Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղորդում՝ վարչապետի պաշտոնը յուրացնելու կապակցությամբ. հարուցել քրեական գործ՝ ներկայացված փաստերի առթիվ»

Մայիս 24,2021 12:56

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ՝
պարոն Արթուր Դավթյանին

N 02/21
24.05.2021թ.

ՀԱՂՈՐԴՈՒՄ

(ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված

հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ)

  1. Հանցագործության մասին հաղորդման փաստական հանգամանքները.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանի 2021թ. ապրիլի 25-ի ՆՀ-80-Ա հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը:

Նիկոլ Փաշինյանը 25.04.2021 թվականից հետո շարունակել է իրականացնել ՀՀ վարչապետի լիազորությունները, իրեն համարելով վարչապետ (Տես օրինակ՝ 21.05.2021թ. 550-Ա որոշումը և 25.04.2021 թվականից հետո ընդունված այլ որոշումները):

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին առնչվող փաստաթուղթ:

  1. Հանցագործության մասին հաղորդման իրավական հիմքերը և հիմնավորումները .

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, ՎԱՐՉԱՊԵՏԻ, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ինչպես տեսնում ենք սահմանադիրն օգտագործել է «Թափուր մնալ» բառերը և վարչապետի հրաժարականը դիտարկել է թափուր մնալու դեպքերի թվում: Հետևաբար, վարչապետի հրաժարական ներկայացնելու պահից վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ Է:

Ըստ Էդուարդ Բագրատի Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» «թափուր» բառը նշանակում է՝ դատարկ, ազատ, չզբաղեցրած, որտեղ ոչինչ չկա, անմարդաբնակ, ամայի:

Վարչապետի հրաժարականի դեպքում, վերջինիս պաշտոնը համարվում է թափուր, այսինքն ազատ, հետևաբար նա չի կարող շարունակել վարչապետի լիազորությունների ժամանակավոր կատարումը: Կառավարության մյուս անդամները՝ փոխվարչապետերը և նախարարները, շարունակում են ժամանակավոր պաշտոնավարել:

Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածում թափուր մնալու դեպքերի շարքում վարչապետի հրաժարականի դեպքը չնշելը, որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝

9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին.

40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը :

Օրենսդրության մեջ էլ նման իրավիճակներում թափուր պաշտոնների հետ կապված կարգավորումները խոսում են հենց այս տրամաբանության մասին: Օրինակ՝ ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ԱԺ նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: ՀՀ նախագահի հրաժարականի դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Այս պայմաններում, մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Քննարկվող դեպքում, մեր կարծիքով, առկա են քրեական գործ հարուցելու և՛ հիմք, և՛ առիթը: Հանցագործության մասին հաղորդումը չունի վերացական բնույթ, ներկայացված փաստական հանգամանքները իրենց բնույթով բավարար են հանցագործության հատկանիշների առնվազն արտաքին հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատված համարելու համար:

III. Պահանջը

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182 հոդվածով՝

խնդրում ենք՝

– հարուցել քրեական գործ վերը ներկայացված փաստերի առթիվ:

Տեղեկացված ենք հանցագործության մասին սուտ մատնության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին:

Առդիր՝

ՀՀ նախագահի անունից հանդես եկած անձի 25.04.2021թ. 80-Ա հրամանագիրը.

ՀՀ վարչապետի 21.05.2021թ. 550-Ա որոշումը.

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 10.05.2021թ. 492-Ն որոշումը.

Սույն հաղորդմանը միացող անձանց ստորագրությունները:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31