«Եթե այս վիճակը խորանա, չեմ բացառում, որ ոչ մի ընտրության էլ չհասնենք»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) 3-րդ համագումարին հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա տեղեկացրեց՝ այս համագումարը պետք է լիներ մեկ շաբաթ առաջ, երբ մեր թշնամին ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, որոշեցին չեղարկել:
Էդմոն Մարուքյանը նշեց՝ հետո տեսանք՝ համագումարը համագումարի հետևից տեղի է ունենում, ուստի հասկացանք, որ այլևս այս ընտրությունների գնացքն առաջ է շարժվում: Սահմանային իրավիճակի մասին իրենց դիրքորոշման մասին ասաց. «Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պիտի դուրս գան ՀՀ տարածքից: Այո, սահմանային հարցերը կարող են քննարկվել ապագայում, դրանք չենք կարող քննարկվել բռնության, սպառնալիքի ուժի ներքո: Մեզ ասում են՝ ինքնաձիգը դնենք ձեր գլխին ու այդպես քննարկենք՝ սա ձեր սահմա՞նն է, թե՝ մեր: Ըստ նրա՝ պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այս տարածքից. կրակելը վերջին հանգրվանն է»:
Ըստ նրա՝ մյուս թշնամին ատելությունն է. «Լուսավոր Հայաստանն ամեն ինչ անում է, որ ատելությունը մեր ժողովրդի մեջ տեղ չգտնի»: Անդրադառնալով Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես վերջնական փաստաթուղթը չեմ տեսել, բայց գործընթացներ են ընթացել, առանց մեր իմացության: Եթե այս վիճակը խորանա, չեմ բացառում, որ ոչ մի ընտրության չհասնենք: Եթե ամեն օր պետք է ադրբեջանական զինուժի թիվը Հայաստանում շատանա, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը»:
Խոսելով եղած իրավիճակի պատճառների մասին՝ նա ասաց. «Հեղափոխությունը, որը 2018-ին է տեղի ունեցել, դա այսօրվա իրավիճակի հետ ոչ մի կապ չունի: Ոչ մի կապ չկա, որ հեղափոխություն է եղել, դրա համար վատ է այսօր ամեն ինչ: Նման կապ գոյություն չունի: Սխալն այնտեղ է եղել, որ ժողովուրդը, երբ հեղափոխությունն արել է, վստահել է դրա կապիտալիզացիան մարդկանց մի խմբին, որոնք չեն ունեցել դրա շնորհքը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ