«Ներկայում շինարարությունն ավելի մեծ տեմպերով է իրականացվում, բայց եղած տեմպերով ես, ամենեւին, բավարարված չեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Պարոն Բեգլարյանին հիշեցրինք՝ 3-4 ամիս առաջ հայտնած մտահոգությունը, որ Արցախյան պատերազմից այդքան ամիսներ անց Արցախը չի վերածվել մեծ շինհրապարակի ինչպես որ ակնկալվում էր, քանի որ մեծածավալ շինարարության համար ֆինանսական միջոցների եւ աշխատուժի խնդիր կա։ Ըստ նրա,
գլխավոր խնդիրը ֆինանսական ռեսուրսների պակասն է կամ գրեթե բացակայությունը, քանի որ նոյեմբերից հետո մինչ այդ օրը խոշոր ֆինանսական ռեսուրս չի ներգրավվել բնակարանաշինության ծրագրերում, որը պետք է առաջին հերթին լիներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարներով։
Արտակ Բեգլարյանը ֆինանսների բացակայությունը նաեւ պայմանավորել էր հիմնադրամում եղած «ինչ-ինչ խնդիրներով ու դանդաղ բյուրոկրատիայով»:
Այսօր Արտակ Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ կրկին գտնում է, որ խնդիրը հիմնադրամի՞ հետ է, թե այլ խնդիրներ էլ կան, պարոն Բեգլարյանն ասաց՝ չի կարող հիմա միանշանակ գնահատական տալ. «Ամբողջությամբ ու խորությամբ չեմ տիրապետում խնդիրներին, բայց կարծում եմ, որ մեզ մոտ էլ խնդիրներ կան, ՀՀ օրենսդրությամբ պայմանավորված հիմնադրամի ընթացակարգերում էլ բարելավման տեղեր կան: Հիմա, ուղղակի լիազոր պաշտոնյաների կարծիքը հաշվի առնելով եմ ասում: Միայն հիմնադրամը չէ. Դոնորներ եւ լիազոր մարմիններ փոխգործակցության, հաղորդակցության խնդիրներ էլ, միանշանակ կան: Իհարկե, նաև գումարի խնդիր էլ կա, որովհետեւ դոնորը միայն հիմնադրամը չէ: Մեր պետական բյուջեն էլ, բնականաբար, անսահմանափակ չէ, Հայաստանի Հանրապետության կառավարությունից էլ պետք է հատկացումներ լինեն: Այնքանով որքանով հասցնում են՝ հատկացումներ լինում են»:
Կարդացեք նաև
Այսինքն՝ ըստ Արտակ Բեգլարյանի ե՛ւ ռեսուրսի խնդիր ունեն, ե՛ւ եղած ռեսուրսների կառավարման: Ասաց, որ նաեւ ընթացակարգային խնդիրներ կան ե՛ւ տեղում, ե՛ւ ՀՀ-ում:
Արտակ Բեգլարյանը նաեւ հայտնեց, որ աշխատուժի խնդիր էլ կա. «Շինարարների մի մասն ասում են, եթե բավարար ծավալի գումարներ ներգրավեն, իրենք կարող են կայուն աշխատուժ ապահովել»:
Աշխատակազմի ղեկավարի կարծիքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է շատ ավելի ինտենսիվ ներգրավված լինի Արցախում. «Ի դեպ, իմ կարծիքով հիմնադրամի կենտրոնական գրասենյակը պետք է լինի Արցախում: Պատերազմից հետո այդ որոշումը պետք է կայացվեր եւ հիմնադրամի թիմը ամբողջությամբ տեղափոխվեր Արցախ: Հիմա էլ ուշ չէ, որովհետեւ, եթե մարդիկ այստեղ չեն գտնվում տարբեր դժվարություններ են առաջանում, ենթատեքստը, խնդիրները, երբեմն, չեն կարող ավելի խորությամբ հասկանալ»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի ղեկավար Աշոտ Բարսեղյանը Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ծրագրեր են ներկայումս իրականացվում Արցախում, ի պատասխան ասաց՝ հիմա Արցախը շինհրապարակ է եւ այս պահին բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, մեծ քանակությամբ բազմաբնակարան շենքեր են կառուցվում: Թե քանի շենք է կառուցվում, Ադրբեջանի տիրապետության տակ անցած ո՛ր բնակավայրերի, քանի բնակչի համար, Աշոտ Բարսեղյանն ասաց, որ այդ ողջ տեղեկատվությունը փաստաթղթավորված է եւ մեզ կտրամադրի առաջիկայում:
Պարոն Բարսեղյանին փոխանցել էինք Արտակ Բեգլարյանի դիտարկումները՝ հիմնադրամում եղած բյուրոկրատիայի եւ ինչ-ինչ խնդիրների վերաբերյալ: Ինչին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց՝ հիմնադրամում բյուրոկրատիա բացարձակապես գոյություն չունի:
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ հիմնադրամի գումարներն ուղիղ չէին կարող տրվել շինարարական կազմակերպություններին եւ դրա համար մրցույթ է հայտարարվել, ինչը եղել է պարզեցված գործընթացով. «Քանի որ հիմնադրամը փոքր կառույց է, բյուրոկրատիա բացարձակ չկա: Ամենապարզունակ թղթաբանությունն է, այդ մեծ գումարը, որը հավաքվել է, պետք է նպատակային օգտագործվի եւ ամեն մի կոպեկի համար մենք հաշվետու ենք մեր նվիրատուների առաջ: Սովորական ընթացակարգեր են, մեզ մոտ այնքան արագ է այդ ողջ գործընթացը կազմակերպվում, որ բյուրոկրատիա չի կարող լինել»: Աշոտ Բարսեղյանի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամում երբեք ոչ մի խնդիր չի եղել: Ամեն ինչ եղել է հստակ ու թափանցիկ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ