Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, ինչո՞ւ ընտրությունների նախաշեմին ՀՀ կառավարությունը որոշեց փոխել ՀՀ 4 բուհերի` Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի, Տնտեսագիտական համալսարանի, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի եւ Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհուրդների կազմը, այն դեպքում, երբ որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը հանրապետության նախագահը վիճարկել է ՝ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմելով ՀՀ Սահմանադրական դատարան, և օրենքը պետք է քննարկման առարկա դառնա Սահմանադրական դատարանում։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող երեք պետական բուհի վերաբերյալ 2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը։
ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «12 բուհի մասին է խոսքը, որից 3-ն ընդունվեց եւ ձեր նշած բուհերի դեպքում հարցը վիճարկվում է ՍԴ-ում, մենք պետք է սպասենք ՍԴ արդյունքներին: Ամեն դեպքում, մենք 16 բուհերի համար ուզում ենք նույն որոշումը կայացնել: Բոլորը պետական բուհեր են եւ խորհրդի ձեւավորման միասնական սկզբունք պետք է գործի, նույն համամասնությամբ պետք է լինի»,-ասաց վարչության պետի տեղակալը:
Ինչ վերաբերում է ընտրություններով պայմանավորված հարցի քաղաքական ենթատեքստին, այս մասին էլ նշեց. «Քաղաքական աստառ չպետք է տալ հարցին, որովհետեւ ամեն ինչ զուտ միասնական մոտեցում ապահովելու համար է արվում:
Կարդացեք նաև
e-draft-ում ուղղակի հանրային քննարկման է դրված, ԿԳՄՍ- նախարարությունը նույնպես սպասում է ՍԴ որոշմանը, սա վերջնական որոշումը չէ, այլ նախագիծ տարբերակ է դրված հանրային քննարկման»:
Ավելի վաղ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը եւս հայտարարությամբ էր հանդես եկել նշելով, որ անընդունելի է համարում 2021 թ.-ի մայիսի 20-ին հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը Հանրապետության նախագահը վիճարկել է՝ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմելով ՀՀ Սահմանադրական դատարան իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող 3 պետական բուհի վերաբերյալ 2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը։
«Նման պայմաններում միևնույն կարգավորման առարկայի վերաբերյալ որևէ այլ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի և կառավարության որոշման սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը»,-ասված է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարության մեջ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ