Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանցագործները համարանիշերը գողանալուց հետո տուժողի մեքենայի վրա թողնում են հեռախոսահամար ու նշում. «Հայցում ենք Ձեր ներողամտությունը». «Հայկական ժամանակ»

Մայիս 25,2021 09:00

Մայրաքաղաքի բակերում վերջին ամիսներին հաճախ կարելի է հանդիպել առանց համարանիշերի ավտոմեքենաների: Սա ոչ թե նոր թրենդ է, այլ հանցավորության դեմ կիրառվող հակընդդեմ հնարք: Բանն այն է, որ վերջին շրջանում թանկարժեք համարանիշերը հայտնվել են հանցավոր խմբերի թիրախում, եւ տուժողի կարգավիճակից խուսափելու համար շատերը սկսել են դիմել ինքնապաշտպանական մեթոդների՝ քնելուց առաջ հանելով մեքենաների համարանիշերը:

Հանցագործները համարանիշերը գողանալուց հետո տուժողի մեքենայի վրա թողնում են «Տելեգրամյան» ալիքում գրանցված հեռախոսահամար, որի միջոցով տուժողները պետք է իրենց հետ կապ հաստատեն եւ ավելի մատչելի գնով փորձեն ձեռք բերել իրենց իսկ համարանիշը: Գրության մեջ նրանք չեն մոռանում բարեկրթություն ցուցաբերել եւ նշել՝ «Հայցում ենք Ձեր ներողամտությունը»: Տելեգրամյան ալիքը, բնականաբար, անանուն է, եւ ոստիկանների համար բավականին բարդ է դուրս գալ նրանց հետքի վրա:

Այստեղ խնդիրն այն է, որ օրենքով 2 համարանիշերի կորստի դեպքում քաղաքացին չի կարող կրկնօրինակը ստանալ ոստիկանությունից եւ միայն 1 համարանիշի կորստի դեպքում է հնարավոր տուրք վճարել եւ 1 օրինակ ստանալ: Հակառակ դեպքում քաղաքացին ստիպված է կա՛մ պետական տուրքը վճարել հերթական համարանիշ ձեռք բերելու համար, կա՛մ իր ուզած համարանիշի համար դարձյալ մի կլորիկ գումար վճարել:

Այսինքն, եթե մարդն ունի, օրինակ, 1 մլն դրամանոց համարանիշ եւ դրա գողության դեպքում նրանից պահանջում են 300 հազար դրամ, նա իր համարանիշը հետ ստանալու համար ստիպված վճարում է հանցագործներին: Ընդ որում, այն վճարվում է ոչ սովորական հաշվեհամարների: Կարող է պահանջ լինել գնել թվային արժույթ (ենթադրենք բիթքոին) վերոնշյալ գումարի չափով եւ այն փոխանցել մեկ այլ հաշվեհամարի: Իսկ գումարը վճարելուց հետո քաղաքացուն ուղարկում են քարտեզով այն հասցեն, որտեղ գտնվում են գողացված համարանիշերը:

Համացանցում նույնիսկ լուսանկարներ կան տարածված, թե ինչպես են տուժողները բանակցում հանցագործների հետ եւ շատ դեպքերում նաեւ գին «գցում»:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31