Գեղհովիտ համայնքի Ա․Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմներում զոհված գեղհովիտցիների հիշատակն ամփոփող հուշարձան-պուրակի: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ՊՆ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, Ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ Հակաօդային պաշտպանության ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ։ Հուշարձանն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին:
«Հուշարձանի պատվանդանի կողքին տեղադրված գրքի վրա փորագրված է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած մեր երեք սաների՝ Վահե Ասատրյանի, Գարիկ Հովհաննիսյանի եւ Ռադիկ Թաթոսյանի անունները: Այս հուշարձան-պուրակի կերտմամբ մենք մեր խոնարհումն ենք բերում նաեւ Գեղհովիտի անունը փառքով պսակած հերոսներ Հակոբ Սարգսյանին, Օնիկ Գրեյանին, էգդար Գրեյանին, Անդրանիկ Մուսիկյանին, Հարություն Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին, Լաերտ Պողոսյանին, Արամ Մանջոյանին, Գարիկ Իսպիրյանին,Երվանդ Խաչատրյանին, ովքեր զոհվեցին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամ մարտական ծառայության ընթացքում: Այս պուրակում մենք ոգեկոչման զանազան միջոցառումներ կանենք, այստեղ հայրենիքի ծառայության մեկնելուց առաջ կերդվեն մեր նորակոչիկները։ Հետագայում դպրոցի մուտքի մոտ կկառուցվի նաև Հաղթանակի կամարը»,- ասաց դպրոցի տնօրեն, Արցախյան ազատամարտի մասնակից Էդվարդ Ասլանյանը։
«Այսօր բոլորիս համար հուզումնալից օր է, քանի որ մենք մեր խոնարհումն ենք բերում այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար նահատակվեցին՝ գնալով գիտակցված մահվան։ Այս հուշակոթողն այլեւս մեզ շատ բան է պարտավորեցնում։ Այո՛, մենք մեր հերոսների առաջ ունենք ծաղկուն հայրենիք եւ հզոր պետություն կերտելու պարտավորություն։Նրանք զոհվեցին, որ կանգուն ու ամուր մնա մեր երկիրը, որ շարունակվի խաղաղ ու ստեղծարար կյանքը։ Մեր անմահ հերոսների սիրելի ծնողներ, խնդրանքս է, որ դուք երբեք չընկճվեք, հպարտ մնացեք, քանի որ այդպիսի հայրենասեր ու քաջարի զավակներ եք ծնել, սնել ու դաստիարակել։ Նույն հպարտությունը պետք է զգան այս դպրոցի ուսուցիչները, որոնց սերմանած հայրենասիրական գաղափարները շունչ են առել մեր հերոսների անմահ սխրանքներում։Մեր քաջարի հերոսները դեռ շատ սերունդների կոգեշնչեն իրենց անուններով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտահղացել ու կերտել են այս հուշարձան-պուրակը՝ մեր հերոսների հավերժության խորհուրդը։ Շնորհակալ ենք նաեւ Արցախյան պատերազմի այն հերոսներին, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի եւ հպարտորեն ապրում են մեր կողքին։ Մենք այլ տարբերակ չունենք, քան ապրելու եւ արարելու, շենանալու եւ հզորանալու ձգտումն է»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտները։ Միջոցառման ավարտին Գեղհովիտի գյուղապետարանի կողմից հուշանվերներ հանձնվեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Գեղհովիտի համայնքապետարանի եւ թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության շնորհակալագրերով պարգեւատրվեցին հուշարձան- պուրակի ստեղծման մեջ ավանդ ներդրած քաղաքացիները:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան