«Այսօր վտանգված է նաեւ ՀՀ-ն, իսկ մեր դաշնակից ՌԴ-ն կամ ի վիճակի չէ մեզ պաշտպանել մեր թշնամիներից, կամ էլ շահագրգիռ չէ: Դուք կարող եք փրկել Հայաստանն այնպես, ինչպես փրկեցիք Հունաստանը»,- այս դիմում-կոչերով՝ տարբեր տարիների արցախյան պատերազմների ընթացքում փախստական դարձած մարդիկ այսօր հավաքվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Նրանց դիմումն ուղղված էր Ֆրանսիայի նախագահին:
Փախստականները ակնկալում են, որ Էմմանուել Մակրոնն աջակցություն կցուցաբերի հայերին, որոնց վերջնականապես ցեղասպանելով ցանկանում են վտարել իրենց հայրենիքից:
«Մեր դեմ միավորվել են Պակիստանը, Թուրքիան եւ այլ ուժեր: 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեզ այսօր էլ պատրաստ են ցեղասպանել ազգային եւ քրիստոնեական պատկանելիության համար: Ադրբեջանի զինված ուժերը քանի օր է՝ ներխուժել են ՀՀ տարածք, իսկ հայկական կողմը չի դիմադրում՝ վախենալով թուրք-ադրբեջանական հարձակումից: Թուրքիան՝ Ադրբեջանին օգնելու պատրվակով, նպատակադրվել է վերջնականապես վտարել հայերին այս տարածքից»,- իր խոսքում ասաց կազմակերպության անդամ Արմինե Խանյանը:
Կարդացեք նաև
Ադրբեջանահայ փախստականների խաղաղ ցույցն ընթանում էր աշխարհահռչակ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի ներքո:
«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ իրենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ էին ցույց անում եւ արձանագրեցին, որ ՀԱՊԿ-ը փուչիկ է, իսկ այսօր նա հայտարարեց. «ՀԱՊԿ-ը պարզապես փուչիկ չէ, ՀԱՊԿ-ը ծուղակ է, այլապես ինչո՞ւ ՀՀ-ն չկարողացավ լինել ԱՀ-ի անվտանգության երաշխավորը, ինչո՞ւ 44-օրյայից հետո, մինչ այսօր, ՀՀ-ն չի կարողանում ԱՀ բնակչության երաշխավորը լինել՝ ԱՀ-ից մնացած բեկորի վրա: Ինչո՞ւ պաշտպանված չէր ԱՀ-ի օդը, երբ ԱՀ իշխանություններն ի լուր աշխարհի հայտարարեցին, թե պաշտպանված է: Ինչո՞ւ է մարդասպան օկուպանտը մխրճվել ՀՀ տարածք, իսկ մեր զինվորներին կրակելու հրահանգ չկա»:
Այս հարցերը փախստականներն ուղղում են ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլ «գրանտակեր փորձագետ-մասնագետներին», ովքեր շատ լավ հասկանալով ՀԱՊԿ-ի էությունը, հայությանը «դեմ են տվել ՀԱՊԿ-ի պատյանը», որն իբր պաշտպանելու է հայությանը: «Մենք կասկածում ենք ՀԱՊԿ-ի բովանդակությանը, խիստ անհանգստանում ենք, որ հնարավոր է վաղը ՀԱՊԿ-ը տարատեսակ մեխանիզմներով սահմանափակի հայության անվտանգությունը նաեւ ՀՀ-ում եւ հնարավորություն չտա, որ մեր բուշլատավոր տղաները պաշտպանեն մեր հայրենիքը: Այդ կոստյում հագած իշխանավորները ՀԱՊԿ-ի պաշտպանության անվան տակ կտոր-առ կտոր տալիս են մեր հայրենիքը»,- հայտարարեց Մարիամ Ավագյանը:
«Ֆրանսիա, փրկիր Հայաստանին» մակագրությամբ նամակը ցուցարարները փոխանցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն:
Նրանք տեղեկացրին, որ «Կասեցնել ցեղասպանությունը» բովանդակությամբ նամակներ են ուղարկվել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցչություններին, որոշ տեղերից արձագանքներ ունեն, որ նամակ-դիմումները փոխանցվել են կենտրոնական գրասենյակներ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ