Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ուշադրության կենտրոնում լինել. ամփոփագիր

Մայիս 24,2021 18:38

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից 2021 թ. մայիսի 5-23 կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների ավարտից հետո ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը նախընթաց 20 օրերի ընթացքում ծավալվեց երկու հիմնական ուղղություններով՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարց և արդեն մայիսի 12-ից՝ ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ Այս երկու ուղղություններով կատարվել են ծավալուն աշխատանքներ տարբեր պետությունների հասարակական-քաղաքական, պետական շրջանակների և լրագրողական հանրույթների հետ։ Աշխատանքները շարունակվել են նաև Արցախին հումանիտար օգնության ապահովման և գերիների ազատ արձակմանը նպաստելու ուղղություններով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մայիսի սկզբին կոշտ քննադատության է ենթարկել պաշտոնական Վաշինգտոնին՝ «907-րդ բանաձևի» կասեցումը երկարաձգելու համար, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանում ռազմական օժանդակություն ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։

Ադրբեջանում թվով 19 հայ գերիների սպանության լուրի հրապարակումից հետո, կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը վարչակազմին հորդորել է Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել պատժամիջոցներ և անցնել 907-րդ բանաձևի պահանջների վերականգնմանը։

Նույն օրերին հանձնախումբը Պետդեպարտամենտին քննադատել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիներին որպես կալանավորված անձինք (Detainees), ոչ թե ռազմագերիներ (Prisoners of war/POW) անվանելու համար: Հայ ռազմագերիներին, որպես այդպիսին չդիտարկելն ադրբեջանական կողմի նպատակներից մեկն է, որով վերջինս փորձում է խուսափել ռազմագերիների վերաբերյալ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարումից։

Պատերազմի և համավարակի հետևանքները հաղթահարելու համար՝ ԱՄՆ կողմից Արցախին ու Հայաստանին հումանիտար օժանդակության հատկացմանը, ինչը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից է, անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսթոֆեր Սմիթը՝ առաջարկելով 50.000.000 դոլար արտակարգ օգնություն ուղարկել Արցախ։ Կոնգրեսական Սմիթր այդ նպատակով սկսել է անհրաժեշտ ընթացակարգը։

Մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը խախտեցին ՀՀ պետական սահմանը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը համայնքային մոբիլիզացիայով հայ ժողովրդի բարեկամների միջոցով ճնշում գործադրեց Պետդեպարտամենտի վրա, որպեսզի վերջինս արձագանքի ադրբեջանական ագրեսիոն գործողություններին։ Արդեն մայիսի 18-ին, Հայ Դատի Ամերիկայի Հանձնախումբն արձանագրեց, որ տևական և հետևողական քարոզչական ու դիվանագիտական աշխատանքների, Կոնգրեսի երկու կուսակցությունների վրա գործադրած ճնշումների շնորհիվ է, որ կարճ ժամանակում Վաշինգտոնի դիրքորոշումը 180 աստիճանով փոխվեց: Բանն այն է, որ մայիսի 13-ին ամերիկյան Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն էր արել ու կողմերին հորդորել զսպվածություն ցուցաբերել, իսկ օրեր անց, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի մակարդակով, զորքերը հետ քաշելու հրապարակային կոչ է անում Ադրբեջանին:

ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ներխուժմանն անդրադարձել են հայ ժողովրդի բարեկամներ Ռոբերտ Մենենդեսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն, Բրեդ Շերմանը, Թեդ Լիուն և ուրիշներ։

Այս համատեքստում և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործողությունների արդյունքում՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Դավիթ Վալադաոն հանդես եկավ Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ֆինանսական և ռազմական օգնությունը դադարեցնելու առաջարկով։ Այդ նպատակով, Կոնգրեսի հայկական խմբի անունից Վալադաոն պաշտոնական գրությամբ դիմել է պետքարտուղար Բլինքենին։ Գրությունը բաց է Ներկայացուցիչների պալատի երկու խմբակցությունների անդամների ստորագրությունների համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը հնարավորինս մեծ թվով ստորագրություններ ապահովելու համար։

Արդեն մայիսի 19-ին, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի առավել քան հարյուր անդամների, որոնք փետրվարին Սպիտակ տան վարչակազմին էին ներկայացրել հայ համայնքի քաղաքական առաջնահերթությունները։ Դրանք վերաբերում էին Արցախյան հիմնախնդրին, Հայաստանի ընդհանուր անվտանգությանը, Ադրբեջանին զենքի վաճառքի և ցանկացած օժանդակության արգելքին և այլն։ Պետդեպարտամենտի պատասխանը հիասթափության տեղիք էր տվել հայ համայնքի շրջանակներում: Րաֆֆի Համբարյանը, շնորհակալություն հայտնելով ամերիկյան օրենսդիրներին հայկական շահերի պաշտպանությանը հետամուտ լինելու համար, վերջիններիս հորդորել է օրենքի ուժով ապահովել «907-րդ բանաձևի» կատարումը: Համբարյանը նաև հատուկ շեշտել է, որ նախագահ «Բայդենից կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ պատասխանատվություն է ենթադրում՝ չզինել այն երկրներին, որոնք բացահայտ ձգտում են ավարտին հասցնել հենց այդ հանցագործությունը»։

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը հայտարարել է հանձնախմբի ամառային վարժողական ծրագրի ընդունելություն։ Դիմորդները հանձնախմբի գրասենյակում հնարավորություն կունենան ծանոթանալու Ամերիկայում հայկական շահերիի պաշտպանության աշխատանքներին և ձեռք բերել կայուն գիտելիքներ ու հմտություններ։

Եվրոպա
Համաեվրոպական մակադրակում, մասնավորապես Եվրոպական Խորհրդարանի հարթակում մայիսի երկրորդ կեսին ընդունվել են երկու կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանին ու Արցախին, տեղեկատվական բնույթի աշխատանք է տարվել Հայաստանի սահմանների վրա ստեղծված իրավիճակը ԵՄ ղեկավար շրջանակներին ներկայացնելու ուղղությամբ։

Նախ, մայիսի 19-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունեց Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որտեղ վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչման իր կոչը, ինչպես նաև կոչ արեց Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից, լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը տևական ժամանակ աշխատում էր, որպեսզի հնարավոր լինի հայ ռազմագերիների հարցով ընդունել Եվրոպական Խորհրդարանի բանաձև՝ հաշվի առնելով ռազմագերիների ազատման հարցում միջազգային ճնշման կարևորությունը։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության զուգահեռ ու նպատակադրված աշխատանքի արդյունքում Եվրոպական Միության Խորհրդարանը մայիսի 20-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով ընդունեց հրատապ բանաձև։ Բանաձևով, Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմաթիվ հայ գերիների պահման ստորացուցիչ պայմանների, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ: Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, համաձայն որի՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:

Ավելին, Խորհրդարանը բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դադարեցնել հայ ռազմագերիների մոտ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և բժիշկների մուտքի արգելքը։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը լիարժեք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ տրամադրելով գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը և մանրամասն տեղեկություններ նրանց պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Որպես Եվրոպայի Խորհրդի անդամ, Ադրբեջանը պետք է ապահովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը, ինչը չի անում։

Հայ ռազմագերիների հարցից բացի, բանաձևը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա դիտելով որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում: Եվրախորհրդարանը նաև ցավում է, որ Ադրբեջանում ատելության խոսքը և հայատյացությունը բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի, մասնավորապես անդրադարձ է կատարվում Բաքվում այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը՝ կոչ է անելով անհապաղ փակել այն:

Բելգիա
Հայ դատի Բելգիայի հանձնախումբը մայիսի 11-ին առցանց հանդիպում էր կազմակերպել կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ։ Վերջինս պատերազմի սկզբից մեկնել էր Արցախ՝ ռազմական գործողությունները փաստագրելու համար և ներկայումս նախաձեռնել է “Revivial” (Վերածնունդ) ֆիլմի նկարահանումները․ այն կցուցադրվի 2022 թվականին։

Մայիսի 19-ին Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունվեց բանաձև` Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ։ Բանաձևն առաջարկել էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Բանաձևով, ի թիվս այլնի Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և անվերապահորեն ազատել բոլոր հայ գերիներին, ներառյալ քաղաքացիական անձանց, և համաձայն Ժնևի կոնվենցիայի ապահովել նրանց անվտանգ վերադարձը:

Կիպրոս
Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ, մայիսի 22-ին Կիպրոսում ԵՄ ներկայացուցչության առջև կազմակերպվեց ցույց։ Ցուցարարները բողոքում էին ադրբեջանական նախահարձակ գործողությունների դեմ և պահանջում լքել ՀՀ ինքնիշխան տարածքը։ Հատկանշական է, որ ցույցին մասնակցում էին կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը և Արցախի մեծ բարեկամ Էլենի Թեոխարուսը։ Ցույցի ընթացքում գրություն հանձնվեց Լ․ Ֆուրլասին՝ Եվրոպական Խորհրդարանին ներկայացնելու համար։

Նիդերլանդներ
Նիդերլանդների Ռոթերդամ քաղաքում անցկացվող Եվրատեսիլ միջազգային երգի փառատոնի ընթացքում, ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամները իրականացրել են իրազեկման գործողություններ, թռուցիկներ բաժանել հյուրերին, նրանց ներկայացրել Ադրբեջանի հացագործ էությունը և նշել, որ համաեվրոպական մշակութային միջոցառումը Ադրբեջանի նման ագրեսոր երկրի տեղը չէ։

Կանադա
Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակել է քննարկման առարկա լինել Կանադայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Պետք է նկատել, որ նաև շնորհիվ, Հայ դատի Կանադայի հանձնախմբի, կանադական կառավարությունը մշտապես արձագանքում է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ Նախ մայիսի 6-ին Կանադայի ԱԳՆ-ն ողջունեց երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը, ապա Ադրբեջանին հորդորեց ազատ արձակել բոլոր պահվող անձանց, իսկ արդեն մայիսի 18-ին պաշտոնական Օտտավան հայտարարեց Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրման մասին։

Կանադական կողմը վերահաստատեց նաև, որ շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Օտտավան նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։

Գրեթե նույն շեշտադրումներով՝ Կանադայի արտգործնախարարը Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձավ նաև մայիսի 21-ին։
Մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը, կանադացի մի շարք խորհրդարանականներ, որոնց թվում Բրայան Մեյը, Ֆայսալ Էլ Խուրին իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Հայաստանին։
Մոնրեալի հայկական համաշխարհային աջակցութեան կենտրոնը (ՄՀՀԱԿ-CAMAM) մայիսի 16-ին անցկացրեց դրամահավաք, որի հասույթը նպատակաուղղվելու է Օտտավայում ՄՀՀԱԿ-ի նոր շենքի ձեռք բերմանը։ Նույն շենքի մեջ գործելու է նաև Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նոր գրասենյակը: Հանգանակության ընդհանուր չափը կազմեց 683․000 ԱՄՆ դոլար։

ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային իրավիճակին, մայիսի 20-ին միացյալ հայտարարությամբ անդրադարձել են Կանադայի Հայ դատի գրասենյակը, Կանադայի հունական կոնգրեսը և Կանադայի կիպրական դաշնակցությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ երեք կազմակերպությունները դատապարտում են ադրբեջանական ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք և կոչ են անում Կանադայի կառավարությանը՝ դատապարտել ադրբեջանական սադրանքը, որն անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։

Ավստրալիա
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ, առավել քան 20 ավստրալացի անվանի քաղաքական գործիչներ, մայիսի սկզբին ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը, երկրի վարչապետից պահանջել են ճանաչել այն որպես այդպիսին։

Մայիսի 20-ին Ավստրալիական կաթոլիկ 16 եկեղեցիների էկումենիկ խորհուրդը դատապարտել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական կրոնական-մշակութային ժառանգության խեղումը և միջազգային հանրությանը և UNESCO-ին կոչ արել ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31