«Ես ուզում եմ համախմբել 10 միլիոն հայերի, կապ չունի՝ որտեղ են ապրում։ Մենք պետք է ճիշտ ընտրություն անենք, մեզնից է կախված մեր ապագան»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
Արա Աբրահամյանն ասաց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, բայց կարծում է՝ պետք է համախմբել ժողովրդին։ Նա վստահեցրեց. «Ո՛չ ուզում եմ վարչապետ լինել, ո՛չ պատգամավոր, դա իմ տեղը չէ, ես չեմ ուզում»:
Նա հայտնեց՝ աջակցում և համագործակցում է «Ալյանս» կուսակցության և նրա ղեկավարի հետ, քանի որ կարծում է՝ Տիգրան Ուրիխանյանը ցանկանում է ծառայել հայրենիքին։
Հարցին՝ վերջին օրերին խոսակցություններ կան, որ իր և Տիգրան Ուրիխանյանի ճանապարհները բաժանվել են, Արա Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Ինչ ասես ասում են: Հենց դա է խնդիրը, որ միայն ասում են: Մենք սովոր ենք իրար արժեզրկել: Վիրավորելու չափն էլ չկա: Տեսեք՝ ինչի են բերել այս իշխանությունները: Ես եկել եմ, որ օգնեմ: Նման բան չկա: Ես իմ գործն եմ անում, հայ ժողովրդի, պետության համար»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ հայ ժողովրդի, Հայաստանի կողմնակիցն է. «Եթե կուզենան Փաշինյանը, Քոչարյանը թող միավորվեն մեզ հետ, մենք իրենց հետ միավորվելու ոչինչ չունենք. մենք մեր ծրագրերն ունենք: Եթե Փաշինյանը իր գլխավորած ուժերով միանա մեր կոալիցիային, թող միանա, մեզ մոտ չկա սև-սպիտակ»:
Արա Աբրահամյանն ասաց՝ քաղաքական հավակնություններ չունի. «Իմ խիղճն է, որ այստեղ եմ: Հայ ժողովուրդը մոռացել է խիղճ բառը: Այն երկրներում, որտեղ ապրում եմ, իմ տեղն ունեմ, բայց երբ ես այնտեղ տեսնում եմ, որ հայրենիքս ինչ վիճակում է, ես չեմ կարող հանգիստ նստել իմ տեղը: Երբ ինչ-որ մի նախագահ, որ դիկտատոր է՝ նկատի ունեմ Ալիևին, մեզ արժեզրկում է, իրեն պետք է մենք դատի տանք»:
Նրա համար անընդունելի են այս ընտրություններն այս իրավիճակում. «Ի՞նչ ընտրություն, եթե ընդամենը 12 օրվա ընթացքում մենք պետք է պատրաստվենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ