Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ է գտնվում բոլորին հայտնի Դենդրոպարկը: Այգին հիմնադրվել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից, վերջինս էլ մինչեւ 1984 թվականը եղել է բուսաբանական այգու տնօրեն, այնուհետեւ հոր գործը ստանձնել է նրա որդին։
Իսկ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Հարյուրավոր մարդիկ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից շտապում են այցելել Դենդրոպարկ: Այգին մարդաշատ է լինում հատկապես մայիս-հունիս ամիսներին, երբ սկսվում է սոճիների փոշոտումը:
Այսօր էր հարյուրավոր մարդիկ վաղ առավոտից շտապել էին Դենդրոպարկ՝ վայելելու փոշոտման ընթացքում սոճու անտառներում արտադրված նյութերը, որոնք առողջարար ազդեցություն ունեն հատկապես շնչառական ուղիների հիվանդություններով տառապող մարդկանց ու երեխաների համար։
Մինչեւ այգի հասնելը, ստիպված ես լինում նախ մեքենայով, ապա՝ ոտքով հաղթահարել ձգվող հերթերը: Տարածքում առեւտուր իրականացնող տեղացիները նշում են, որ տարեցտարի ավելի է մեծանում մարդկանց հոսքը դեպի Դենդրոպարկ: Իսկ փոշոտմանը ներկա գտնվելը, ինչպես իրենք են նշում, «Բախտի բան է: Եթե այդ օրը բախտդ բերի փոշոտում լինի, կվայելես, եթե ոչ՝ ոչ: Օրվա ընթացքում կարող է մի քանի ժամ լինել եւ վերջ, կամ կրող է այդ օրը նույնիսկ փոշոտում չլինել»:
Կարդացեք նաև
Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այգու մուտքավճարը 300 դրամ է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ