Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակ ասում է՝ մենք չե՞նք ուզում գնացքով գնալ Իրան, իսկ մի՞թե Իրանն ասում է, որ ուզում է Նախիջեւանով գնացքով գալ Հայաստան»

Մայիս 24,2021 14:00

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը վստահ է՝ պետք չէ Ադրբեջանին ճանապարհ տալ:

«Կոշտ արձագանք Իրանի կողմից չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

Անդրադառնալով Սյունիքում այս օրերին կատարվող իրադարձություններին՝ նա ասաց. «Առաջին օրվանից եմ ասել՝ ՀՀ-ն անկախ զարգացումներից պետք է դիմեր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ. թեկուզ կմերժվեր, անկախ՝ հետագայում ինչ կլիներ, ադրբեջանցիները հետ կքաշվեին, թե՝ ոչ, պետք է դիմեր»:

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ եթե հարցը հասներ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Իրանը Հայաստանի օգտին էր դիրքորոշում ունենալու:
Անդրադառնալով ներկայումս Իրանից սպասելիքներին՝ Էմմա Բեգիջանյանն ասաց. «Իրանը պարզապես հորդորելու, ասելու է, որ միջազգայնորեն ընդունված օրենքներն են ոտնահարվում: Իրանը կոշտ միջոցներ ձեռք չի առնելու, բայց դիվանագիտական բոլոր միջոցներն իրագործելու են»:

Իրանագետը փաստեց՝ Իրանն այն պետությունն է, որը ոչ մի պետության վրա հարձակում չի գործել եւ դա չի անի առավել եւս՝ շիա Ադրբեջանի վրա. «Հայաստանի եւ Իրանի շահերը միշտ են համընկնում: Սակայն Իրանը չի հարձակվի Ադրբեջանի վրա»:

Անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցներին՝ Էմմա Բեգիջանյանը նշեց. «Իրանի դեմ շուտով սահմանափակումները կվերանան, քանի որ գուցե հաջորդ շաբաթ ստորագրվի համաձայնագիր: Դա ավելի հավանական է, քան այն, որ Իրանը կարող է Ադրբեջանի վրա հարձակվել կամ ռազմական գործողություններ անել: Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակ ասում է՝ մենք չե՞նք ուզում գնացքով գնանք Իրան, իսկ մի՞թե Իրանն ասում է, որ ուզում է Նախիջեւանով գնացքով գալ Հայաստան: Իրենք դրան կողմ չեն: Հետեւաբար, եթե հաշվի առնենք, որ մեր արտահանումը Իրան, բացի էլեկտրաէներգիայից, շատ փոքր քանակ է կազմում, մեզ այդ գնացքը, Ադրբեջանի ճանպարհը պետք չէ: Իսկ եթե Իրանն ուզենա գնալ Ռուսաստան, արդեն Ադրբեջանն այդ հարցը լուծել է: Ադրբեջանով Ռուսաստան գնացքի ճանապարհն արդեն համարյա թե կա»:

Այն, որ Իրանը դեմ է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին», որով փաստացի փակվում է Թեհրանի համար դարպասը եւ մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չենք տեսնում Իրանի կոշտ արձագանքը, Էմմա Բեգիջանյանը պատասխանց. «Իրանն ունի նաեւ այլ շահեր: Իրան-Ռուսաստան փոխհարաբերությունները փոխադարձ անվստահության մթնոլորտում են: Երբ ԱՄՆ-ն երկուսին էլ սահմանափակումների է ենթարկում, սրանց շահերն այստեղ համընկնում են՝ հարկադրված: Հենց ազատ լինեն սահմանափակումներից, նրանց շահերն այլեւս չեն համընկնի»:

Ի տարբերություն ՌԴ-ի հետ հարաբերությունների՝ ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Իրան-Հայաստան շահերը միշտ են համընկնում: Մեր հարցին՝ այս հանգամանքն օգտագործելու համար ի՞նչ պետք է աներ Հայաստանը, որը չի արել ու չի անում, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Ավտոմայրուղին կառուցելն էր, որը եթե հիմա կառուցված լիներ, արդեն երկաթուղային միջանցքի տակ կմտներ դա: Բայց դա չենք արել ու հիմա էլ չենք անում: Հյուսիսային հատվածում արել, թողել ենք, հարավային հատվածում չենք արել: Պետք է հնարավորություն գտնել եւ դա անել: Պետք չէ Ադրբեջանին ճանապարհ տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31