Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան… Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար…». Իմքայլական Վահե Ղալումյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին

Մայիս 24,2021 17:28

«Փաստաթղթում նման բան չեմ հանդիպել, համոզվա՞ծ եք, որ գաղտնի հավելված կա»,- այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետն է, այսպես արձագանքեց հարցին, ի՞նչ տեղեկություններ ունեք այն մասին, որ Տավուշի մարզից 5 գյուղ եւ Արարատի մարզից 1 գյուղ են հանձնելու Ադրբեջանին:

Նա ասաց, որ իրավասու չէ ոչ հերքել, ոչ հաստատել, բայց փաստաթուղթը այն մասին է, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի սահմանային խնդիրները ու լուծում կտա:

Հարցին՝ դուք հավատո՞ւմ եք, որ թշնամին կստորագրի մի փաստաթուղթ, որը 100%-ով հայկական շահերից է բխում՝ Ղալումյանը պատասխանեց. «Հնարավոր է, ինչո՞ւ չէ»:

Ըստ նրա, այդ հանձնաժողովի աշխատանքը կարող է այնպիսի արդյունավետությամբ կազմակերպվի, որ հնարավոր լինի նման տարբերակի հասնել, որը կբխի մեր շահերից: Թե ո՞ւմ շնորհիվ, մեր բանակցողների՞՝ պատգամավորը պատասխանեց. «Մեր բանակցողների եւ իրավիճակի: Այդ հանձնաժողովը պետք է եզրակացություն կազմի, նոր որոշեն՝ դա ստորագրվում է, թե չէ: Գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի: Խոսքը գնում է հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է այդ հարցերն ուսումնասիրի: Տավուշի մարզում ե՛ւ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, ե՛ւ կան հայկական տարածքներ»:

Թե այդ ո՞ր տարածքներն են Տավուշի մարզում ադրբեջանական հող՝ Վահե Ղալումյանը պատասխանեց. «Անկլավները: Գյուղերի անուններն են՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար»: Զարմանքին՝ հա, դրանք փաստորեն ձեզ համար ադրբեջանակա՞ն են՝ Ղալումյանը պատասխանեց. «Ինձ համար չի, դա քարտեզով ադրբեջանական տարածք է նշված»: Հարցին՝ մենք ուրիշ քարտեզ չունենք, առաջնորդվում ենք թշնամու քարտեզո՞վ՝ Ղալումյանը պատասխանեց. «Ես չունեմ, դուք ունե՞ք: Ոչ, դա թշնամու քարտեզը չի, այդ գյուղեր գնացե՞լ եք, տեսե՞լ եք»: Դիտարկմանը, որ դրանք մեզ համար հայկական գյուղեր են՝ պատգամավորն արձագանքեց. «Դե հանձնաժողովը կարող է այդպիսի եզրակացություն տա»:

Հարցին՝ մեր օրակարգ ինչո՞ւ պիտի մտնի այդ հարցը, որ մենք իշխանական ամենաբարձր մակարդակով խոսում ենք անկլավերի մասին՝ Ղալումյանը պատասխանեց. «Մեր օրակարգում անկլավների հարցը չի, մեր օրակարգում սահմանների ճշգրտման հարցն է, որպեսզի երկարատեւ խաղաղություն հաստատենք Ադրբեջանի հետ»:

Հարցրեցինք՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ալիեւը դեռ չի իրականացրել, իր ստորագրությունը չի հարգել, գերիներին չի վերադարձրել, ինչո՞ւ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք՝ նա պատասխանեց. «Պետք է բանակցենք, որ անենք»: Դիտարկմանը՝ գլխիկոր բանակցե՞նք՝ Ղալումյանը արձագանքեց. «Գլխիկոր դուք եք բանակցում, մենք գլխիկոր չենք բանակցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31