ ՀՀԿ կորիզը չի լինելու ցուցակում․ Դուք, Արմեն Աշոտյանը, Արտակ Զաքարյանը, մյուսները կլինե՞ն, թե՞ ոչ։

– Ես իմ փոխարեն ասեմ՝ ես չկամ ցուցակում, որովհետեւ ես Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների օրակարգն արդյունավետ չեմ համարում, ես կարծում եմ՝ ավելի արդյունավետ էր համախմբվել եւ փողոցով նրան հեռացնելու տարբերակը, եւ ես ասել եմ, որ եթե նույնիսկ իմ կուսակցությունը մասնակցի, ապա ես չեմ առաջադրվի։ Ավելին, ես արդեն նշել եմ, որ իմ պայքարը մանդատի համար չէ, ամենեւին ստվեր չեմ ուզում գցել առաջադրված մեր ընկերների վրա, բայց Էդուարդ Շարմազանով քաղաքական գործիչն ակտիվ պայքարելու է, աջակցելու է «Պատիվ ունեմ» դաշինքին, ինչպես պայքարել է 2018 թվականին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31