Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիշա Հովհաննիսյան․ «Շուշիի շրջանի համայնքների բոլոր դպրոցներն արդեն գործում են»

Մայիս 24,2021 22:25

Շուշիի շրջանի համայնքների բոլոր դպրոցներն արդեն գործում են, վերականգնված են ենթակառուցվածքները՝ գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիան։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ տեղահանված բնակիչներն արդեն վերադառնում են․ «Դե որ կացարան ենք տալիս՝ մարդիկ վերադառնում են։ 6-7 հազար տեղահանված կար Շուշվա շրջանից, 1500-ը գտնվում են Հայաստանի հանրապետությունում, մնացածը՝ Արցախի հանրապետության տարածքում, Ստեփանակերտում, գյուղերում»։ Պարոն Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ նախ՝ բազմազավակ ընտանիքների համար են տներ գնել, նորոգել ու տրամադրել նրանց։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Շուշի քաղաքը, Քիրսավան եւ Քարին Տակ համայնքները։

Քարին տակի համայնքից տեղահանված բնակիչներին նոր կացարանով ապահովելու համար բոլոր փաստաթղթերը պատրաստ են, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ նրանց համար 145 տուն կկառուցեն, թաղամասը Նորագյուղի շարունակությունը կլինի․ «Մնացած շուշվեցիներին կացարաններ կտան երեւի Ստեփանակերտում։ Առաջնահերթ տներ կտրամադրվի, երեւի հուլիսին արդեն կլինի, զոհվածների, վիրավորների եւ զինհաշմանդամների ընտանիքններին։ Այդ բնակարանների քանակը հուլիսին պատրաստ կլինի, անցյալ տարվա կիսակառույցները կավարտեն ու կշահագործեն։ Մնացածը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը արդեն կպատրաստվեն, շենքեր կկառուցվեն եւ կտրամադրվեն Շուշվա եւ Հադրութի բնակչությանը»։

Լիասգորում արդեն հինգ տուն է նորոգվել, չորսը՝ գրեթե նորոգված է, 13- ը նախատեսված է, որ առաջիկայում նորոգեն, այստեղ 13 ընտանիք, ընդհանուր՝ 32 բնակիչ, դպրոցն աշխատում է, 6 աշակերտ ունի։ 7 աշակերտ էլ Հին Շենի դպրոցում կա, 4-ն էլ՝ Մեծ Շենում։ «Նայած էլի, մարդիկ կամաց-կամաց գալիս են»,-ասաց Գրիշա Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ վերանորոգման հարցը ավելի հեշտ կլիներ, եթե օրինակ Լիսագորի տները ՄՈԲ-ը վնասած չլիներ, պատմեց՝ պատերազմի օրերին ՄՈԲ-ը Լիսագորի տների դռներ, պատուհաններ, հատակ քանդել են որպես վառելափայտ են օգտագործել․«Քանդուքարափ են արել տները, կեսը տարել, կեսը՝ փչացրել։ Էդ տեսակ բաներ էլ է եղել, դե ՄՈԲ-ը պատերազմի օրերին գյուղում էր մնում»։

Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց՝ եթե տեղահանվածների բնակարանային հարցն արագ չլուծվի, ապա արտագաղթն անխուսափելի է, բայց ամենակարեւորը՝ անվտանգության եւ Արցախի կարգավիճակի հարցն է․«Ճիշտ է, ռուս խաղաղապահները կանգնած են, բայց վերջիվերջո, պիտի կարգավիճակ ունենանք»։

Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը հաճախ է անցնում Հին Շենով, Մեծ Շենով, ասաց՝ ռուս խաղաղապահների հենակետեր կան, անցնում են, անձնագրերը ստուգում են․«Միջադեպ տեղի չի ունեցել մեր շրջանում, Եղցահողում մեր զորքերի հենակետն է, Լիսագորում՝ խաղաղապահների։ Երկու մետր արանքով գնում ենք, ադրբեջանցիները մի քանի մետր տարբերությամբ էն կողմ կանգնած են, առայժմ առանձնապես բան չի պատահել, բայց մեկ-մեկ հայհոյում են»։

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարը վստահ է՝ բնակչության 80%-ը կվերադառնա եւ եթե կացարանով ապահովեն․«Մենք էլ պայմանավորվել ենք՝ հովանավորի միջոցով գազօջախ, լվացքի մեքենա, սառնարան ենք տրամադրում այն ընտանիքներին, որոնց արդեն կացարան է տրամադրվում, տունը որ լինում է՝ հովանավորին խնդրում ենք, օրինակ՝ սառնարան տալ։ Էսպես կարողանում ենք հարցը լուծել»։

Կացարանը խնդրիրը փորձում են լուծել, բայց այս մարդկանց նաեւ աշխատանք է պետք, մեծամասամբ գյուղատնտեսությամբ պետք է զբաղվեն՝ մեղվաբուծություն, ոչխարաբուծություն, հողագործություն։ Արդյոք անվտանգ է ապրելն ու գյուղատնտեսությամբ զբաղվելը, հակառակորդի նշանառության տակ չե՞ն, հարցին օ պատասխան Գրիշա Հովհաննիսյանն ասաց․ «Ղարաբաղ տեղ անվտանգ տեղ չկա, խի՞ Ստեփանակերտն անվտա՞նգ է, ամենամոտն է Շուշիին։ Որ մտածենք ադրբեջանցիների նշանառության տակ ենք, պիտի չապրենք, հիմա մեր ճակատագիրն էդպես է, ի՞նչ անենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31