Տավուշի սահմանամերձ հատվածներում իրավիճակը խաղաղ է և գյուղացիները զբաղված են իրենց առօրյա գյուղատնտեսական գործերով։
Այս մասին այսօր մեզ հետ զրույցում նշել է Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վալեր Օրդյանը՝ պատասխանելով Տավուշի սահմանամերձ որոշ հատվածները Ադրբեջանին հանձնելու լուրերին։
«Ես չգիտեմ, թե ով է տեղեկություններ մամուլում տարածում, որ Տավուշի մարզի որոշ հատվածներ հանձնվելու է Ադրբեջանին, բայց նման բան չկա և սահմանամերձ հատվածներում իրավիճակը շատ հանգիստ է ու խաղաղ։ Նմանատիպ խոսակցություններ և ասեկոսեներ այստեղ չեն պտտվում ու ժողովուրդը իր բնականոն կյանքով է ապրում՝ իրենց գործերով են զբաղված ու ոչ մի տագնապ ու խուճապ չկա»,- նշել է Օրդյանը։
Նրա խոսքով՝ նմանատիպ տեղեկություններ տարածող լրատվամիջոցները ավելի շատ ծառայում են հակառակորդ երկրին, քան Հայաստանի Հանրապետությանը.
Կարդացեք նաև
«Չգիտեմ ովքեր են նման լուրեր տարածում, և ես անգամ չեմ ուզում նման լուրերի արձագանք տամ, քանի որ դրանք իրականության հետ կապ չունեցող լուրեր են։ Նման տեղեկություններ տարածող լրատվամիջոցները միգուցե աշխատում են հակառակ պետության համար»։
Սաթենիկ Հովսեփյան