«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ԳՄ պատասխանատու Արա Զոհրաբյանը «5165» շարժման և «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հրավիրած շտապ հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց՝ երկու շարժումները միավորվում են և ստեղծում Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտե: Նպատակն է օժանդակել ՀՀ անվտանգության ապահովմանը: Կոմիտեն ապաքաղաքական հարթակ է: Այս հարթակը միավորելու է տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց:
Հանրահավաքի ընթացքում ներկայացվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի պահանջը ՀՀ ժամանակավոր կառավարությանը, որտեղ մասնավորապես ամրագրված է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար հանդես եկող Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ՀՀ անունից Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի ՀՀ տարածքային ամբողջականությանը»: Պահանջը ներկայացվելու է ՀՀ կառավարությանը և ՀՀ նախագահին:
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հարթակից տեղեկացրեց՝ վաղվանից կոմիտեն մեկնելու է սահման, անձամբ տեսնելու, թե ինչ խնդիր ունի հայ զինվորը: Նա վրդովվեց, որ զինվորների նամակներից երևում է` ուղարկված օգնության մեծ մասը տեղ չի հասել: Այս առիթով մանրամասնեց. «Ուղղակի սոսկալի է: Զինվորների ներկայացրած ցուցակները ապացուցում են, որ այն ահռելի օգնությունը, որ սփյուռքից ուղարկվեց, այստեղ հավաքվեց, զինվորին չի հասել: Այսօր զինվորն անգամ կոշիկ ու հագուստ չունի, չունի անգամ տարրական միջոցները: Պահանջելու ենք, որ բացեն պահեստները»:
Նա հիշեց իր ու զինվորների զրույցները ու փաստեց. «Այդ զինվորն էր, որ ոգևորությամբ գնաց կռիվ, այդ զինվորն էր, որ ամբողջ աշխարհին զարմացրեց, որ պլանավորված չորս օրվա պատերազմը դարձավ 44 օր, երբ ապշած էին, որ ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակի՝ Թուրքիայի բանակի դեմ մեր հայ զինվորը պայքարում է: Մենք պարտք ունե՞նք այդ զինվորի առաջ»: Նա հայտարարեց՝ ուզում է՝ բոլորը հավատան, որ այդ նույն զինվորն է կանգնած սահմանին, որից զենքը խլել են ու թույլ չեն տալիս կրակել, նրան ենթարկում են թուրքի ծաղրին և հալածանքին:
Կարդացեք նաև
Կարին Տոնոյանը շեշտեց՝ նրանց պատիվը պարտավոր ենք պահել, այն զինվորների պատիվը, որոնք սահմանին կանգնած մեզ պաշտպանում են:
Այնուհետև վրդովվելով ասաց. «Մի կրծող կենդանի, որ այսօր իշխանության թիկունքում է, բոլորդ գիտեք՝ ում մասին է, առանց ամոթի հայտարարում է, թե զինվորը հենց մեռնելու համար է: Պատասխան եք տալու ամեն բառի համար, այն զինվորի համար, որ հիմա զենքը բռնած չի կարող կրակել»:
Կարին Տոնոյանն ասաց՝ ուզում է, որ իրենց կողմից ստեղծված կոմիտեին՝ սահմանների պաշտպանության աջակցության գործում, արձագանքեն բոլորը: Նա ահազանգեց՝ հայրենիք ենք կորցնում, որից հետո այլևս ոչինչ ասել պետք չէ: Հայաստանն էլ համեմատեց մի զավակի հետ, որին ով որ կողմ ուզում, քշում է: Դիմելով մայրերին՝ ասաց. «Հայաստանին այսօր մայր է պետք: Հայ մայրե′ր, պետք է սիրենք Հայաստանին: Թույլ կտայի՞նք, որ մեր զավակին այդպես վերաբերվեին: Մենք՝ մայրերս, պետք է մեր զավակ տղամարդկանց հորդորենք, որ թույլ չենք տալու` այս պաշտոնանկ վարչապետ կոչվածը հանդգնի անգամ ստորագրել այդ թուղթը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ