Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանենք պետությունը». ՀԴԿ-ն ընտրությունների կգնա այս կարգախոսով

Մայիս 24,2021 16:07

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի «Պաշտպանենք պետությունը» կարգախոսով: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի բնութագրմամբ՝ իրենց կարգախոսը կարեւոր եւ արդիական նշանակություն ունեցող է այսօր, իսկ հետընտրական շրջանում իրականացնելու են բոլոր հնարավոր գործողությունները՝ հռչակած կարգախոսի համատեքստում:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ սահմաններում են տեսնում պետությունը, որը պատրաստվում են պաշտպանել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Դուք կտեսնեք, որ դա լինելու է Արցախը ներառյալ: Արցախի հարցն անցած 30 տարիների ընթացքում անընդհատ եղել է ՀԴԿ-ի ուշադրության կենտրոնում, մենք բոլոր ջանքերը փորձել ենք ներդնել, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի եւ մեր մեղքը չի, որ ՀՀ բոլոր իշխանությունները չեն արել այն, ինչը մենք իրենց երաշխավորում էինք՝ գնալով այնպիսի բանակցային գործընթացի, որը որ հարցին քաղաքական կարգավորման ձեւ էր տալիս: Մենք կողմնակից էինք հարցին իրավական ճանապարհով լուծում տալուն եւ համոզված էինք, որ միջազգային իրավունքին համապատասխան բոլոր հնարավորությունները ունեինք՝ այդ գործընթացից շահած դուրս գալու համար: Ցավոք, ՀՀ իշխանությունները այդ ճանապարհով չգնացին»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ իսկ Արցախն ի՞նչ սահմաններում են պատկերացնում, նաեւ 44-օրյայի ընթացքում թշնամուն հանձնված տարածքներն է՞լ նկատի ունեն: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հադրութն ու Շուշին միանշանակ: Այսինքն, պետք է այս պայմաններում վերականգնվի գոնե ԱՀ այն հատվածը, որը եղել է ԼՂԻՄ-ի ժամանակ: Բայց նաեւ Շահումյանից մենք չենք հրաժարվում, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտունու եւ Մարտակերտի այն հատվածներից, որոնք այն ժամանակ մնացել էին Ադրբեջանի օկուպացրած տարածքներում: Այսինքն, այլ հարց է, թե ե՞րբ կկարողանանք խնդիրը կարգավորել, բայց մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք հրաժարվելու հայրենիքի այն մասից, որը Հայաստան է կոչվել: Եվ Հայաստան էլ կոչվելու է. այս հարցը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Ու անպայման չէ, որ պատերազմով հարցը լուծվի: Եթե մենք կարողանանք ապահովել արդյունաբերական զարգացում, ամրապնդել Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնությունը, հավատացնում եմ, դրա դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարող եւ վախը կբերի նրան, որ մենք կկարողանանք հարցերը լուծել առանց պատերազմի»:

ՀԴԿ-ն համագումարում որոշում ընդունեց՝ ընտրություններին մասնակցել բաց համամասնական ցուցակով, ինչը նշանակում է, որ ՀԴԿ ցուցակում կարող են ընդգրկել անկուսակցական մարդկանց, անհատներին, այլ կուսակցություններից մարդկանց: «ՀԴԿ-ն ընտրությունների է գնում իր անվան տակ, ոչ թե դաշինքով: Մենք որդեգրել ենք այդպիսի սկզբունք, որպեսզի կարողանանք ընդգրկել կարողություններ ունեցող մարդկանց»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ կուսակցությունը մինչեւ վերջերս այն թեզի կողմնակից էր, որ ոչ թե արտահերթ ընտրություններ են մեզ անհրաժեշտ, այլ գործող իշխանության հեռացում եւ մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարության ձեւավորում, ապա առավել հավասարակշիռ վիճակում արտահերթ ընտրությունների անցկացում: Սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընդունել են գործարար-բարերար Տիգրան Արզաքանցյանի առաջարկը՝ նկատի ունենալով նրա հանրային գործունեությունը, բարեգործական ծրագրերը, ապագային ուղղված ներդրումային ծրագրերը, որոշել են ուժերն ու հնարավորությունները մեկտեղել, համատեղ աշխատանքով հասնել ծրագրերի առավելագույնս իրականացմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31