Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված «Արցախի բանալին» արվեստաբանական մի շարք հարցեր է առաջացնում

Մայիս 22,2021 23:30

Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի, կամ ինչպես ընդունված է ասել «Տատիկ-Պապիկի» տարածքում տեղադրվել է «Արցախի բանալին», որը արվեստաբանական մի շարք հարցեր է առաջացնում, թե ինչպիսի սիմվոլիկա է նկատի առնվել ճարտարապետական լուծումներ տալու ժամանակ:

Մասնագետների խոսքով՝ այն հայկականության հետ ոչ մի աղերս չունի և միայն տառերն են հայերեն:
Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի խոսքով՝ ինը թև ունեցող ինչ-որ զարդ է պատկերված, որը ոչ հրեական է, և ոչ էլ Դավթի աստղն է. վերջին երկուսը ունենում են վեց թև:

«Բանալու ծայրի շրջանակի մեջ վերցված է 9 թևանի աստղ (հատուկ է Բահաիզմի կրոնին):

Հայկական աստղը 8 թևանի է` կենտրոնում հիմնականում արվում է հավերժության նշան: Կիրառվել է նաև վեց թևանի աստղը, որն ընդունված է անվանել «Դավթի աստղ»․ այն համարվում է հրեական սիմվոլիկա, սակայն կիրառական հիմքով շատ տեղերում հանդիպում է մեր հայկական մշակույթում: Կապը շատերը «քարշ» տվեցին դեպի Հասան-Ջալալյան հայկական իշխանական տան հիմքեր, սակայն անժխտելի է, որ Հասան-Ջալալյանների տոհմական զինանշանի վրա վեց թևանի աստղ է, որը կրկնվում է նաև Ջալալ Ա-ի (Հասան-Ջալալ) տապանաքարի վրա` Գանձասարի վանական համալիրում նույնպես վեց թևանի աստղ է՝ կենտրոնում հավերժության նշան»,-մեզ հետ զրույցում ասել է արվեստագետ, բանահավաք Վահե Քոթանյանը։

Վահե Քոթանյանը, վերլուծություն կատարելով նաև պատմական աղբյուրների հիմքով, շարունակում է․ «Անցնենք հաջորդ սիմվոլիկային, որը բազմազգ խորհրդանիշ է համարվում: Համաշխարհային սիմվոլիկայի աշխարհում հայտնի է որպես «Ֆատիմի ձեռք» կամ «Խամսա-Համսա» անվամբ, բայց իհարկե սիմվոլիկայի բազմազգության մեջ չի մտնում Հայաստանը և հայկական սիմվոլիզմը: Իսլամում`«Ֆատիմի ձեռք»-ի խորհուրդն է, հրեաների մոտ` Մովսեսի քրոջ` Մարիամի ձեռքն է, հինդուիզմում` որպես հաջողության նշան, Եգիպտոսում` Խամեշի (Խամսայի) ձեռքն է, բուդդիստների մոտ` աստվածուհի Տարոյի ձեռքն է»,-ներկայացնում է Քոթանյանը՝ ավելացնելով, որ բոլոր թվարկված երկրներում և կրոններում այն ունի չարին վանելու, չարից պաշտպանելու խորհուրդ:


Իսկ բանալու կենտրոնում տեղակայված «աչքը»՝ արվեստագետի բնորոշմամբ «աչքով տալու» սնոտիապշտական ծիսատարի նախահիմք է` հայտնի հավի աչք, Նազար և անգամ Սատանայի աչք անուններով, մասոնական միջավայրում որպես ամենատես աչք` Հորուսի աչքը:

Այս սիմվոլիկայի հայկական ծագումը հերքելուց հետո Վահե Քոթանյանի հետ անդրադարձանք բանալու ներքևի հատվածում փորագրված «ՀՈւՌՈւԹՔ» բառին:

«Հուռութ բառի առաջին ասոցիացիան Շամիրամի հուռութներն է, որը կախարդական հմայիլ ուլունքաշար էր: Ստորև ներկայացնում եմ հուռութ բառի բացատրությունը ըստ բառարանի՝ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969․

1․ հմայություն, հմայանք, կախարդություն, (սնոտ․) հմայությամբ չար աչքից՝ փորձանքից և այլնից պահպանող իր, որ մարդիկ կրում էին իրենց վրա, հմայակ, համայիլ, 2. տե՛ս հմայիլ, հմայակ»,-ասում է նա:

Արվեստագետ Վահե Քոթանյանի խոսքով` այս քանդակը ոչ մի ընդհանրական սիմվոլիկ կապ չունի Հայաստանի և հայ մշակույթի հետ, այն բառի բուն իմաստով հավաքածու է տարբեր կրոնական ծիսատարրերի ու խորհրդանիշների, որոնց ընդհանուր կապը հմայությունն է, չարից պաշտպանող սիմվոլիկայով և մոգությունը:

-«Արվածը մշակութային լավություն չէ, սա չմտածված, միգուցե կամ «մտածված» վատություն է»,-եզրափակեց զրուցակիցս:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ համացանցից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31