Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի նախկին ավագ օգնականը չի մոռացել քաղաքի որմնադիրներին, շինարարներին, ծեփագործներին, ներկարարներին…

Մայիս 24,2021 13:00

«Ինչպես կարող եմ իմ եւ իմ հասակակիցների ճակատագրերը մոռանալ, մեզ բաժին հասած դժվարությունները, որոնք մենք զգացել ենք մեր մաշկի վրա, մոռացության մատնել, դա հնարավոր չէ». օրերս լույս տեսած «Նրանց տարերքը…» գրքում գրել է Արարատի մարզի դատախազի նախկին ավագ օգնական Մարտին Բարսեղյանը:

«Նրանց տարերքը…» գիրքը հեղինակի թվով տասներկուերորդ գիրքն է:

Այն երախտագիտության խոսք է Արարատ քաղաքը կառուցողներին, ճարտարապետներին, շինարարներին, որմնադիրներին, հյուսներին, մոնտաժնիկներին, ներկարարներին, ծեփագործներին, սալիկապատողներին…, ովքեր ապահովել են Արարատի ճարտարապետական գողտրիկ տեսքը, կենսագրությունը:

Գիրքը սկսվում է Հայրենականով, երբ գյուղից ճակատ մեկնած համագյուղացիները վերադարձան տուն, նրանց մեջ էին նաեւ վիրավորները:

«Եթե սկբնական շրջանում աշխատող անչափահասներիս համար անսովոր էր ճակատից վերադարձած համագյուղացու դեմքին, անդամահատված ոտքին կամ թեւին նայել, ապա կամաց-կամաց ընտելանալով, ոչ միայն նայում էինք, այլեւ համարձակվում հարցնել, թե ինչ պարագայում է տվյալ վնասվածքը ստացել: Չնայած այդ վիրավորներն իրավունք ունեին, եւ կարող էին նստել տանը, եւ ասել, որ այդ վիճակում աշխատել չեն կարող, սակայն գյուղում աշխատուժի բացակայությունը նրանց «ստիպում էր» դուրս գալ աշխատանքի, կատարել այն, ինչ-որ կարող էին»:

Պատերազմը, ինչպես մեր օրերում, իր դեմքը բացեց. շատերի ուսումը կիսատ մնաց, երեխաները մանկություն չունեցան, իսկ շատերը ճակատից տուն չվերադարձան:

Մարտին Բարսեղյանը ներկայացնում է պատերազմից հետո «խաղաղ կյանքին վերադառնալու» ժամանակահատվածը, ասես, դառնալով Արարատ քաղաքի յուրօրինակ պատմագիրը:

Նա գրքում ներկայացնում է «քարի հետ խոսողներին»՝ որմնադիրներ Համազասպ Ղարիբյանին, ում մտերմաբար Համո էին ասում, Հակոբ Հակոբյանին, ում մտերմաբար Աղասի էին ասում, Հովհաննես եւ Գրիգոր Գրիգորյաններին, Օնիկ Վարդանյանին, եզդի Հասան Ուսոյանին, Վարդան Ղամբարյանին… որոնք, ըստ հեղինակի, Արարատի դպրոցները, կուլտուր-կենցաղային շենքերը կառուցողներն են: Համոն, օրինակ, ըստ հեղինակի, ծառայել էր Գերմանիայում տեղակայված սովետական բանակում. «Այդ ընթացքում սովորել էր մի քանի գերմաներեն բառեր եւ ասույթներ, ու զրույցի ժամանակ հաճախ օգտագործում էր այդ բառերը ու «ցուցադրում» գերմաներեն լեզվի իր հարուստ գիտելիքները, դրանով իսկ զարմանք պատճառում զրուցակիցներին»: Քաղաքի վարպետները կրթյալ մարդիկ էին:

Հեղինակը զարմանալի գունեղ է ներկայացնում իր հերոսներին, մտերմիկ ոճով, ամենափոքր թվացյալ մանրուքը կերպարին առանձնակի շուք է հաղորդում, ինչպես թաշկինակի չորս անկյունները գլուխներին կապած որմանդիրների օգնականները՝ քար ու ցեխ տվող, պատշար վարպետները, քաղաքի հյուսն Լենկո Թամրազովը՝ միշտ հեծանիվով, ուրագն ու սղոցը հեծանիվի հետնամասում ամրացրած, «Ժիգուլի» ավտոմեքենայով աշխատանքի գնացող Հրանտ Մարտիրոսյանին, «Հմուտ Հրաչին»… «Կար էլեկտրիկներից բաղկացած մասնագիտական բրիգադ, որը ղեկավարում էր հարեւան Արարատ գյուղի բնակիչ Ռազմիկ Խանոյանը: Նա բարի, կամեցող, ուտող-խմող ուրախ անձնավորություն լինելով, իրավամբ «աղա» մականունն էր ստացել ընկերների կողմից: Շրջանում մեծ հարգանք էր վայելում»:

Մարտին Բարսեղյանը գրքում չի մոռացել շինարարության մեջ ընդգրկված կանանց, որոնք կատարել են «կնոջը ոչ յուրահատուկ» ծանր աշխատանքներ:

«Այնպես պատահեց, որ տարիներ անց, երբ խնդիր դրվեց Պարույր Սեւակի վթարի ենթարկվելու տեղանքում նրա անունը կրող բանավան կառուցել, այդ խիստ ու պատասխանատու աշխատանքը հանձնարարվեց թիվ չորս տնտհաշվարկային վարչությունում, որպես աշխղեկ աշխատող Ռազմիկ Խաչատրյանին: Դա պատահականությո՞ւն էր, թե՞ նախախնամություն, ճակատագրական դիպվա՞ծ, դժվար է ասել, բայց տեսնել էր պետք, ինչպիսի ոգեւորություն էր ապրում աշխղեկը:

…Պատահում էր շարած պատը պահանջում էր քանդել եւ նորից շարել: Երբ շինարարական աշխատանքներում որեւէ թերություն էր նկատում, անտարբեր չէր անցնում, վարպետի ուշադրությունը հրավիրում էր այդ թերության վրա ու պահանջում անհապաղ վերացնել.

– Դուք գիտե՞ք, ում անունն է կրում այդ ավանը, բա ամոթ չէ՞ մեզ համար…»:

Գիրքն ավարտվում է 2011թ. հոկտեմբերի 28-ով, երբ քահանայի օծմամբ, Արարատի քաղաքային համայնքի տասներեք պատվավոր քաղաքացիների ձեռամբ տեղադրվեց եկեղեցու հիմքը: Գրքում կան նաեւ պատմական լուսանկարներ:

Նշեմ՝ հեղինակը մտերիմ է եղել Վազգեն Սարգսյանի հետ: Նրա գրքերից մեկում «Հուշերիս խաչմերուկում» ներկայացվել են Վազգենի հետ շփումների, հանդիպումների մասին, իսկ գիրքը սկսվում էր Վազգենի՝ Արարատի միջնակարգ դպրոցում կոմերիտմիության քարտուղար աշխատելու, ապա «Ցեմենտագործ» թիմում ֆուտբոլ խաղալու հուշագրությամբ: «Ցեմենտագործ» թիմի ֆուտբոլիստ Աբրահամ Աբրահամյանը պատմել էր. «Երբ ավտոբուսով գնում էինք մրցումների, նա պահանջում էր տղաներից խոսակցական լեզվում օտարահունչ բառեր չօգտագործել: Եթե մեկնումեկն օգտագործում էր, ապա նա պարտավոր էր գումար դնել ինչ-որ ձեւով ստեղծված քսակում, այդ ձեւով հավաքված գումարը օգտագործվում էր ճանապարհին, դադարների ժամանակ ուտելիք կամ զովացուցիչ ջրեր գնելու եւ տեղում սնվելու համար»:

«Ծանր, անչափ ծանր էր տանում պարտությունը, տրամադրությունն անկում էր ունենում, որը տեւում էր երկար ժամանակ: Չնայած թիմի մարզիչը Լ.Մինասյանն էր, սակայն անկախ խաղից հետո նրա վերլուծությունից՝ առանձին խաղացողների նկատմամբ, Վազգենը ընկերական դիտողություններ էր կատարում բացթողումների վերաբերյալ»,-հիշել էր հեղինակը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. 2002թ. մարտի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հրամանով Մ. Բարսեղյանը տույժ էր ստացել: Եվ այդ միակ տույժը պատճառ դարձավ, որպեսզի նրան «ոչ պատշաճ դատախազական հսկողություն» իրականացնելու համար աշխատանքից հանեն: Տույժը ստացել էր նաեւ մարզի դատախազը՝ Սուրեն Պարսամյանը: Պատճառը «Բամբակ» ՓԲԸ գործն էր: «Ստվերի դեմ» գրքում դատախազի նախկին օգնականը ութ տարի առաջ փակագծեր էր բացել ներդատախազական հսկողությունից:

«Առավոտ» օրաթերթ
22.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31