Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի ճարտարապետական բիենալեում Թումոն ևս ներկայացրեց իր ինստալյացիան

Մայիս 24,2021 17:56

Մայիսի 22-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում բացվեց Ճարտարապետության 17-րդ միջազգային ցուցահանդեսը` La Biennale di Venezia-ն: 112 աշխարհահռչակ ճարտարապետական ստուդիաների և արվեստագետների, ինչպես նաև 61 ազգային տաղավարների շարքում Թումոն ևս ներկայացրեց իր ինստալյացիան:

«Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին» խորագիրը կրող Բիենալեի շրջանակներում մասնակիցները վերաիմաստավորել են մարդկային համակեցության ձևերը և մշակել են բնության, քաղաքաշինության ու միմյանց հետ մեր հարաբերությունների տարբեր սցենարներ:

Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան, որը տեղակայված է ցուցադրության հիմնական սրահում, բացահայտում է ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների միջազգային ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ալբանիայից ու Լիբանանից: Իրենց անհատական պատմությունների միջոցով ուսանողները ներկայացնում են Թումոյում իրենց միավորող արժեքները` ընտրության ազատություն, անհատական մոտեցում, թիմային աշխատանք և գործնական ուսումնական փորձառություն: Անցնելով ուսանողական «անտառով» ու դիտելով ինստալյացիայի հոլովակները` ցուցահանդեսի այցելուները կարծես երկխոսության մեջ են մտնում Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու երազանքներին:


Բացի այս, այցելուները նաև բացահայտում են Թումո շենքերի մոդելները ամբողջ աշխարհից, որոնք մշակվել են այնպիսի հայտնի ճարտարապետների կողմից, ինչպիսիք են Բեռնար Խուրին և Վինի Մաասը:

Բացման օրերի ընթացքում Վենետիկի Բիենալեն արդեն հյուրընկալել է ավելի քան 7000 այցելուի ու 1100 լրագրողի, իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում ակնկալվում է ունենալ ավելի քան 100000 այցելու:

«Մենք պետք է գտնենք հարաբերությունների նոր տեսակ կրթական պրոցեսների և դրանց միջավայրերի համար, – բացման խոսքում ասաց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը` ավելացնելով, որ ուսանողները պետք է լինեն իրենց կրթական ուղու պատասխանատուները և ունենան այնպիսի ռեսուրսներ ու պայմաններ, որոնք նրանց հնարավորություն կտան բացահայտել իրենց ամբողջ ներուժն ու ընդլայնել դրա սահմանները»:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը, իսկ օգոստոսի 30-ին ժյուրին, որի կազմը գլխավորում է աշխարհահռչակ ճապոնացի ճարտարապետ Կաձույո Սեձիման, կհայտարարի հաղթողներին:

Վենետիկի ճարտարապետական բիենալեն 1895 թվականին հիմնադրված արվեստի բիենալեի մաս է կազմում: 1980 թվականից երկու տարին մեկ անգամ անցկացվող բիենալեի հիմնական նպատակն է առաջարկել հասարակության և տեխնոլոգիական խնդիրների ճարտարապետական լուծումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31