Կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակի առթիվ մայիսի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն:
Նախագծի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն էր, միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Երեկոյին ելույթ ունեցան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան):
Որպես մենակատարներ հանդես եկան Լուսինե Ազարյանը, Գուրգեն Բավեյանը, Նունե Բադալյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը:
Ամբողջ համերգի ընթացքում հնչեցին Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները: Երեկոն յուրատեսակ հարգանքի տուրք էր՝ մեծանուն կոմպոզիտորի հիշատակին:
Կարդացեք նաև
Կոմպոզիտորի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանն առանձնահատուկ ընդգծում է՝ Խաչատուր Ավետիսյանը հսկայական ժառանգություն է թողել, նրա գործերը մինչ այժմ կատարվում են և ժողովուրդը սիրում է նրա գործերը: Անդրադառնալով համերգին՝ Ավետիսյանն ընդգծում է՝ ուրախ է և զգացված, որ Հայաստանում կազմակերպվեց այս երեկոն:
Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի ջերմ արձագանքների ներքո:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա