Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեղծիր քո բրենդը

Մայիս 24,2021 12:00

Կյանքը գործարք է։ Եվ կյանքի, եւ հաջողության ճանապարհը նույնն է։ Բոլոր անփորձ վաճառողները սկզբից գովազդում են ապրանքի գինն ու որակը եւ հետո միայն ընկերությունը։ Եվ ամենավերջում, այն էլ ոչ միշտ՝ իրենք իրենց։ Փորձառու վաճառողներն այլ կերպ են վարվում։ Սկզբից նրանք վաճառում են իրենց, այնուհետեւ ընկերությունը եւ վերջում միայն խոսք բացում ապրանքի մասին։ Եվ խոսակցության վերջում, գնալուց առաջ ավելացնում: «Դուք միայն պատկերացրեք՝ ինչ հրաշալի ապրանք եք ձեռք բերում համարյա կոպեկներով»։ Դուք նախեւառաջ վաճառում եք ինքներդ ձեզ։

Մերիլ Սթրիփն ասել է. «Ես կարծում էի, որ կյանքը ինձ կհիշեցնի քոլեջում ուսման տարիները, սակայն սխալվեցի։ Իրականում կյանքը նման է դպրոցին»։

Ձեր գլխավոր վաճառքը դա դուք եք։ Մարդիկ գնում են լավատեսներին, որովհետեւ նրանց դուր է գալիս գտնվել լավատեսների միջավայրում։ Նրանք գնում են անկեղծ եւ ազնիվ մարդկանց, որովհետեւ վերջիններս անում են այն, ինչ ասում են։ Նման մարդկանց վրա կարելի է հենվել։ Մենք ստանում ենք բարձրագույն կրթություն, բայց ոչ ոք չի սովորեցնում ինչպես մեզ զգալ եւ դրսեւորել։ Ներքին դիրքը, վերաբերմունքը շատ կարեւոր են։ Վաճառվում է հենց վերաբերմունքը։ Դա ձեր այցեքարտն է։

Զարգացրեք ձեր հմտությունները, կատարելագործեք եւ հղկեք դրանք ամեն օր, բայց երբեք մի մոռացեք, որ մարդիկ ձեզ գնում են ամբողջովին։ Հաջողության բանալին եւ մտածածի իրագործումը կապված է անձի բազմակողմանի զարգացածության հետ։

Միջավայրը ինչն է գնահատում. Եթե ուզում եք հասկանալ, թե մարդիկ ինչն են իրոք գնահատում, հետեւեք, թե ինչպես են նրանք թեյավճար թողնում։ «Նյու Յորք Թայմսն» անդրադարձել է այս խնդրին, որ մարդիկ պատրաստ են կրկնակի վճարել մատուցողի բարեհամբույր վերաբերմունքի, քան բարձրակարգ ծառայության համար։ Քանզի սովորական բարեհամբույրությունը, սիրալիրությունն ունի մեծ նշանակություն։ Հենց դա ենք մենք գնահատում եւ ակնկալում սպասարկման ոլորտում աշխատող անձանցից։ Մարդիկ գնահատում եւ պարգեւատրում են այն զգացողության համար, որն արթնացնում եք իրենց մեջ։

Զգացմունքներն ամենակարեւորն են. Համաշխարհային խոշոր ապահովագրական մի ընկերություն որոշեց մրցույթ հայտարարել, որպեսզի ընտրի հաշվապահական այն ընկերությունը, որին պետք է վստահեր իր ֆինանսական գործունեությունը։ Մրցույթը հաղթահարել էին երեք ընկերություն։ Որոշեցին այցելություն կատարել եւ ընտրել լավագույնին։ Եվ նրանք ընտրեցին այն ընկերությունը, որտեղ իրենք իրենց լավ զգացին, ստացան հյուրընկալ վերաբերմունք։ Եվ դա միակ դեպքը չէ։ Դա կապված էր ոչ թե բանիմացության կամ փորձի հետ, այլ այն զգացումն ու հույզներն են, որ արթնացնում եք շրջապատում (ուրիշների մոտ)։ Մարդիկ գնում են զգացողությունը։

Հիշեք վերջնական նպատակի մասին. Քրիստին Կլիֆորդ Բեկվիտն ասել է. «Ինձ ինչ հիշում եմ, բոլորն ասում էին. «Քրիստ, դու պետք է գրող դառնաս»։ Վերջիվերջո, ես սկսեցի մտածել, ինչի երբեք չեմ զբաղվում նրանով, ինչն ինձ իրոք դուր է գալիս։ Այդ հարցի պատասխանը մեկն էր՝ ես երբեք չէի կարող մտածել այն մասնագիտության մասին, որը լավ չէի տիրապետում»։

Քրիստին Բեկվիտին վիրահատում են։ Նա գիշերվա կեսին արթնանում է, եւ աչքերի առաջ կոմիքսներ են հայտնվում ուռուցքի վերաբերյալ։ Տասներկու ամիս հետո նա պայմանագիր է կնքում ոչ թե մեկ, այլ միանգամից երկու գրքի համար։ Նա հումորային կոմիքսների միջոցով ներկայացրել էր ուռուցքի բուժման ողջ ընթացքը։

«Ես ընդամենը գնում էի իմ ցանկության հետեւից, եւ մի օր գիշերը այդ երկու գիրքը հայտնվեցին իմ աչքերի առաջ»,- ասում է Քրիստին Կլիֆորդ Բեկվիտը։

Ինչպես նշել է NIKE ընկերությունը. «There is no finish line/Վերջակետ չկա»։ Այսինքն՝ կյանքն իր հունով գնում է։ Պետք է դնել նպատակներ, որոնք ձեզ մոտիվացնում են։ Իսկ որտեղ գտնել դրանք՝ ձեր մեջ։ Նպատակ դրեք, ոչ թե նրա համար, որ հասնեք դրանց, այլ որ ձեռք բերեք գիտելիք։ Մշտապես մարզվեք։ Թեկուզ հոգնած լինեք, մարզվեք։ Պարբերաբար մարզումները ձեզ ուժեղ կդարձնեն։ Եթե իրոք ցանկանում եք գերազանցել, գիտակցեք, թե ինչն է ձեզ անհարմարություն պատճառում։ Կարծրացրեք խոցելի կետերը։ Շնորհակալություն հայտնեք ճակատագրին ձեզ ընձեռված ուժեղ կողմերի համար, բայց եւ մի մոռացեք ազատվել բացասական կողմերից։

Գտեք խիստ քննադատ. Որքան էլ ուզեք լսել գովասանք, քննադատությունն ավելի օգտակար է։ Այնուամենայնիվ, դա կստանաք միայն այն դեպքում, երբ գիտեք, թե ինչպես ճիշտ հարցնել։ Եվ այստեղ մեզ կօգնի մարկետոլոգի հմտությունը։ Եթե ուզում եք ստանալ անհրաժեշտ օգնություն, տվեք ճիշտ հարցեր։

Իմիջի զարգացումը. Թենիսիստ Անդրե Աղասին գովազդում ասում է. «Իմիջն ամեն ինչ է»։ Աշխատեք ձեր իմիջի վրա։ Սկզբում որոշումը, ապա դատողությունը։ Շատ որոշումներ սկզբում կայացնում են, այնուհետեւ պատճառաբանում, հիմնավորում։ Առաջին տպավորությունն ամենաուժեղն ու որոշիչն է։

Հանդիպում են հագուստով. «Մարդիկ մտածում են աչքերով, մարդիկ լսում են այն, ինչ տեսնում են»։ Ուշադիր եղեք տեսողական պատկերի նկատմամբ։ Դիմացինի նկատմամբ հոգատարությունը սկսվում է զգեստապահարանը բացելիս։ Հետեւեք ձեր տեսքին՝ մարդկանց մեջ ճիշտ կարծրատիպեր ստեղծելու համար։ Եթե ուզում եք կոտրել կարծրատիպը, հագնվեք ոչ այնպես, ինչին սպասում են։

Ձեր վրա գումար ներդրեք. Ներդրեք ձեր վրա ձեր միջոցները։ Ձեր ներդրումները ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակային, կբարձրացնեն ձեր ինքնավստահությունը։ Այսօրվա վճարած ուռճացված գները վաղվա կանխավճար եւ հաջողության գրավականն են։

Կրթության թաքնված օգուտները. Կրթության հիմնական նպատակն ապագա կարիերային նախապատրաստվելն է։ Կրթությունը տալիս է առավել, քան պատրաստում է ապագա կարիերային, զարգացնում է ինտելեկտը։ Այն լայնացնում է մեր աշխարհընկալումը, մեծացնում է այն մարդկանց շրջանակը, որոնց հետ շփվում ենք։ Բազմակողմանի զարգացումը հնարավորություն է տալիս պրակտիկորեն յուրաքանչյուրի հետ շփման թեմա գտնել։ Ինչքան շատ բան գիտեք, այնքան մեծ է հետաքրքրությունը ձեր նկատմամբ։ Չկա անօգուտ գիտելիք, յուրաքանչյուրը զարգացնում է մեր մտածողությունը։

Կարդացեք, լսեք, սովորեք։

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31