Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դուրս չե՞մ գալիս մեր շենքի բակ, թե՞ քաղաքում չեմ քայլում պարզ ճակատով». Վահե Ղալումյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Մայիս 24,2021 17:44

Սահմանամերձ շրջանների բնակիչները հիմա ահաբեկված չե՞ն միայն այն փաստից, որ կարող են դուրս գալ իրենց պատշգամբ ու տեսնել ադրբեջանցիների, օրինակ, Տավուշի մարզում՝ այսօր այս հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց. «Ժողովուրդ ջան, Տավուշը 30 տարի այդպես ապրում է՝ այդ խնդրով: Տավուշից սահմանի բնակչին է առաջին հերթին պետք խաղաղությունը, իրենք գիտեն խաղաղության գինը: Եվ այդ հանձնաժողովը, որը սահմանային հարցերը լուծելու համար ստեղծվում է, այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պետք է խաղաղություն լինի»:

Մեր դիտարկմանը՝ եթե խաղաղություն պիտի լինի ու Ադրբեջանի ուզածներն անենք, դա՞ է մեր ուզածը՝ Ղալումյանը արձագանքեց. «Ինչի՞ եք պնդում, որ Ադրբեջանի ուզածն ենք անում»: Թե ե՞րբ ենք մեր ուզածն արել, ե՞րբ ենք մեր պայմանը դրել ու հասել դրան՝ Ղալումյանը պատասխանեց. «Որովհետեւ մինչեւ հիմա կռվել ենք, հիմա պետք է բանակցենք, որ հասկանանք: Ախր այդ հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, դուք արդեն ենթադրություններ եք անում, որ մենք այդտեղ տուժող կարգավիճակ ենք ունենալու: Գիտեմ, որ այնտեղ խնդիրը միակողմանի չի: Արծվաշեն ունենք մենք, գիտե՞ք»:

Հարցին՝ այսօր Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այս իշխանությունը իրենց գործը հեշտացրել է, որովհետեւ ինչ խոստում տվել եք՝ չեք կատարել, այն մարդիկ, որոնք հեղինակություն ունեն, չեն կարողանում իրենց բակ դուրս գալ, իսկ ուսապարկային տրամադրությամբ են, փորձելու են համոզել մարդկանց, որ կա ապագա, դուք այս խմբերից մեկի մեջ մտնո՞ւմ եք՝ Ղալումյանը պատասխանեց. «Որի՞ մեջ պետք է մտնեմ: Ես դուրս չե՞մ գալիս մեր շենքի բակ, թե՞ քաղաքում չեմ քայլում: Պարզ ճակատով: Իհարկե: Իսկ ինչ վերաբերում է խոստումներին, մենք խոստում տվել ենք 5 տարվա համար եւ ժամկետը չի լրացել»: Դիտարկմանը՝ 3 տարին անցավ, ի՞նչ արեցիք՝ Ղալումյանը պատասխանեց. «3 տարին անցավ, մենք նախընտրական ծրագիրը կհրապարակենք եւ կհրապարակենք անցած 3 տարիների աշխատանքը»:

Երբ հիշեցրին, որ Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց ու 6 ամիս էր խնդրում հանրությունից, որտեղ կային անվտանգությանը վերաբերող կետեր, գերիներին վերադարձնելու կետեր, ո՞րն եք դրանից արել՝ Ղալումյանը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների ենք գնացել: Շատ կարեւոր է: Ամենակարեւոր խնդիրը պատերազմից հետո երկրում կայունություն ապահովելն էր, չէ՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31