Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Աբրահամյանը պատասխանել է Արմեն Գևորգյանի՝ «իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին» պնդմանը, իսկ Արամ Վարդևանյանը հիշեցրել ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների մասին

Մայիս 23,2021 16:28

 ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը թելեգրամյան իր ալիքում գրառում էր կատարել

«Երևանից դուրս կյանքի մասին․

Մի քանի օր անցկացրի մարզերում՝ հանդիպելով ընտրողների հետ: Արդեն երեք տարի է, հասկանալի պատճառներով, հնարավորություն չեմ ունեցել ուղղակիորեն շփվել մարզերում մեր հայրենակիցների հետ: Մի քանի դիտարկում:

1. Մարզերում կյանքի որակն ամեն օր վատթարանում է: Ամեն ինչ ընթանում է ինքնահոսով: Պետության ներկայությունը զգացվում է միայն ուժային կառույցների աշխատանքում:

2. Գյուղերն ամեն օր դատարկվում են: Որոշ շրջաններում տեղի ունեցավ բնակչության զանգվածային արտահոսք այս տարվա փետրվարի 1-ին՝ Ռուսաստանի սահմանների բացումից հետո: Շատերը հեռանում են ընտանիքներով:

3. Մարզերում բնակչությունը հիմնականում գտնվում է իշխանությունների տեղեկատվական տեռորի տակ: Մեծամասնությունը, երկրի զարգացման հրատապ խնդիրները, զանգվածային միգրացիայի պատճառները, գերիների հարցը և իրավիճակը սահմանին քննարկելու փոխարեն քննարկում են անցյալի թեմաներ, որոնք իշխանությունները տարածում են՝ ուշադրությունը շեղելու համար:

4. Զգացմունքները գերակշռում են բանականության, տրամաբանության համեմատ: Բնակչությունն արագորեն աղքատանում է, մինչդեռ ամեն ինչում մեղավոր են նախկինները:

5. Երկիրը բաժանված է երկու մասի. Ադրբեջանին սահմանակից շրջաններն ավելի սթափ են գնահատում ռիսկերը և դրանց զարգացման նոր հնարավոր հետևանքները: Այլ մարզերում և Երևանում ապագայի հանդեպ տագնապի զգացումը դեռ մակերեսային է:

6. Հայաստանի իշխանությունների վերաբերյալ իրենց գաղափարների բացահայտ արտահայտման վախը գերակշռում է ամենուր. շատերը խուսափում են ընդդիմության հետ համագործակցելուց, քանի որ վրեժխնդրություն է սպասվում:

7. Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ…

8. Բայց կա մի շատ հետաքրքիր միտում, որն արտահայտվում է հիմնականում երիտասարդների մոտ։ Նրանք աչքիդ առաջ սկսում են հայտնաբերել նոր ճշմարտություններ՝ իրենց երկրի ոչ վաղ անցյալի մասին ու սկսում են տալ հարցեր, որոնք 14 տարի կոնսերվացված էին։ Օրինակ՝ ինչպե՞ս երկրաշարժից հետո վերականգնվեց Սպիտակ քաղաքը, կամ աղետի գոտու մյուս բնակավայրերը, ինչպե՞ս է կառուցվել Դիլիջանի թունելը, ինչպե՞ս է ստեղծվել Թումոն, ինչպես է կառուցվել նոր օդանավակայանը, ինչպե՞ս են կառուցվել բազմաթիվ նոր ճանապարհներ և հանգույցներ, զարգացել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Երիտասարդ սերունդը նոր է սկսում տալ այդ հարցերն ու թերևս առաջին անգամ լսում, որ դրանք կառուցվել են Քոչարյանի նախագահության տարիներին։
Եվ նրանք սկսում են համեմատել, օրինակ, որ Նիկոլը երեք տարվա ընթացքում հավաքեց երեք միլիարդ դոլար պետական պարտք, որի արտահայտումը իրենց կյանքում զրոյական է: Հռետորական հարց. որտե՞ղ է Նիկոլի պարտքով վերցրած երեք միլիարդ դոլարը:

9. Մենք պետք է հասկանանք, որ բախվում ենք ոչ այնքան արտահերթ ընտրությունների, որքան՝ արտակարգ, և կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտության առջև, որը կկարողանա վերականգնել կարգը երկրում, արժանապատիվ երկխոսության մեջ մտնել հարևանների հետ և ապահովել երկարաժամկետ խաղաղություն:

10. Ես ուզում եմ հավաստիացնել, որ նոր իշխանությունների ներքո երկրի վերականգնումն ու զարգացումը կընթանան ավելի ինտենսիվ, քանի որ պետությունը կլինի կոմպետենտ, իմաստուն և հայրենասեր մարդկանց ձեռքում:

Առա՜ջ, դեպի ուժեղ Հայաստան»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում պատասխանել է Արմեն Գեւորգյանի գրառմանը

«ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերից մեկում, որը տարածվել է նաև հայրենի մեդիամիջավայրում։ Ի թիվս մի շարք պնդումների՝ պարոն Գևորգյանը նաև նշել է, թե «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ …»։

Հատկանշական և ակնառու է այն հանգամանքը, որ ակնհայտ հանցակազմ պարունակող «համայնքի ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին բացահայտ շանտաժի ենթարկելու», այդ համատեքստում նոր, թերևս ապօրինի քրեական գործեր հարուցելու, «իշխանության կամքին ենթարկվելու պահանջներ ներկայացնելու» մասին պնդումներ անելիս բազմափորձ Ա․ Գևորգյանը դրանք հաստատող որևէ կոնկրետ դեպք, փաստ, անգամ տվյալ չի վկայակոչում՝ մանիպուլյատիվ էֆեկտով փորձելով ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։ Քրեական վարույթները հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։ Իսկ եթե առկա են նմանատիպ երևույթների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստող տվյալներ, յուրաքանչյուրի պարտքն է, անկախ դրանց մասին հանրայնացնելու հանգամանքից, նախևառաջ բոլորին հայտնի իրավական ընթացակարգով դիմելու իրավապահ մարմիններին։ Եվ պարոն Գևորգյանը հիմա էլ կաշկանդված չէ իրեն հայտնի տվյալները (եթե հայտնի են, իհարկե) իրավապահ մարմիններին տրամադրելու հնարավորությունից։

Հակառակ դեպքում նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր։

Իրավապահ մարմիններն ունեն քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջ և այդ պահանջի խախտումն ինքնին արդեն հանցավոր դրսևորում է։

ՀՀ դատախազությունը հստակ հայտարարել է, որ խստագույնս և մեծ պատասխանատվությամբ է մոտենալու առաջիկա ընտրությունների ողջ ընթացքում ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններին՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, բավարար հիմքերի առկայության պարագայում, ապահովելով դրանց իսկության պարզմանը, քրեական գնահատականներ տալուն ուղղված համապատասխան իրավական, քրեադատավարական ընթացակարգեր՝ անկախ նրանից, թե քաղաքական դաշտի որ բևեռին դրանք կվերաբերեն, հասարակական, պաշտոնեական ինչպիսի դիրք զբաղեցնող անձանց կառնչվեն։

Կրկին հիշեցնում ենք, որ այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված է աշխատանքային խումբ, որը պատրաստ է արագ արձագանքելու բոլոր կոնկրետ ահազանգերին։

Ուստի հատկապես ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր սուբյեկտներին, բոլոր անձանց հորդորում ենք ցուցաբերել պատասխանատու վարքագիծ, ձեռնպահ մնալ ցանկացած տիպի անհիմն, չփաստարկված նման հայտարարություններ հնչեցնելու, դրանցով առանց այն էլ լարված մթնոլորտն արհեստականորեն ավելի լարելու գայթակղությունից»։

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ի պատասխան Գոռ Աբրահամյանի գրառման հանդես է եկել հայտարարությամբ

«Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում ոչ թե զբաղված կլիներ լիրիկական և քաղաքական բնույթի իբր պատասխան հայտարարություն տարածելով, այլ պարզապես ելնելով իրենց պարտականություններից՝ քրեադատավարական կարգով ստուգման կենթարկեր նշված տեղեկությունը և ըստ անհրաժեշտության կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ: Ավելին, արդեն հանդես կգար հայտարարությամբ, թե ընդդիմադիր ուժերի «իշխանական աջակիցների» կողմից պաստառների վնասման, առանց հիմքի իրավապահների ճնշումների քանի դեպքերով ինչ գործողություն են կատարվել:

Փոխարենը, կրկին ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս ժամանակավոր իշխանությունը օգտագործում է հնարավոր բոլոր վարչական լծակները և ռեսուրսները քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար, իսկ դատախազությունը պատկերացնում է, որ «Հայաստան» դաշինքը պետք է ստանձնի դատախազության և քննչական մարմինների գործառույթները:

Հիշեցնեմ իբր անկախ և լիրիկական հայտարարություններ անող գլխավոր դատախազությանը, որ հենց իրենք այս երեք տարվա ընթացքում բացառապես քաղաքական հետապնդումների գործիքի են վերածվել, ում նույնիսկ հրապարակավ նախկին վարչապետը հանձնարարականներ է տալիս ու ստանում կատարողական: Հենց նույն դատախազությանը, հիշեցնենք, որ ակնհայտ ապացույցների պայմաններում՝ քննիչների որոշումներ խմբագրող վարչապետի օգնականները վերածվում են բարի կամքի դրսևորողների, իսկ Հայաստանի պետական սահմանը հատողները ոչ մի հարկադրանքի միջոցի չեն ենթարկվում:

Այս շարքը հիմա չեմ ուզում շարունակել և հիշեցնել նույնիսկ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումները, որոնք դատարաններն են արդեն հաստատել, այլ պարզապես շատ հստակ հորդորում եմ՝ մնալ իրավական տիրույթում և չշեղվել իրենց պարտականությունների կատարումից, հենց այս լարված և կարևոր փուլում անհապաղ կատարել իրենց գործառույթները՝ կանխելով հակաիրավական, իշխանությունների վարչական ռեսուրսի կիրառումները և իրավապահների ոչ պատշաճ վարքագիծը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31