Գյումրիում լույս տեսնող միակ տպագիր թերթը՝ «Շրջապատ»-ը, որն ունի հասարակական-քաղաքական ուղղվածություն, դարձավ 17 տարեկան։
«Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թերթի տպաքանակը գնալով նվազում է:
«Մեր թերթը լույս տեսավ 2004 թվականի մայիսի 19-ին՝ 500 օրինակով։ Երկրորդ օրը քաղաքում թերթ չէր մնացել։ Հաջորդ շաբաթ 3000 տպաքանակով ենք լույս տեսցրել։ Դա մեծ բում էր։
Կարդացեք նաև
Ովքեր ուսումնասիրել են տեղի տպագիր մամուլը, գիտեն, որ անկախ թերթ ունենալը գրեթե անհնար էր․ որը քաղաքական կուսակցության խոսափողն էր, որը՝ որևէ օլիգարխի, նույնիսկ եկեղեցու։ Կային թերթեր, որոնք ֆինանսավորվում էին մարզպետարանի կամ քաղաքային իշխանության կողմից։ Հպարտորեն պիտի ասեմ, որ մեր թերթը 17 տարիների ընթացքում ինքնաֆինանսավորվել է։ Այնպես չէ, որ օլիգարխները կամ կուսակցապետերը մեզ չեն առաջարկել «օգնություն», որևէ մեկի գերին չենք դարձել։ Ես ուրախ եմ, որ ազատ ենք շնչում, մեր միակ ֆինանսավորողը ընթերցողն է։ Մեր զավակի պես ենք վերաբերում թերթին, ամուսիններով ենք աշխատեցնում»,-ասում է Եպրաքսյա Մեխակյանը։
Մեր զրուցակցն ասում է, որ այսօր տպագիր մամուլ պահելը մեծ հերոսություն է, քանի որ տարեց մարդկանցից սկսած՝ բոլորը համացանցում են։
«Այժմ տպաքանակը մոտ 1000 է, բայց լողացող թիվ է։ Թերթի վաճառքի վրա ազդում է սեզոնայնությունը, օրինակ՝ գարունը, երբ կանաչին է դուրս գալիս, մարդը կարող է մի կապ կանաչի գնի իր գումարով, բայց թերթ գնելու համար փողը խնայի։ Զատկի տոներին կարող է թերթ չգնեն։
Տարօրինակ բան եմ ասում, բայց մարդիկ անկեղծանում են։ Մեզ մոտ գալիս են հայտարարություններ տալու, բոլորի հետ զրույցի ենք բռնվում՝ սկսած, թե ինչո՞ւ են տունը վաճառում, ի՞նչ դարդ ու հոգս ունեն ու հետո անցնում ենք թերթերին։
Ասում են՝ վստահում ենք, սիրում ենք, բայց երբ ասում եմ՝ ինձ տպաքանակը չի գոհացնում՝ որպես խմբագիր, գոնե պիտի կարողանամ ծախսածածկույթն ապահովել, մեկ էլ անկեղծանում են, թե ծիրանը ելել է, ո՞նց չառնես, փակես։ 150 դրամ շաբաթական թերթին տալը իրենց համար շատ ծանր է»,- ասում է Եպրաքսյա Մեխակյանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ իր թերթի ընթերցողները հիմնականում միջին ու բարձր տարիքի անձինք են, նրանք են, ովքեր տպագիր մամուլի սիրահար են։
«Շրջապատ»-ի հիմնադիրն ասում է՝ դավաճանած կլինի իր սկզբունքներին, եթե դադարեցնի տպագիր թերթ հրատարակելը։ Նա այդպիսի զգացողություններ ունեցել է կորոնավիրուսի սկսվելու ու պատերազմի ընթացքում, երբ ժամանակավորապես դադարեցրել է թերթի հրատարակումը։
«Մարդիկ գալիս, հարցնում էին՝ ինչո՞ւ չի հրատարակվում։ Նրանք խոստովանում էին, որ տպագիր թերթն ավելի վստահելի է, քանի որ այնտեղ գրած ամեն բառից կարող են կառչել։ Ասում էին՝ դուք պատասխանատվություն եք կրում դրա համար, քան համացանցը։ Այն, ինչ կարդում ենք համացանցով, կարող է ջնջվել, կորցնենք, չգտնենք, թե որտեղ էր գրված։
Եթե ես 1000 տպաքանակով պահում եմ թերթն այս պայմաններում, այս իրավիճակում, դա մեծ աշխատանք է, մանավանդ ինքնաֆինանսավորմամբ, երբ գովազդատուներ բացարձակապես չկան։ Հեռուստատեսային գնային քաղաքականությունն այնքան է իջել, որ գովազդատուները գերադասում են հեռուստատեսությանը տալ իրենց պատվերը, քան շաբաթը մեկ անգամ լույս տեսնող թերթին։ Ես դա հասկանում եմ, ընկալում եմ, չհաշված որ սոցիալական ցանցերի առկայության պայմաններում կարող են իրենց գովազդը, հայտարարությունները տեղադրել այնտեղ անվճար»։
Ըստ Եպրաքսյա Մեխակյանի, մեծ խնդիր է նաև Գյումրի քաղաքը իր երբեմնի մեծ տպարանից զրկելը։
«Երբ փակվեց տպարանը, սկսվեց պանդխտային կյանք։ Շիրակի մարզի թերթերը սկսեցին մայրաքաղաքում տպագրվել, Երևանի տպարաններից դռնեդուռ ընկան, որովհետև շատ թանկ էր, նաև ավելանում էր ճանապարհածախսը։ Բավական մեծ վնասներ կրեցինք, մինչև որ տեղի տպագրատներից մեկը, անունը չեմ նշում, որ գովազդ չհնչի, հնարավորություն տվեց որոշակի ցածր գնով Գյումրիում տպագրել թերթը։ Նրանք, ովքեր թերթի հետ աշխատանք ունեն կամ թղթի վաճառքով են զբաղված, շատ լավ գիտեն` թղթի գինը թանկացել է, ԵԱՏՄ-ի սահմանային գինն է բարձրացել։
Եթե դիտարկենք, որ 16 էջանոց թերթը դեռ վաճառում ենք 150 դրամով, այդ նույն գնով, ինչ 10 տարի առաջ էր, սա մեծ զոհաբերություն է։ Թանկացել է ամեն ինչ, բացի մեր թերթից։
Նորից եմ ասում՝ Գյումրիի այդ տպարանի շնորհիվ է, որ մենք դեռ կարողանում ենք պահել թերթը, բայց եթե մի օր տպարանի հիմնադիրն ասի՝ X դրամով եմ թանկացնում, էլ չենք կարողանա շարունակել, հրաժեշտ կտանք տպագիր մամուլին»,- ասում է մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Եպրաքսյա Մեխակյանի