Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե թշնամանքը Թուրքիայում է, ինչպե՞ս ես այն կառավարելու. կամ հակազդում ես, կամ ենթարկվում իրենց «հոսանքին»

Մայիս 24,2021 13:30

«Հակամարտող երկրների միջեւ «կառավարելի թշնամություն» ասվածն ինձ համար աբսուրդային է». Անդրանիկ Իսպիրյան

ՀՀ թիվ 1 քաղաքական ամբիոնից մայիսի 10-ին կրկին ակնարկ հնչեցվեց՝ Թուրքիայի հանդեպ մեր թշնամանքը կառավարելու անհրաժեշտության մասին։ «Հիմա էլ այդ թեման՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե մեր թշնամին չի: Այո, դա որեւէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, դա պատմական իրողություն է: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի: Մենք հստակ գնալու ենք այդ ճանապարհով: Այդ թշնամանքը չի կարելի թույլ տալ, որ անընդհատ անկառավարելիության դրսեւորումներով արտահայտվի»,-ԱԺ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ «կառավարել թշնամանքը», եթե թշնամուց նման կոչեր չեն հնչում։ Aravot.am-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

– Պարոն Իսպիրյան, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ասել է «թշնամանք կառավարել», այն էլ մի երկրի դեպքում, որի առաջին դեմքերից չեն հնչում հայերի հանդեպ թշնամանքի կառավարման ուղերձներ, չկա պատրաստակամություն, էլ չասած՝ գործողությունների մասին։

– Որպես թուրքագետ եւ հայ-թուրքական հարաբերությունների երկարամյա ուսումնասիրող՝ երկու հակամարտող երկրների միջեւ «կառավարելի թշնամություն» ասվածն ինձ համար աբսուրդային է… ավելի շատ նախընտրական հայտարարության է դա նման, որովհետեւ նախորդ հայտարարություններից եւ Թուրքիայի մասին իր թիմակիցների՝ «Իմ քայլի» ներկայացուցիչների հայտարարություններից տարբերվում էր ոճով։ Իրենք տեսան, որ Թուրքիայի հանդեպ անտեղի եւ ժամանակավրեպ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց հայտարարությունները հանրության շրջանում այնքան էլ ընկալելի չեն եղել, եւ դա տրամաբանական է։ «Իմ քայլում», կարելի է ասել, դա հաշվի առան, եւ որպես նախընտրական հայտարարություն՝ Թուրքիայի հետ կապված նման ձեւակերպում հնչեց, որը, միեւնույնն է, փորձագիտական տեսանկյունից չի ենթարկվում տրամաբանությանը։ Թուրքիայի հետ բավականին երկար, տեւական, լուրջ խնդիրներ կան, որոնք, այդ թվում՝ թշնամանքը, գլխավորապես գոյություն ունեն Թուրքիայի կողմից՝ վերջինիս պետական քաղաքականությունում, եւ Հայաստանը միակողմանի ոչինչ չի կարող կառավարել։ Այսինքն, եթե թշնամանքը Թուրքիայում է, ինչպե՞ս ես այն կառավարելու։ Դու կամ հակազդում ես, կամ ենթարկվում իրենց «հոսանքին»։

– Վերջին, այսինքն՝ զուգահեռ ժամանակահատվածում Թուրքիայի պաշտոնյաներից, մասնավորապես՝ ԱԳ նախարար Չավուշօղլուից, հնչեց Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր հաստատման պատրաստակամություն։ Այս փաստը որեւէ կերպ զուգորդվո՞ւմ է մեզանում հնչող՝ թուրքերի հանդեպ թշնամանքը կառավարելու մասին հռետորաբանության հետ, թեեւ պարզ է, որ թուրքական կողմի հայտարարությունները «հալած յուղի» պես ընդունել չի կարելի։

– Հետ գնանք դեպի 2009-10թթ., երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց էր նախաձեռնվել։ Արձանագրենք, որ այդ ժամանակ Թուրքիան առանց նախապայմանների պետք է վավերացներ հայ-թուրքական արձանագրությունները, բայց չկատարեց խոստումը։ Անգամ ստորագրելուց հետո հրաժարվեց իր խոստումից, ստորագրությունից, եւ Արցախի հետ կապված նախապայման առաջ քաշեց։ Այդ ժամանակ Թուրքիան պահանջում էր գոնե մեկ ազատագրված տարածք հանձնել Ադրբեջանին, որպեսզի վերջինիս մոտ կարողանա ՀՀ-ի հետ սահմանը բացելու «երես ունենա»… տեսանք, որ 2020թ.-ի պատերազմի հետեւանքով մենք ոչ միայն Ադրբեջանին անցան յոթ շրջանները, այլեւ Արցախի եւ ՀՀ-ի հարակից տարածքներից։ Այսինքն, փաստացի, Թուրքիան այլեւս չպետք է նման պահանջ ունենա նախապայմանի տեսքով, քանի որ այդ հարցն իր համար լուծված է, եւ այլ բան չի խանգարում։ Իսկ իրականում Թուրքիան կարող է որպես նախապայման բերել Հայոց ցեղասպանությունից պաշտոնապես հրաժարվելը, Կարսի պայմանագրի ճանաչումը… այսինքն, նախապայմաններ դեռ կարող են լինել, եւ Չավուշօղլուի հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել։ Նախկինում տեսել ենք, թե Թուրքիայի իշխանությունների հայտարարություններն ինչ արժեք ունեն։ Դրանք ավելի շատ ուղղված են ինչ-ինչ լսարանների, բայց ոչ իրականությանը։ Մեր իշխանությունը երեւի կրկին հաշվի չի առնում մեր նախորդ իշխանության դառը փորձը։

– Ի դեպ, ցեղասպանության ճանաչման հետ կապված. Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից, որպես հակափաստարկ իրենց՝ թրքասեր լինելու մեղադրանքների, թվարկեց, թե իրենց իշխանության տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող քանի բանաձեւ եւ հռչակագիր է ընդունվել։ Ընդ որում, ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը վկայակոչելով՝ ասաց, որ եթե իրենք չուզեին, դա չէր լինի։

– Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որեւէ կապ չունի ՀՀ պետական դիրքորոշման կամ մնացածի հետ։ Եթե անգամ ՀՀ-ն Բայդենին թախանձագին խնդրեր չճանաչել, ԱՄՆ նախագահը, միեւնույնն է, ճանաչելու էր։ Ավելին՝ 2018թ.-ից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ պետական մակարդակով որեւէ աշխատանք չի արվել, ոչ գիտական, ոչ քաղաքական, ոչ սփյուռքի միջոցով։ Ամեն ինչ եղել է ինքնահոսի՝ նախկինում կատարված աշխատանքի արդյունք, ոչ թե գործող իշխանության քայլերի արդյունք։ Վերջինս իր հայտարարություններով ավելի շատ ունակ է վիժեցնելու, քան նպաստելու ցեղասպանության ճանաչմանը։ Անհատական մակարդակում, բնականաբար, աշխատանք արվել է, բայց դա պետական աջակցություն եւ հովանավորչություն է պահանջում, լուրջ ռեսուրսներ։ Անհատ գիտնականներն ու մասնագետներն ի վիճակի չեն լայնածավալ միջոցառումներ անել կամ ինչ-ինչ աշխատանքներ կազմակերպել։ Դա, ամեն դեպքում, պետական հովանավորչություն է պահանջում եւ միշտ չէ, որ միայն ֆինանսը բավարար է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31