Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործը սպիտակ, սիրուն թելով «կարել» են Սամվել Բաբայանի վրա․ եթե նա ուզեր մեկին խփել, կաներ, այս ու այն կողմ չէր ընկնի»․ վկա

Մայիս 24,2021 15:31

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Իգլա»-ի գործով դատական նիստը, որով մեղադրյալի աթոռին է, այդ թվում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Այսօր դատարան էր հրավիրվել գործով վկա Սուսաննա Հարությունյանը, որը դատարանին հայտնեց՝ 2017թ․-ին եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Էջմիածնի նախընտրական շտաբի աշխատանքների համակարգողը, Սամվել Բաբայանին վաղուց է ճանաչում, իսկ մյուս մեղադրյալներից Սանասար Գաբրիելյանին գիտի որպես նրա ընկերոջ։

Հիշեցնենք, որ 2017թ․-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին եւ գործով անցնող մյուս ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել՝ Վրաստանից ՀՀ «Իգլա» զինատեսակ փոխադրելու եւ փողերի լվացման համար (ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանն այդ զինատեսակով մտադրվել էր խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը) ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումը, ուստի գործը քննվում է նորից։

Սուսաննա Հարությունյանը դատարանին հայտնեց, որ իր դիրքորոշմամբ՝ Սամվել Բաբայանի դեմ այս քրեական գործը շինծու է․ «Ես ճանաչում եմ «Իգլայի» իրական տիրոջը՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը, որի որդին՝ Ռոբերտ Աղվանյանը հետո ուզել է «Իգլա»-ն վաճառի, նյութական ծանր վիճակում է եղել։ Եթե ես ավելի շուտ իմանայի, որ «Իգլա»-ի տերը Երվանդ Աղվանյանն է, ավելի շուտ կասեի։ Նա պատերազմի ժամանակ զենք բերելու համար մեծ գումարներ էր տալիս, իրենց տանը կարող էր զենք լինել։ Բոլորը գիտեին, որ նա զենք էր բերում ու տալիս էր ազատամարտի համար։ Եթե այն ժամանակ հարցնեին, կիմանային, որ ոչ թե մեկ, այլ երկու «Իգլա» է եղել իր մոտ, որոնք անպիտան են եղել, դրա համար չեն տարել կռվի, պահել են իրենց տանը։ Հետո քաղաքապետը մահացավ, նրա տղան էլ մտածեց, որ «Իգլա»-ները ծախի, փող աշխատի։ Առիթը գտան էլի․․․պնդում եմ, որ այս գործը Սամվել Բաբայանի վրա սպիտակ, սիրուն թելով «կարած» գործ է»։

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը նախկինում դատարանին հայտնել էր, որ «Իգլա»-ն ցանկացել է ձեռք բերել՝ բանակին նվիրաբերելու նպատակով, եւ զենքի վիճակի մասին կարծիք է հարցրել Սամվել Բաբայանից՝ նրան լուսանկարներ ուղարկելով, նա էլ ասել է, որ պակասող մասեր կան, ուստի զենքը «տրուբա» է։ Սա, ըստ Գաբրիելյանի, իրավապահների համար առիթ է եղել՝ Սամվել Բաբայանին ՕՐՕ դաշինքից չեզոքացնելու համար։

Սուսաննա Հարությունյանը պատմեց՝ 2017թ․-ին, երբ համակարգում էր նախընտրական շտաբի աշխատանքները, իմացավ, որ Սանասար Գաբրիելյանին ձերբակալել են․ «Սամվել Բաբայանն իմացավ, ասեց՝ լավ են արել․․․ Հետո Սանասարի տղան ասաց, որ հոր ընկերը՝ Աշոտ Շուշանյանն ուզում է Սամվել Բաբայանին տեսնի։ Խնդրեցի ընդունել նրան, որից հետո դուրս եկա եւ չգիտեմ, թե ինչի մասին են խոսել։ Հետո ասացին, որ պարոն Բաբայանին եւս ձերբակալել են։ Հետո մեր տուն եկավ ԱԱԾ-ն։ Ուզում էին ասեմ, որ Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը Սամվել Բաբայանի մտերիմ ընկերներն են։ Բայց Սանասար Գաբրիելյանը Սամվել Բաբայանին տեսել է պատերազմի ժամանակ, իսկ Արմեն Պողոսյանը, չէի ասի, որ մտերիմ է Սամվել Բաբայանի հետ»։

Սուսաննա Հարությունյանը հետեւյալ համոզմունքը հայտնեց․ «Պետք չի Բաբայանի վրա ինչ-որ բան «կարել»։ Եթե նա իսկապես ուզենար մեկին խփեր, կաներ, այս ու այն կողմ չէր ընկնի։ Ուրախ եմ, ու Գրիգորյան Մանվելին ձերբակալեցին, իր պես գեներալներ շատ կան։ Իսկ Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ շատացրել է մեր տարածքները, նա ամենաաղքատ գեներալն է»։

Ապա Սուսաննա Հարությունյանը «կինո» որակեց քննչական մարմինների գործողությունները, ըստ որոնց՝ «Իգլա»-ն հայտնաբերվել է Էջմիածնի գյուղերից մեկում։

Հիշեցնենք, որ հարցաքննության ժամանակ Էջմիածնի նախկին քաղաքապետի որդի Ռոբերտ Աղվանյանը, որն ըստ գործի նյութերի՝ «Իգլա»-ն վաճառողն է, հաստատել էր, որ զենքը եղել է իրենց տանը։ Նա խոստովանել էր՝ ստել է, թե զենքը Վրաստանից է բերված, որպեսզի ավելի թանկ գնով վաճառի։ Գործով մեղադրյալները նախկինում մատնանշել են, որ այս պատմության մեջ որոշիչ դեր է ունեցել ոմն Հրաչյա Մայիլյան, ում նրանք ԱԱԾ գործակալ են համարում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31