Սիրելի հայրենակիցներ և բարեկամներ,
վերջին օրերին դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել Եվրատեսիլ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold –ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ Եվրատեսիլում Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն է ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունը ակամայից դժգոհությունն է առաջացրել և իր մտերմությունն է հայտնել հայ ժողովրդին և պատերազմի վայրագությունների միջով անցնող բոլոր ժողովուրդներին։
Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհություններին իր ափսոսանքն է հայտնել նաև հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով, ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային և անհեթեթ են պատերազմների հետևանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը և ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել և շատ ցավում է դրա համար:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև