Գարնանային այս օրերին ամեն քայլափոխի մեզ կարծես ժպտում են հյութեղ ելակով բեռնված վաճառակետերը՝ մի փոքր հակասություն ստեղծելով մեր մտքերի գորշության ու իրենց վառ գույների գրավչության միջև․․․
Եվ երբ կարմիրի, վարդագույնի ու ծիրանագույնի գրավչությունը հաղթում է գորշությանն, ու մենք տուն ենք շտապում՝ մտքում որոշելով՝ ելակով տորթ թխե՞նք, թե սմուզի պատրաստենք, օրվա հոգսը կարծես մի պահ անէանում է՝ իր տեղը զիջելով սպասվելիք թարմությանը։
Իսկապես, ելակը և մյուս բոլոր հատապտուղները առանձնահատուկ գույներ են հաղորդում մեր կյանքին և ոչ միայն իրենց հրապուրիչ տեսքի ու համի շնորհիվ, այլև՝ բաղադրության։ Հատապտուղները վիտամինների, հանքանյութերի, հակաօքսիդանտների և հնարավոր բոլոր սննդանյութերի անհատակ գանձարան են, կարելի է ասել՝ բնությունը ոչ մի վայրկյան չի հանգստացել՝ ստեղծելով այդ պտուղները։
Կարդացեք նաև
Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով․
Հատապտուղներն օժտված են հակաօքսիդանտային հզոր ազդեցությամբ
Հատապտուղների կարևորագույն հատկություններից մեկը հակաօքսիդանտային հզոր ազդեցությունն է, որն օգնում է վերահսկել ազատ ռադիկալների ակտիվությունն ու պայքարել բորբոքային գործընթացների դեմ։ «Authority Nutrition» կայքում կարդում ենք․
«Ազատ ռադիկալներն անկայուն մոլեկուլներ են, որոնք համարվում են նյութափոխանակության արգասիքներ։ Օրգանիզմում կարևոր է ազատ ռադիկալների որոշակի քանակություն ունենալը՝ բակտերիաներից ու վիրուսներից պաշտպանվելու համար։ Սակայն դրանց ավելցուկը կարող է քայքայել բջիջները։ Հակաօքսիդանտներն օգնում են չեզոքացնել այդ միացությունները»։
Ինչպես պարզվել է, ելակը, հապալասն ու հաղարջը նպաստում են օքսիդատիվ սթրեսի նվազեցմանը։ Օքսիդատիվ սթրեսը թթվածնի ռադիկալների կուտակումն է բջջում, որը կարող է հանգեցնել վաղաժամ ծերացման, մուտացիաների ու քաղցկեղի առաջացման։ Այդպիսի ռադիկալների չեզոքացմանն էլ նպաստում են հակաօքսիդանտները։
Հատապտուղների կազմում առկա առավել կարևոր հակաօքսիդանտներից են անտոցիանները, ֆլավոնոլները, էլլագաթթուն և ռեսվերատրոլը, որոնք, ինչպես հաստատում են հետազոտությունները, օգնում են պաշտպանել բջիջներն ու պայքարել հիվանդությունների դեմ։
Ելակը, հապալասը, հաղարջը, ազնվամորին ու լոռամրգին համարվում են կենսաբանորեն ակտիվ միացությունների լավագույն աղբյուր, այսպես ասած՝ «սուպերֆուդ»։ Հակաօքսիդանտային այդ միացությունները պաշտպանում են սիրտը, և երբ դրանք օգտագործվում են բավարար քանակությամբ, ապա կարող են կանխարգելել կամ թեթևացնել այնպիսի հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են բորբոքային հիվանդությունները, շաքարախտը, նեյրոդեգեներացիան և անգամ քաղցկեղը։
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ հապալասը, հաղարջն ու ելակը բոլոր մրգերից ավելի շատ են օժտված հակաօքսիդանտային ազդեցությամբ․ այս հատապտուղների կողքին մրգերից հպարտորեն կարող է կանգնել միայն նուռը։
Դրանից բացի կապույտ հապալասը պարունակում է այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են ճանաչողական ունակությունների բարելավմանը, ինչպես նաև նեյրոդեգեներատիվ օքսիդատիվ սթրեսի նվազեցմանը։
Իտալիայում անցկացված հետազոտություններով պարզվել է, որ 2 բաժակ հապալասը պաշտպանում է ԴՆԹ-ն վնասվածքներից։ 10 երիտասարդի այդ քանակով հապալաս ու «պլացեբո» է տրվել, մինչ այդ և դրանից հետո նրանք արյան անալիզ էին հանձնել։ Ինչպես պարզվել է, երիտասարդների այն խմբի շրջանում, որը հապալաս էր ճաշակել, մեկ ժամվա ընթացքում արյան մեջ բարելավվել էր ԴՆԹ-ի պատկերը։
Եվս մեկ փորձարկման արդյունքներով 31 առողջ մարդ մեկ ամիս շարունակ ելակի խյուս էր կերել, որից հետո պարզվել էր՝ նրանց մոտ հավասարվել է օքսիդանտների ու հակաօքսիդանտների մակարդակը։
Հատապտուղները վիտամինների ու հանքանյութերի հարուստ աղբյուր են
Բոլոր հատապտուղները մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում․ օրինակ մեկ բաժակ ելակը պարունակում է վիտամին C-ի օրական նորմայի 150 տոկոսը։ Դրանք հարուստ են A, K, B խմբի վիտամիններով, մասնավորապես ֆոլաթթվով, ինչպես նաև մանգանով, մագնեզիումով, ցինկով, կալիումով և այլ անհրաժեշտ հանքանյութերով։
Հատապտուղների ևս մեկ կարևոր առավելություն՝ դրանք շատ ցածր կալորիականություն ունեն։
Եվս մի քանի փաստ, որոնք հաստատում են՝ հատապտուղներ գնելու համար ծախսված գումարը ներդրում է առողջության համար․
- Հատապտուղները բարելավում են արյան մեջ շաքարի մակարդակը և ինսուլինի նկատմամբ ռեակցիան, անգամ երբ օգտագործվում են ածխաջրերով հարուստ մթերքների հետ։
Հետազոտություններից մեկով պարզվել է, որ որոշ սննդանյութերի լիովին կամ մասնակի բացակայությունը կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ առողջության վրա։ Սննդանյութերի անբավարարությունը վնասակար ազդեցություն կարող է ունենալ մակերիկամների գործառույթների վրա՝ մեծացնելով արյան մեջ կատեխոլամինների (կատեխոլամինները նեյրոհաղորդիչներ են՝ ինչպես ադրենալինը կամ դոֆամինը, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա) քանակը՝ միաժամանակ ճնշելով ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը։
Հատապտուղները օրգանիզմը սննդանյութերի պակասից առաջացած սթրեսից պաշտպանող հիանալի տարբերակ են։
- Հատապտուղները մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում՝ ներառյալ չլուծվող մանրաթելեր, ինչի շնորհիվ ավելի երկար է պահպանվում հագեցվածության զգացումը, կարգավորվում է մարսողական գործընթացն ու աղիների միկրոֆլորան։
- Հատապտուղները շատ օգտակար են մաշկի համար, կանխում են վաղաժամ կնճիռների առաջացումն ու նվազեցնում մաշկի վրա ազատ ռադիկալների բացասական ազդեցությունները։
Հատապտուղների բաղադրությունում առկա միացությունները արգելակում են կոլագենը քայքայող ֆերմենտների արտադրությունը, իսկ կոլագենը, ինչպես հայտնի է, մաշկի առաձգականության կարևորագույն գրավականն է։
- Հատապտուղները հակաքաղցկեղային ազդեցություն ունեն անտոցիանինի, էլլագաթթվի ու ռեսվերատրոլի պարունակության շնորհիվ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին դրական է անդրադառնում հաստ աղիքի, իսկ ելակը՝ լյարդի քաղցկեղ ունեցող մարդկանց առողջության վրա։
- Հատապտուղները դրական ազդեցություն են գործում սրտի ու անոթների գործառույթների վրա։ Արյունատար անոթների էնդոթելային բջիջներն օգնում են կարգավորել զարկերակային ճնշումն ու կանխել թրոմբների առաջացումը։
Բորբոքումը կարող է վնասել այդ բջիջները, սակայն հատապտուղները դրսևորում են դրական ազդեցություն էնդոթելային բջիջների վրա՝ ինչպես առողջ, այնպես էլ սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում։
Լոռամրգին, ասաի պտուղները, ելակը, հաղարջն ու կապույտ հապալասը սրտի համար ամենաօգտակար հատապտուղներն են, քանի որ մեծ քանակությամբ ֆենոլներ, ֆլավոնոիդներ ու անտոցիանիններ են պարունակում։
Բացի վերը թվարկված հատապտուղներից աշխարհում հարյուրավոր հատապտուղներ կան, որոնք մեզ այնքան էլ հայտնի չեն, սակայն ոչ պակաս օգտակար են։
Մենք կանդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք թեև տարածված չեն, բայց ցանկության դեպքում կարող ենք գտնել հայկական շուկայում։
Վառ կարմիր գոջի հատապտուղներն աճում են Նեպալում և Տիբեթում և հնուց ի վեր կիրառվում են ավանդական բժշկության մեջ՝ որպես երկարակեցության, ուժի, լավ տրամադրության եւ սեքսուալ էներգիայի աղբյուր։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գոջի հատապտուղներն օգտակար են շաքարախտի դեպքում, պաշտպանում են սիրտը, օգնում բարելավել սեռական գործառույթները, գլխուղեղի աշխատանքը և տեսողությունը։
Կոկռոշենու պտուղները, որոնք հայտնի են իրենց թթու, տտիպ համով, հարուստ են բջջանյութով, կալիումով, վիտամին C-ով։ Կոկռոշի պտուղների՝ պարբերաբար օգտագործումը խորհուրդ է տրվում նյութափոխանակության խախտումներ ու ավելորդ քաշ, աղեստամոքսային ուղու հիվանդություններ ունեցող մարդկանց։
Կոկռոշի պտուղները շատ օգտակար են սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդների համար, այդ թթու, խոշոր պտուղները նաև կարգավորում են զարկերակային ճնշումը։
Իհարկե, կարծում ենք` ավելորդ է հիշեցնել, որ ինչպես մրգեր և բանջարեղեն, այնպես էլ հատապտուղներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ օրգանական տեսակներին ու տեղական մթերքներին, քանի որ բնությունն ամենից լավ գիտի, թե իր հողում ապրող մարդուն առաջնահերթ ինչ սննդանյութեր են հարկավոր։
Հ․ գ․ Ի դեպ, ասում են, որ հատապտուղ ճաշակելու ամենահամեղ տարբերակը մի մեծ բուռ վերցնելն ու ամբողջ բերանը դրանցով լցնելն է․ գուցե դա այնքան էլ էսթետիկ տեսք չունենա, բայց մանկական ջերմ հիշողությունները երաշխավորված կլինեն։ Այնպես որ օրական երկու բուռ հատապտուղը կամ ճիշտ պատրաստված թուրմն ու խյուսը լավ երաշխիք կլինեն, որ դուք հնարավորինս երկար տարիներ վառ պահեք ձեր մանկական հիշողությունները։
Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պատրաստելիս օգտագործվել են տեղեկություններ հետևյալ աղբյուրից