«Այս ճգնաժամային պայմաններում, որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ, դա իմիտացիա է, որպեսզի հերթական անգամ մենք մեր ժողովրդին դնենք ավելի խորացված ճգնաժամի մեջ, ավելի բարդ իրավիճակում»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
Նրա վստահեցմամբ՝ դրանք խորացնելու են ճգնաժամը: Նրա բնորոշմամբ՝ այս ընտրությունները շոու են: Անառողջ մոտեցում է, որ 20-ից ավելի ուժեր ցանկանում են գնալ ընտրությունների:
Արա Աբրահամյանը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է բոլոր իշխանություններին: Նա մանրամասնեց. «Այս ճգնաժամային վիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած այսօրվա իշխանությունները: Ի՞նչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ է փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ ժառանգություն է թողել Ռոբերտ Քոչարյանը երրորդ նախագահին, ի՞նչ ժառանգություն է թողել նա Սերժ Սարգսյանին: Որո՞նք են այդ արժեքները, ռուսերեն ասած՝ այդ «զավետները», որ մենք պետք է շարունակեինք: Ի՞նչ փոխանցեց երրորդ նախագահը այսօրվա իշխանություններին և ինչի՞ բերեցին այսօր մեր իշխանությունները: Չեմ կարողանում բառեր գտնել, ձեզ փոխանցել՝ տեսնելով այս ամենը»:
Խոսելով ներկայիս կառավարության մասին՝ Արա Աբրահամյանն ասաց. «Այսօրվա կառավարությունը, որը պարտվել է, ճգնաժամի հիմնական պատասխան տվողներից մեկն է: Սա գիտեք՝ ոնց որ պետություն չլինի, այլ ինչ-որ խաղ: Մի մարդ պատասխանատվություն է վերցրել իր վրա, որ ոչնչից գաղափար չունի»:
Կարդացեք նաև
Արա Աբրահամյանը տեղեկացրեց՝ եղել է սահմաններում, զինվորականների հետ է խորհրդակցել, ժողովրդի հետ է խոսել: Մարդիկ չգիտեն՝ ի՞նչ են անում, ո՞ւր են տանում իրենց, անորոշության մեջ են: Ոչ մեկ չգիտի՝ ինչ ընտրություններ են, ում ընտրեն: Ըստ Արա Աբրահամյանի՝ այս ընտրություններն արվում են, որ պատրաստվենք նոր պատերազմի. «Ի՞նչ ընտրություն, ո՞ւմ համար, այսօր դա շահավե՞տ է մեր ժողովրդի համար, այսօր դա մեր սահմաննե՞րն է հաստատում: Դա արվում է, որ պատրաստվենք նոր խնդիրների, նոր պատերազմի: Մենք ամեն պայման ստեղծում ենք, որ իրենք մեզ հերթական անգամ արժեզրկեն: Արդեն Ղարաբաղն իրենցն է, հիմա էլ Հայաստանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ