Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը վերջնականապես կհաշտվի այն իրողության հետ, որ թշնամական երկրի զինուժը կարող է անարգել հատել Հայաստանի սահմանը և դիրքավորվել մեզ պատկանող տարածքում. «168 ժամ»

Մայիս 25,2021 09:30

Մայիսի 12-ին, երբ հայտնվեցին առաջին տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները հայտնվել են Սև լճի տարածքում, ապա՝ Վարդենիսում, հասարակությունը սկզբնական փուլում շոկ ապրեց, որն ուղեկցվեց անհանգստության ու անորոշության խորը զգացումով։

Բայց օրերի հետ հանրությունն աստիճանաբար սկսեց համակերպվել այդ՝ առաջին պահին աներևակայելի ու անկարելի թվացող տեղեկությանը, ինչի արդյունքում, արդեն 13-րդ օրն է՝ ադրբեջանական զինվորները՝ ավելացող քանակով, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Հիմա կատարվածի, ըստ էության, վերջին՝ ընդունման փուլն է, որից հետո արդեն հասարակությունը վերջնականապես կհաշտվի այն իրողության հետ, որ թշնամական երկրի զինուժը կարող է անարգել հատել Հայաստանի սահմանը և դիրքավորվել մեր երկրին պատկանող տարածքում։

Նույնպիսի տեխնոլոգիայի արտահայտություն էր հերթական եռակողմ հակահայկական փաստաթղթի ստորագրման մասին պատմությունը։ Սկզբում այն առաջացրեց շոկ, որոշ մարդիկ դուրս եկան փողոց, և այլն, ապա հանրությունը մտավ նաև այդ տեղեկատվության հետ համակերպման ռեժիմի մեջ, որին հաջորդելու է ընդունման փուլը։ Այդ փաստաթղթի մասին տեղեկություններին զուգահեռ, «հընթացս» սկսեցին քննարկել նաև անկլավների հարցը․ կրկին՝ սկզբում շոկ, ապա՝համակերպում, և, ի վերջո, ընդունում։

Դժվար է ասել՝ ո՞ր երկրներից և ովքե՞ր են աշխատում այս տեխնոլոգիաները հայկական իրականությունում կիրառելու գործընթացում, բայց վստահաբար աշխատողներ կան, ընդ որում, դրանք կարող են լինել միանգամից մի քանի, անգամ հակադիր բևեռներից։ Նաև այս տեխնոլոգիաների անտեսանելի ազդեցության արդյունքն է իրողությունը, որ պատերազմից ընդամենը 6 ամիս անց, երբ դեռ Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, բազմաթիվ ծնողներ իրենց զավակներին են փնտրում զոհվածների և ողջերի մեջ, թշնամին գրեթե ամեն օր մեր տարածք է ներխուժում և պահանջներ ներկայացնում, արդեն գրեթե որևէ մեկը չի խոսում Արցախի մասին, հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սյունիքի ու մյուս սահմանամերձ մարզերի վրա։

Հայ հասարակությունն արդեն իսկ համակերպվել և ընդունել է Արցախի, Շուշիի, այլ բնակավայրերի կորստի, հազարավոր զոհերի ու վիրավորների իրողությունը, ինչն այդ նույն տեխնոլոգիաները կիրառողներին խիստ անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես փակելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31