Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Տաթեւի խոշորացված համայնքում․ Տաթեւի վարչական ղեկավարին ազատել են աշխատանքից

Մայիս 24,2021 20:44

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ Տաթեւի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանը оրեր առաջ՝ մայիսի 11-ին ազատվեց աշխատանքից։ Նա այս տարվա փետրվարի 23-ին էր նշանակվել պաշտոնակատար եւ փաստորեն համայնքը ղեկավարեց երկուսուկես ամիս։ Հիշեցնեմ, որ Տաթեւի համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրացել էին, իսկ քանի որ Հայաստանում փետրվարին ռազմական դրություն էր, ըստ գործող կարգի՝ այդ դեպքում բոլոր ընտրությունները հետաձգվում են։

Մուշեղ Հովսեփյանը նշանակվեց Տաթեւը 13 տարի ղեկավարած Մուրադ Սիմոնյանի փոխարեն։ Արդյո՞ք Հովսեփյանին ազատել են ընդդիմադիր հայացքների՞ համար։ «Նման մի բանի համար, այո, թերեւս իմ հայացքների համար, միանգամից մարզպետի որոշմամբ ազատեցին»,–ասում է Հովսեփյանը։

Վերջինիս փոխարեն նշանակված Արթուր Մաթեւոսյանը չի կարող ընդդիմադիր հայացքների համար մեղադրել որեւէ մեկին, տեղյակ չի՝ ինչու ազատեցին կամ ով է իր ղեկավարած համայնքում ընդդիմադիր։ Հաշվի առնելով մի քանի հանգամանքներ, մասնավորապես ընկերականն ու իր նախորդի փորձը՝ նա առաջարկել է Մուշեղ Հովսեփյանին միասին աշխատել։ Վերջինս հրաժարվել է։ «Անկեղծ, իմ համար վիրավորական էր, այս ձեւով ինձ աշխատանքից ազատելը։ Ուղղակի պիտի մի քիչ սիրուն ազատեին։ Էդքան իմ աշխատանքից հետո այսպես պիտի չվարվեին իմ հետ։ Հապճեպ արեցին ու իրենց ուզածով»,–ասաց Հովսեփյանը։

Տաթեւի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը մինչեւ այսօր մեկ հոգու էր ազատել աշխատանքից։ Վարորդի հաստիք կար, բայց վարորդ չկար։ Նրան է ազատել աշխատանքից ու առաջարկել պետության հասցրած վնասը վերականգնել։ «Քրեական գործ պիտի հարուցվեր, բայց ես ոստիկան չեմ, ասել եմ մուծեք ու հանգիստ ապրեք։ Սա կոռուպցիա է»,–Aravot.am-ի հետ ասաց Արթուր Մաթեւոսյանը։ Ի դեպ, թե՛ Արթուր Մաթեւոսյանը, թե՛ Մուշեղ Հովսեփյանը մասնակցելու են աշնանը կայանալիք Տաթեւի համայնքի ղեկավարի ընտրություններին։ Ավելացնեմ, որ Տաթեւ խոշորացված համայնքի մեջ 7 գյուղ են մտնում՝ Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Շինուհայր, Խոտ, Տանձատափ, Քաշունի։

Ծեծե՞լ են մարզպետի որդուն

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ առեւանգել ո ծեծել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կրտսեր որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Պատճառը Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի եւ հոր միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն էր։ «Լաստ» լրատվականի հետ զրույցում մարզպետի որդին հերքել էր տեղեկությունները, նշել՝ ինքը տանն է, Գոռ Մինասյանը խնդիր ստեղծող տղա չէ, իսկ Կարեն Պողոսյանը խնդիր ունի «միայն թուրքի հետ»։

Կարեն Պողոսյանը

 

Տաթեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ ինքը ոչ մի ծեծկռտուքից ու միջադեպից տեղյակ չէ։ Նաեւ նշեց, որ Գոռ Մինասյանին արդեն ազատել է վարչական ղեկավարի պաշտոնից։ Ո՞րն է պատճառը՝ հարցրինք Մաթեւոսյանից։ «Դուք ինձանից լավ գիտեք։ Միայն չասեք ընդդիմադիր է, դրա համար։ Ո՛չ, ես հանգիստ եմ սիրում, լարված մթնոլորտը ուզում եմ վերացնեմ, ուզում սաղ հանդարտ լինի, ամեն մեկը զբաղվի իր գործով։ Իսկ Գոռ Մինասյանի նկատմամբ ինչքան գիտեմ հարուցած քրգործ կա։ Մի խոսքով՝ ես աշխատում եմ, խնդրում եմ մի խանգարեք»,–ասաց Արթուր Մաթեւոսյանը։

Արթուր Մաթեւոսյանը

Տաթեւի վարչական արդեն նախկին ղեկավար Գոռ Մինասյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։ «Խնդրում եմ մի ուրիշ անգամ, բայց ոչ այսօր»,–ասաց Գոռ Մինասյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ Ֆեյսբուքյան էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31